Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախն էլի «ավտարիտետ» էր

Մայիս 01,2007 00:00

Ապրիլի 28-ին հերթական սպանությունն է արձանագրվել

Շաբաթ օրը սպանվել է քրեական աշխարհում հայտնի եւս մի թաղային հեղինակություն, որի անունը դարձյալ կապվում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ եւ պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» անվան հետ: Այսպես, ապրիլի 28-ին, ժ. 23:15-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին անհայտ անձի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտաս պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժ. 23:00-ի սահմաններում անհայտ ու դիմակավորված անձը կամ անձինք ավտոմատ ինքնաձիգից կրակահերթ են արձակել եւ սպանել են 1966թ. ծնված, նախկինում սպանության համար դատապարտված Սամվել Նորիկի Շահվերդյանին: Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի է որպես հեղինակություն՝ «Մերգելյանցի Սամվելիկ» կամ «Բարեց Սամվելիկ» մականուններով: «Առավոտի» տեղեկություններով, դեպքի վայրում են եղել Երեւանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հայկ Միլիտոնյանը եւ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ, գնդապետ Էդիկ Մանուկյանը: Մեր տեղեկություններով, զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 10 հատ 9 մմ տրամաչափի ավտոմատի պարկուճներ եւ մեկ հատ գնդակ: Ըստ նախնական տվյալների, սպանությունը կատարվել է թիկունքից, երբ Ս. Շահվերդյանը մոտեցել է այն շենքին, որտեղ բնակվում է: Ըստ հավաստի տեղեկությունների, սպանության պահին նրա հետ է եղել նաեւ հայրը, որի ուղղությամբ, սակայն, կրակ չի արձակվել, եւ նա չի տուժել: Փորձառու իրավապահներից մեկի ասելով, հենց դրանից նաեւ կարելի է եզրակացնել, որ հանցագործները պրոֆեսիոնալ քիլլերներ են եղել: Ս. Շահվերդյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

«Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ, դեպքի վայրից առգրավված փամփուշտները եղել են «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, բայց քանի որ սպանությունը կատարվել է ավտոմատ հրազենով, իրավապահները կարծում են, որ սպանության գործիք հանդիսացող զենքը եղել է «Շմայս» տեսակի ավտոմատ, որն արտադրվում էր 90-ականներին Հրազդանում, եւ որը լիցքավորվում էր հենց «Մակարովի» փամփուշտներով:

Տեղի ունեցած սպանության շարժառիթների մասին հակասական վարկածներ կան, որոնք բոլորն էլ, ըստ ամենայնի, կդառնան նախաքննական մարմնի քննարկման առարկա:

Մեր ունեցած տեղեկություններով, սպանված «ավտարիտետը» 1989թ.-ին կանգնել է դատարանի առաջ սպանության մեղադրանքով, բայց դատարանի կողմից անմեղսունակ եւ հոգեկան հիվանդ է ճանաչվել: Դատարանի վճռով նա ուղարկվել էր ուժեղացված ռեժիմով հարկադիր բուժման եւ գտնվել էր Նուբարաշենի թիվ 6 բաժանմունքում: Սակայն, ինչպես սովորաբար լինում է մեր երկրում, 9 ամիս անց Ս. Շահվերդյանին համարել էին բուժված ու դուրս էին գրել հոգեբուժարանից: Մերգելյանի ինստիտուտին հարող տարածքում «Մերգելյանցի Սամվելիկը» մի քանի սրճարաններ ուներ, իսկ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ «Ալրաղացի Լյովիկի» եւ այսօր արդեն Արաբկիրի թաղապետ Հովիկ Շահինյանի հետ ձեռք ձեռքի տված ակտիվորեն մասնակցել էր ընտրակեղծիքներին եւ ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարին:

Շրջանառվող վարկածներից մեկով՝ նա թեեւ «Հանրապետականի» անդամատոմս չուներ, բայց այս օրերին ակտիվորեն քարոզում էր ՀՀԿ-ին եւ աշխատում էր «Ալրաղացի Լյովիկի» համար: Մեկ այլ վարկածի համաձայն, նա արդեն վաղուց էր «Ալրաղացի Լյովիկի» հետ հարաբերությունները խզել: Դա տեղի էր ունեցել Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, երբ նախկին կեղծարարների թիմը բաժանվել էր երկու մասի: «Բարեց Սամվելիկն» այդ ընտրություններում կանգնել էր Արաբկիրի նախկին թաղապետի նախկին օգնական «Կյաժ Էդոյի» կողքին: Հե՛նց այդ ընտրություններից հետո եւ արդեն վերջերս Ս. Շահվերդյանը սկսել էր աջակցել ԲՀԿ-ին, ու չի բացառվում, որ սպանությունն ուղղակի կամ անուղղակի կերպով դարձյալ ընտրությունների համատեքստում է: Շրջանառվող երրորդ վարկածի համաձայն, Ս. Շահվերդյանը կարող էր առնչություն ունենալ նաեւ «Ռելաքս» դիսկո ակումբում տեղի ունեցած թաղային այլ հեղինակությունների սպանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել