Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ԺՈՒԿ-ին բոյկոտեցին

Մայիս 01,2007 00:00

\"\"Կուսակցության անդամները գյումրեցիներից հույսները կտրեցին

Շաբաթ օրը «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը քարոզարշավ էր կազմակերպել Գյումրի: Սովորաբար, անկախ նրանից՝ համակրո՞ւմ են տվյալ կուսակցությանը, թե՞ ոչ, շատ գյումրեցիներ ներկա են լինում քարոզարշավներին՝ հենց միայն նրա համար, որ իրենց վատ ապրելակերպից թեկնածուներին դժգոհեն: Սակայն այս ԺՈՒԿ-ին լսելու՝ անգամ բողոքավորներ չէին եկել: Հրապարակում լրագրողներին էլ հաշված՝ ընդամենը 15-20 մարդ էր հավաքվել: Այդ իրավիճակից կուսակցության անդամները խիստ նեղսրտել էին: Նրանք համոզված էին, որ «սա իշխանական կուսակցությունների կողմից կազմակերպված դավադրություն է եւ ճնշումների արդյունք»: Այդուհանդերձ, ԺՈՒԿ-ի անդամները նախընտրական ելույթներ ունեցան: Լսարան չունենալն այնքան էր ազդել Արշակ Սադոյանի տրամադրության վրա, որ նա ընդամենը 2 նախադասությամբ սահմանափակվեց ու հեռացավ՝ պատճառաբանելով, թե կարեւոր գործեր ունի. «Մեր նպատակն է իսկապես երկիր ստեղծել, այնպես անել, որ թոշակառուները այսքան ծիծաղելի չափի գումարներ չստանան: Կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին՝ իրենց բարեկամ-ծանոթներին տեղյակ պահեն, որ կա այսպիսի ուժ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակով գնում են մարդիկ, որոնք միշտ պայքարում են ու պայքարելու են հանուն մեր երկրի բարօրության»:

ԺՈՒԿ-ի ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Աղասի Արշակյանը նույնպես հիասթափված էր գյումրեցիների ընդունելությունից. «Սիրելի բարեկամներ, մենք մեր հանդիպումներին գալիս ենք թեկուզեւ 5-10 մարդու համար, բայց մենք վստահ ենք, որ նրանք անկեղծ ընտրողներ են, որ կամավոր են եկել հրապարակ, որ նրանց բռնի, ավտոբուսներով չեն բերել»: Մանուկ Գասպարյանն իր ելույթը տեղայնացրեց՝ շեշտը դնելով գյումրեցիների հոգսերի վրա: Նա գյումրեցիների «պասիվությունն» ու անտարբերությունը ԺՈՒԿ-ի նկատմամբ՝ այսպես բացատրեց. «Մենք զուռնա-դհոլ չենք բերել, երգիչներ չենք բերել, ըստ երեւույթին, դրա համար էլ հրապարակում այսքան քիչ մարդ կա»: Ըստ Մանուկ Գասպարյանի, Նովոսիբիրսկում ավելի շատ հայեր կան, քան Գյումրիում, որովհետեւ Գյումրին «վերքերի» մեջ է, տառապում է գործազրկությունից ու անօթեւանությունից. «Ես 5 տարի է՝ լսում եմ 4 հազար թիվը, անօթեւանների քանակը երբեք չի էլ փոխվի, որովհետեւ իշխանությունները զբաղված են թալանով: Ժողովուրդ ջան, 15 տարի է՝ մեզ կեղեքում են: Ասեք մի ձեռնարկություն, որ իշխանությունները այս 15 տարիների ընթացքում բացել են այս քաղաքում: Այսօրվա իշխանությունները խաբեբաներ են, չհավատաք դրանց: Եթե մեզ տաք հնարավորություն՝ կազմել կառավարություն, 2-3 ամսվա մեջ 15 տարվա թալանը կհանեմ-կդնեմ ձեր դեմը, չե՞ք ուզում իմանալ, թե ով ինչ է թալանել, այ մարդ, տվեք հնարավորություն, թալանչիների ցուցակը ձեր դեմը կդնեմ, գոնե բավականություն կստանաք: Այսօրվա իշխանությունների 80 տոկոսը, իմ համոզմամբ, կաշառակերներ են, թալանչիներ, տզրուկի պես նստած են մեր վզին, ճանապարհ դրեք իշխանություններին: Թոշակառուներին ասում են. սպասեք՝ լավ կլինի, 15 տարի հետո ձեր թոշակները կբարձրացնենք, էսօրվա թոշակառուների մեծ մասը 80 տարեկան մարդիկ են, այսինքն՝ ուզում են պրծնել այդ թոշակառուներից: Ասում են՝ կախարդական փայտիկ է պետք թոշակները բարձրացնելու համար, կախարդական փայտիկ իրոք պետք է, բայց իշխանավորների գլխին իջեցնելու համար, որ մտնեն գետնի տակ, տվեք ինձ հնարավորություն՝ անցնեմ կառավարության գլուխ ու կտեսնեք, որ Շիրակի դաշտավայրում ինչքան մկան ծակ կա՝ իշխանավորներից ամեն մեկը 1000 դոլարով առնելու է, որ մտնեն այդ ծակերը»:

ԺՈՒԿ-ի անդամները խոստացան, որ խորհրդարանում մեծամասնություն կազմելու դեպքում մյուս տարվանից նվազագույն կենսաթոշակը դարձնելու են 30 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել