Դիլիջանցիներին ու վանաձորցիներին երեկ վստահեցրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը
«Տղաս, Աստված քեզ ուղարկել է, որ մեր կողքին լինես ու մեր ձեռքը բռնած՝ մեզ տանես դեպի բարգավաճ Հայաստան». ահա այս խոսքերով երեկ Դիլիջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմավորեց դիլիջանցի Պավլիկ պապը, որը «Բարգավաճ Հայաստանին» դիմավորող բազմահազարանոց ժողովրդին խնդրում էր իր համար ճանապարհ բացել, որպեսզի, ինչպես ասաց Պավլիկ պապը՝ «մոտիկից տեսնեմ այս բարի հսկային»: Ահա այսպես, աղուհացով ու աննախադեպ ջերմությամբ դիմավորեցին «Բարգավաճ Հայաստանի» նախագահին ու կուսակցության ներկայացուցիչներին, որոնց երեկվա առաջին կանգառը Դիլիջան քաղաքն էր։ Ինչպես պատմեցին դիլիջանցիները, իրենք դեռ առավոտից էին հավաքվել քաղաքամիջում ու սպասում էին ԲՀԿ ներկայացուցիչներին: Իսկ հանդիպումը իրոք ցնցող էր. տեղացիները նման սրտառուչ հանդիպում հիշում էին մեկ էլ 99-ին, երբ լուր տարածվեց, որ գալիս է Կարեն Դեմիրճյանը: Մարդիկ, որոնք բազմահազար ամբոխի մեջ չէին կարողանում մոտենալ ու բառ փոխանակել կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, բարձրացել էին հարակից տների տանիքների վրա, որպեսզի այնտեղից տեսնեն այն մարդուն, որի մասին Դիլիջանում արդեն լեգենդներ են շրջում: Եվ չնայած ոչ բարենպաստ եղանակին, դիլիջանցիները բաց երկնքի տակ կանգնել էին ու չէին մտնում հանդիպման համար նախատեսված դահլիճը: «Մենք անձրեւի տակ էլ կթրջվենք, մենակ թե «Բարգավաճ Հայաստանի» ու Ծառուկյանի ձեռքը մեր գլխից անպակաս լինի»,- իրենց դահլիճ հրավիրողներին ասաց նախկին ուսուցիչ Արամազդը:
Ջերմ ու հուզիչ հանդիպումը շարունակվեց նաեւ փակ տանիքի տակ, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահն ու կուսակցության ներկայացուցիչները կրկին անգամ վստահեցրին, որ իրենք գալիս են ժողովրդի կողքին կանգնելու ու ժողովրդի վստահության քվեն ունենալով իրենց թիկունքում՝ բարգավաճ Հայաստան կառուցելու համար: Ինչպես ասաց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ինքը երբեք եւ ոչ մի անգամ իր ոչ մի գործ կիսատ չի թողել եւ ժողովրդի աննախադեպ այս վստահությունը, մարդկանց աչքերի այս լույսն ու հավատը սրբորեն պահել-պահպանելու է: «Մենք փող չենք բաժանելու, մենք փողով ձայն չենք գնելու։ Մենք ասում ենք՝ մենք պատրաստ ենք եւ կարող ենք կառուցել բարգավաճ Հայաստան, ու եթե դուք մեզ վստահեք, մենք ձեր վստահությունը երբեք չենք կորցնի, եւ ես միշտ բաց ճակատով եմ նայելու ձեր աչքերին»,- դիլիջանցիներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ով ներկա էր դիլիջանյան այդ հանդիպմանը, անկեղծորեն խոստովանում էր, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ իրենք կրկին զարթնել են հուսահատության ու անտարբերության թմբիրից եւ կրկին հավատով են նայում վաղվա օրվան. «Այսօր, այս դահլիճում, մենք կրկին վերագտանք մեր հույսը, մեր հավատը, դիլիջանցու կքած մեջքը կրկին ուղղվեց, որովհետեւ մեր թիկունքում մենք զգացինք «Բարգավաճ Հայաստանի» եւ նրա նախագահի ամուր ձեռքը: Դիլիջանցին իր ձայնը տալու է «Բարգավաճ Հայաստանին», որովհետեւ մենք հոգնել ենք անիմաստ խոստումներից, մենք հոգնել ենք անպատասխանատու խոսքերից ու հայհոյանքներից: Մեզ այսօր բարի ու հզոր ուժ է պետք, մեզ այսօր իր խոսքի տեր ուժ է պետք, եւ այդ ուժը «Բարգավաճ Հայաստանն է»,- մեզ հետ զրույցում ասաց նախկինում ընդդիմադիր կուսակցություններից մեկի անդամ Սմբատ Սողոյանը, որը դիմում է գրել ու դուրս է եկել իր նախկին կուսակցությունից, երբ հասկացել է, որ այդ մարդկանց ոչ մի խոսքը այդպես էլ գործ չդարձավ:
Ինչպես եւ քարոզարշավի բոլոր կանգառներում, Դիլիջանում եւս Ծառուկյանին հանձնեցին մի քանի հարյուր նամակներ, եւ կուսակցության նախագահը խոստացավ, որ ոչ մի նամակ անպատասխան չի մնալու. բոլորի նամակները կարդալու են ու փորձելու են հնարավորության սահմաններում աջակից լինել մարդկանց: Ինչպես նախապես խոստացվել էր դիլիջանցիներին, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նրանց նվիրաբերվեց շտապօգնության մեքենա, այն, ինչի կարիքը քաղաքը ուներ, եւ ինչի խնդրանքով իրենք դիմել էին Ծառուկյանին։ Դիլիջանում բարգավաճցիների հանդիպումը ավարտվեց բավականին հուզիչ. մի երիտասարդ տղա Գագիկ Ծառուկյանին նվիրեց իր ձեռքով նկարած Ծառուկյանի նկարը, ու ինչպես ասաց դահլիճում նստածներից մեկը՝ «Մալադեց, ճիշտ էլ նկարել է Ծառուկյանի աչքերի բարությունը»:
Քարոզարշավի հաջորդ կանգառը Վանաձոր քաղաքում էր: Վանաձորում եւս նման հանդիպում շատ վաղուց չէր եղել. մարդիկ ընդամենը մեկ բան էին ուզում՝ խոսել Ծառուկյանի հետ, լսել նրա խոսքն ու հավաստիացումը, որ կուսակցությունը տեր է լինելու իր տված յուրաքանչյուր խոստմանն այնպես, ինչպես Ծառուկյանը տեր եղավ սպորտի ոլորտում տված իր խոստումներին: Վանաձորցիները կանգնել էին հորդառատ անձրեւի տակ եւ լսում էին ԲՀԿ նախագահին ու օլիմպիական չեմպիոն, լոռեցի Ալբերտ Ազարյանին, որոնք վստահեցնում էին, որ «Բարգավաճ Հայաստանը» եկել է ժողովրդի հույսը կյանքի կոչելու համար։ Հորդառատ անձրեւի տակ կրկին հնչեցին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հավաստիացումները, որ իրենք երբեք ժողովրդին հուսախաբ չեն անելու, ու ինչպես ինքը խոստացավ եւ հաղթեցինք սպորտում, այնպես էլ ասում է, որ հաղթելու են քաղաքական դաշտում, ու այդ հաղթանակը լինելու է ողջ ժողովրդինը, իսկ այդ հաղթանակի արդյունքը լինելու է մեր բոլորի բարգավաճ Հայաստանը: