«Իրականում նրանք վախկոտ են»,- էջմիածինցիներին համոզում էին «Իմպիչմենտի» ներկայացուցիչները
Ապրիլի 28-ին ու 29-ին «Իմպիչմենտ» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Շաբաթ օրն «Իմպիչմենտին» հյուրընկալեցին գեներալական քաղաքում՝ Էջմիածնում, որտեղ տիրող ակնհայտ վախի մթնոլորտից դատելով՝ այդ օրը քաղաքում «կազարմեննի պալաժենի էր»: Հենց այսպես բնութագրեց Էջմիածինը տեղի բնակիչներից մեկը, երբ նրան հարցրինք, թե դաշինքի հանրահավաքին ինչո՞ւ է քիչ մարդ եկել: Դաշինքի հանրահավաքը տեղի ունեցավ քաղաքի զբոսայգում, զոհված ազատամարտիկների հուշահամալիրի՝ անմար կրակի հարեւանությամբ: Մինչ այդ «Իմպիչմենտի» ավտոշարասյունը շրջեց քաղաքի բանուկ փողոցներով եւ հայտարարեց հանրահավաքի անցկացման ժամն ու տեղը, հիշեցրեց դաշինքի կարգախոսները՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը», «Քոչարյանական հանցավոր ռեժիմին հեռացնենք միասին»: Ավտոշարասյան երթին ցուցադրաբար ու կրնկակոխ հետեւում էին երկու ջիփեր, որոնք, ինչպես հետո իմացանք մի քանի էջմիածինցիներից, մարդկանց «հորդորել» էին «Իմպիչմենտի» հանրահավաքին չգնալ: Այդուհանդերձ, հանրահավաքին մասնակցում էր շուրջ 300 մարդ, որոնցից մեկն ասաց, թե ինքը չի վախենում, որովհետեւ տարիքն առած է ու կորցնելու բան չունի, թեեւ հաստատեց՝ «վախ կա, դուք էսօր ստեղ եք, վաղը՝ չէ»:
Հանրահավաքը բացեց դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նա նախ բացատրեց, թե ինչու է «Իմպիչմենտը», որի կորիզը կազմում են «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անհատ անդամներն ու երկու՝ «Ժողովրդավարական Հայրենիք», «Հայաստանի պահպանողական» կուսակցությունները, որոշել մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Նրա մատուցմամբ, «Այլընտրանքը» ներկայացնում է երկիրը ճգնաժամից դուրս բերելու կոնկրետ ու համալիր ծրագիր, որն իրականացնելու համար նախ պետք է ազատվել գործող իշխանություններից: Իսկ վերջիններս, բանախոսի ասելով, ամեն ինչ անում են առաջիկա ընտրությունները եւս կեղծելու եւ վերարտադրվելու համար: Ու քանի որ Վ. Խաչատրյանի մատուցմամբ, հեռուստաընկերությունների եթերները փակ են նախաձեռնության առաջ, իրենք որոշեցին մասնակցել ընտրապայքարին, որպեսզի հեռուստաեթերով անվճար քարոզչության համար տրամադրված գոնե երկու րոպեներն օգտագործեն իրենց ասելիքը հասարակությանը հասցնելու համար: Վ. Խաչատրյանն ու մյուս բանախոսները շեշտեցին, որ չեն եկել էջմիածինցիներից խնդրելու քվեարկել իրենց օգտին: Նրանք կարեւորեցին արդար ընտրություններ անցկացնելու, չկաշառվելու, չվախենալու եւ յուրաքանչյուր քաղաքացու կողմից սեփական քվեին տեր կանգնելու անհրաժեշտությունը:
Բանախոսներից մեկն էլ Սուսաննա Հարությունյանն էր՝ Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված նախկին թեկնածուն: Նա ասաց, որ այսքան ապօրինություն, այսքան կեղծիք մեր երկրում եւ Էջմիածնում դեռ երբեք չի եղել. «Երկու հաստագլուխ Էջմիածինն այսօր դարձրել են կազարմա: Մի՛ վախեցեք նրանցից, ժողովո՛ւրդ, դուք եք էս քաղաքի գեներալները»: Ս. Հարությունյանի խոսքերով, այսօր իշխանություններն ու նույն այդ գեներալները՝ Սեյրան Սարոյան, Մանվել Գրիգորյան, իրականում շատ վախեցած են: Հակառակ դեպքում, ըստ նախկին թեկնածուի, գեներալի ուսադիր կրած Սարոյանը չէր վախենա կնոջ հետ մրցակցությունից եւ ճշմարիտ խոսքից ու ապօրինությունների չէր դիմի նրան իշխանության աջակցությամբ մրցապայքարից դուրս թողնելու համար: Դիմելով երկու գեներալներին՝ տիկին Հարությունյանն ասաց. «Դուք ի՞նչ գեներալներ եք, երբ ձեր թիկունքում վախեցած զինվոր է կանգնած: Ո՞ւմ գեներալներն եք: Եթե էլի հայրենիքը պաշտպանելու անհրաժեշտություն լինի, ո՞վ է լսելու ձեր կոչն ու պաշտպանելու մեր հողը: Վախեցած ու ձեզ ատող մարդի՞կ: Դրանք ի՞նչ գեներալ՝ իսկի յեֆրեյտոր էլ չեն»: Ս. Հարությունյանն ասաց, որ «ժողովուրդն ու էջմիածինցին այլեւս սխալվելու տեղ չունեն եւ պետք է հանուն իրենց ու իրենց երեխաների ապագայի ընտրություն կատարեն ռեժիմի եւ գեներալների կամ օրինական երկիր ունենալու միջեւ»:
Կիրակի օրն «Իմպիչմենտն» արդեն Արագածոտնի մարզում էր եւ այցելեց Օհանավան, Սաղմոսավան, Մուղնի, Կարպի, Փարպի եւ Ագարակ գյուղեր, նաեւ չնախատեսված հանրահավաք անցկացրեց Աշտարակ քաղաքում, որտեղ մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Ագարակ գյուղում գյուղացիներն ասում էին, որ կողմ են իշխանափոխությանը, բայց՝ «ստեղ սահակաշվիլիներ չկան»: Հատկապես ջերմ էին ընդունվում Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Խաչատրյանի համարձակ ելույթները: Մարդիկ իրենց ցասումն էին հայտնում գործող իշխանությունների նկատմամբ՝ խոստանալով անպայման գնալ ընտրությունների, թեեւ թերահավատ էին՝ «կարո՞ղ եք, կստացվի՞: Մենք երկու ձեռքով կողմ ենք»: «Մեզանից յուրաքանչյուրը անելիք ունի, միակ մարդը, ումից կախված է մեր երկրի ապագան՝ դու ես»,- հիշեցնում էր Փաշինյանը: