Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւական քննություն

Մայիս 01,2007 00:00

\"\"Որոշ դպրոցների տարրական դասարաններում կանցկացվեն ստուգումներ՝ օտար լեզվից

Հայաստանի հանրակրթական դպրոցների 3-րդ դասարանի աշակերտները հունիսի 2-ին կհանձնեն հայոց լեզվից (մայրենի), իսկ հունիսի 5-ին՝ մաթեմատիկայից ավարտական քննություններ, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կիրականացվի գիտելիքների ստուգման ավարտական գործընթաց: Շատ են ծնողների դժգոհությունները, թե դպրոցների տնօրինությունները որոշել են իրենց կամքով եւս մեկ քննություն նշանակել օտար լեզվից: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ԿԳ նախարարությունում տեղյակ են այս մասին: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Այդպիսի բան կրթակարգով նախատեսված չէ, կարծում եմ՝ կարիք էլ չկա: Տարբեր առարկաներից մայիսին անցկացվելիք համադպրոցական գրավորները լրիվ բավարար են երեխաների գիտելիքները ստուգելու համար: Այս մասին դպրոցը տեղյակ է»: Ն. Հովհաննիսյանը համոզված է, որ լրացուցիչ ստուգումներով երրորդ դասարանի երեխան ծանրաբեռնվում է, սակայն մյուս կողմից էլ ընդունում է, որ այդպիսով գուցե կնպաստեն կրթական որակի բարձրացմանը: Որոշ ծնողներ էլ կարծում են, որ «ձեւական» քննությունը ուսուցիչների համար եւս մեկ հնարավորություն է «փող աշխատելու եւ նվերներ ստանալու»:

Մեր տեղեկություններով, օրինակ, Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում մոտավորապես այսպիսի նմուշ են մշակել անգլերենի «քննության» համար. երեխաները եզակի գոյականները պետք է դարձնեն հոգնակի, ածականների համեմատական աստիճան կազմեն, գրեն տրված բայերի անցյալ ժամանակաձեւերը, նախադասություններ կազմեն ներկա շարունակական ժամանակաձեւով եւ այլն:

Դպրոցներից որոշները չժխտեցին այն փաստը, որ նախատեսել են ինչ-ինչ ստուգումներ իրականացնել: «Առանձնապես խստորեն չենք մոտենալու այս գործընթացին: Դասալսումների միջոցով ուղղակի ստուգելու ենք երեխաների՝ օտար լեզուներով ընթերցանությունը»,- ասաց Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցի տնօրեն Սվետլանա Հեքիմբաշյանը: Իսկ թիվ 161-ում շատ խիստ են մոտենալու հարցին: «Դեռ 70-ականներից իրականացնում ենք անգլերենից ավարտական ստուգումներ: Այնպես որ, եթե կան ծնողներ, ովքեր չեն ուզում իրենց երեխաներին ծանրաբեռնել, կարող են ուրիշ դպրոց տանել: Մյուս կողմից էլ, աշակերտների գիտելիքների հանդեպ խստապահանջ լինելով՝ ուզում ենք ծնողների վստահությունը շահել: Նրանք պետք է համոզված լինեն, որ մեր դպրոցում նույնքան լավ են ուսուցանում, որքան վարժարաններում»,- ասաց Գ. Նժդեհի անվան թիվ 161-ի տնօրեն Մուշեղ Սինամյանը:

«Հաճախ ծնողներն իրենք են ցանկություն հայտնում, որ երեխաների գիտելիքները ստուգվեն: Ինչ վերաբերում է օտար լեզվին, ապա վերջինիս ընթերցանությունը ստուգելիս, ուշադրություն ենք դարձնելու, որ երեխան սահմանված կարգի համաձայն մեկ րոպեում համապատասխան քանակով բառեր արտասանի: Այնպես որ, մեր պահանջներն առանձնապես բարդ չեն»,- ասաց Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցի տնօրեն Կարինե Բաբայանը: Կան դպրոցներ էլ, որոնց համար նախարարության մշակած կարգը «օրենք» է: «Ըստ ԿԳՆ մշակած կարգի՝ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու իրավունք չունենք, ուստի պիտի հետեւենք կարգին»,- վստահեցրեց Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցի տնօրեն Վաչագան Սարգսյանը: Բայց սա չի նշանակում, որ այս դպրոցի 3-րդ դասարանցիների օտար լեզվաիմացությունը չի ստուգվի: Ուղղակի դա կարվի ոչ թե մի քանի անգամ, այլ մայիսյան համադպրոցական գրավորների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել