Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՇԻՆՔԻ» ՔԱՐՈԶԱՐՇԱՎ «ՊԱՌԱԴԸ»

Մայիս 01,2007 00:00

\"\"Գյումրեցիները Սամվել Բաբայանին դիմավորեցին փուչիկներով, դրոշակներով ու զարդարված մեքենաներով

Շաբաթ օրը Գյումրիի տեքստիլագործների ակումբում «Դաշինք» կուսակցության լիդերին տեսնելու էր եկել գրեթե ողջ քաղաքը եւ ոչ միայն այն պատճառով, որ վերջինս գյումրեցիների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող անձ է, այլեւ ժողովրդին անվճար ավտոբուսներ էին տրամադրել հանդիպման վայր հասնելու համար: Հիշեցնենք, որ Գյումրիում «Դաշինք» կուսակցության մեծամասնական ցուցակում առաջադրված թեկնածու Մարտուն Գրիգորյանը Երեւան-Գյումրի գիծը սպասարկող «Տրանս- ակնթարթ» ընկերության սեփականատերն է: Վերջինս էլ իր շեֆի՝ Սամվել Բաբայանի հանդիպումը ճոխ ու «բարձր մակարդակի» դարձնելու նպատակով ոտքի էր հանել իր ձեռքի տակ եղած գրեթե բոլոր միկրոավտոբուսները, ավելին՝ նրա մասին ֆիլմ էր պատվիրել, որը առաջին անգամ ցուցադրվեց Տեքստիլագործների ակումբում եւ որը գյումրեցիների գովքն էր՝ ուղղված գեներալին: Գեներալը «ազատ մթնոլորտը», ժողովրդի հետ կենդանի շփումը, հարց ու պատասխանը գերադասեց իր դարն ապրած ամբիոնային ճառերից: «Բոլոր դժբախտությունները, բոլոր պրոբլեմները միշտ փորձում ենք ուրիշների վրա բարդել, ինքներս ենք մեղավոր, որովհետեւ ամեն մի ընտրություններում փորձում ենք ծանոթ- բարեկամով, գումարներով, տարբեր ձեւերով ընտրություններ կայացնել: Մենք փորձելու ենք տնտեսական հարցերը ավելի նոր հայացքներով, նոր տեսակետներով հասկանալ տեղում, մենք երիտասարդներին ենք տեղ տալու: Մենք ընտրում ենք պատգամավոր ոչ թե նրա համար, որ նա խոստումներ տա, թե կտուրները կվերանորոգի կամ ճանապարհ ու ջրամաբարներ կկառուցի, այլ պետությունը կայանում է օրենքներով, մենք ընտրում ենք պատգամավոր օրենսդրական դաշտը ձեւավորելու համար: Երբ մարդիկ խոստանում են երկու, երեք, չորս, հինգ անգամ աշխատավարձ բարձրացնել, ապա ես մի հարց եմ ուզում տալ. ո՞վ էր խանգարել նրանց մինչեւ այսօր: Նրանք, ովքեր անընդհատ խոստացել են ու ոչինչ չեն արել, պետք է փոխեք նրանց, պետք է ընտրեք ավելի նոր մարդկանց, նոր հայացքներով»,- կարճ ելույթ ունեցավ Սամվել Բաբայանը՝ անցնելով հարց ու պատասխանի: Իսկ գյումրեցիներին հուզող հարցերը բազմաթիվ էին: Խոսեցին թե անօթեւանության չարչրկված խնդրից, թե գյումրեցի մտավորականների ծանր սոցիալական վիճակից, թե սոցապների կոռումպացվածության մասին: Հնչած հարցերից ամենասուրը, որը շատ դուր եկավ դահլիճին՝ հետեւյալն էր. «Մենք աղետի գոտում ենք, երրորդ թե չորրորդ տարին է՝ աղետի գոտու բնակարանային շինարարության համար պետությունը փող չի հատկացնում, մեր քաղաքում 4300 ընտանիք բնակարան չունի, անտուն է: Շատ լավ կհասկնամ, պետությունը փող չունի, բայց Ծաղկաձորում ճոպանուղի սարքելու համար կարելի՞ է չորս միլիարդ տալ, ճոպանուղի՞ն է թանկ, թե՞ մեր քաղաքը»,- դժգոհեց մի ծերունի: «Որ պետությունը փող չունի եւ պետական բյուջեից փող չի հատկացվում, ես ձեզ հետ համաձայն չեմ, եթե պատգամավոր ենք ընտրում քաղաքից ու խորհրդարան ենք ուղարկում, պետք է իմանան՝ ի՞նչ են անելու»,- ասաց Սամվել Բաբայանը՝ նշելով, որ ինքը խոստում չկատարելու բնավորություն չունի եւ ընտրվելու դեպքում անձամբ է գտնելու ծերունուն ու ցույց տալու, որ իր խոսքի տերն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել