Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ը ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Մայիս 01,2007 00:00

\"\"Քարոզարշավի անցած 3 շաբաթներում նրանք արձանագրել են ընդամենը մեկ խախտում

Հեռուստաեթերի դիտարկմամբ զբաղվում են մի քանի կազմակերպություններ, որոնցից Երեւանի մամուլի ակումբն իր վերջին հաշվետվության մեջ «Ընտրական օրենսգրքի» 22 պրիմ հոդվածի պահպանման առումով խնդրահարույց էր դիտել «քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիuացող եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ անձանց այցելությունների եւ հանդիպումների, նախընտրական միջոցառումներին մասնակցության հեռուստառադիոլուսաբանումը: Այդ հարցերը առնչվում են, ամենից առաջ, ՀՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումների լուսաբանմանը»:

Փորձեցինք պարզել, թե ինչ խախտումներ է արձանագրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որն օրենքով կոչված է հետեւելու քարոզարշավի ընթացքում եթերում օրենսդրության պահպանմանը: ՀՌԱՀ ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչության պետ Հայկ Ավետիսյանը հայտնեց. «ԱԺ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրել ենք մեկ խախտում՝ ապրիլի 19-ին Հանրային հեռուստաընկերության կողմից Մարքսիստական կուսակցությանը տրամադրված անվճար եթերաժամանակը հատկացվել է մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցված Թաթուլ Մանասերյանին: ԿԸՀ մարտի 14-ի թիվ 48 որոշման հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ «Թեկնածուին, համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հեռուստառադիոընկերության կողմից հատկացված եթերաժամը այլ թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ նրանց ներկայացուցչի կողմից օգտագործվել չի կարող»: ԿԸՀ-ն տեղեկացվել է եւ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ»: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ապրիլի 23-ի նիստում քննարկեց այս օրինախախտումը: Եվ նիստին ներկա գտնվող Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը նշեց, որ «դիտողությունը միանգամայն ճիշտ է», եւ հայցեց հանձնաժողովի ներողամտությունը: Նրա պարզաբանմամբ, ինքն անտեղյակ էր եղել եթերաժամն այլ թեկնածուի կամ կուսակցության հատկացնելու արգելքից, ինչպես նաեւ այն փաստից, որ Թաթուլ Մանասերյանը պատգամավորության թեկնածու է: ԿԸՀ-ն ի գիտություն ընդունեց Դավիթ Հակոբյանի պարզաբանումները՝ որոշելով տվյալ դեպքում չհետեւել օրենքին եւ անվավեր չճանաչել այս կոլորիտային կուսակցության գրանցումը:

«ՀՌԱՀ-ի կողմից այլ ընտրախախտումներ չեն հայտնաբերվել,- հայտնեց Հայկ Ավետիսյանը:- ԱԺ համամասնական ընտրակարգով որպես թեկնածու գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների կողմից բողոքներ չեն ներկայացվել ՀՌԱՀ-ին»:

Մինչդեռ ըստ Երեւանի մամուլի ակումբի հաշվետվության՝ ապրիլի 13-ին ԱԼՄ-ի «Օրեցօր» լրատվական հաղորդման սյուժեում ՀԺԿ-ի բացասական հիշատակումը կարելի է օրենքի խախտում գնահատել, քանի որ հեղինակային տեքստում տեղ էին գտել այդ կուսակցության վերաբերյալ գնահատականներ, ինչն արգելվում է «Ընտրական օրենսգրքի» նոր դրույթով՝ 20-րդ հոդվածով: ՀՌԱՀ ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչության պետը մեր հարցին, թե իրենք չե՞ն արձանագրել այս օրինախախտումը՝ այսպես արձագանքեց. «Մենք իրականացնում ենք ընտրանքային դիտումներ: Այսինքն՝ բոլոր հեռուստաընկերություններին միանգամից չենք կարող դիտարկել՝ մեր տեխնիկական հնարավորություններից ելնելով: Ուստի, ինչպես նշեցի՝ մենք միայն այդ մի խախտումն ենք արձանագրել»:

Անգամ ընտրանքային դիտարկման դեպքում պիտի ակնհայտ լիներ, որ օրվա ընթացքում տարբեր հեռուստաընկերություններով անընդհատ հաղորդվում են ՀՀԿ-ի քարոզչական երգերը՝ «Տղերքը հանրապետական», «Քեզ համար Հայաստան» եւ «Ես իմ անուշ Հայաստանի», որոնց հոլովակներում ՀՀԿ առաջնորդների պատկերով կադրեր են, նրանց կարգախոսները եւ այլն: Այս հեռարձակումները չեն ուղեկցվում «քաղաքական գովազդ» լուսագրով: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11 հոդվածի խախտմամբ՝ ո՛չ «քաղաքական գովազդ», ո՛չ էլ «նախընտրական քարոզչական հաղորդում» լուսագրերով չեն ուղեկցվում նաեւ քարոզարշավի ընթացքում հեռարձակվող շատ հարցազրույցներ, բանավեճեր եւ այլն: Մինչդեռ հայտնի է, որ այս օրերին գրեթե ոչ մի նման հաղորդում չի հեռարձակվում անվճար: Մի՞թե չեն արձանագրել նաեւ այս փաստերը՝ հարցին Հայկ Ավետիսյանը պատասխանեց. «Չենք արձանագրել, քանի որ մեր դիտարկումների արդյունքում այդ երգերն ընդգրկված են առանձին հաղորդումների մեջ, ասենք՝ գնում է երգերի շարան, որոնց ընթացքում հնչում են նաեւ այդպիսի երգեր: Այսքանը»:

Մինչդեռ վերջերս անգամ «Համով զրույցի» կամ «Չէին սպասում» հաղորդումների հերոսներն են կուսակցականներ: Եվ էլի բացակայում են համապատասխան լուսագրերը: Սակայն այս ամենն էլ, իհարկե, խախտում չէ՝ ըստ ՀՌԱՀ-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել