Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 30,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ տասնութերորդ

ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ՌԵԿՈՐԴԸ՝ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ

Ես էսպես թռուցիկ նկարագրեցի իմ կյանքի հիսուներորդ մարտի քսանութը եւ հարկ չեմ համարում նկարագրել հաջորդ օրվա արարողությունը Վալոդի ու Ռոբի խանութում, որովհետեւ էս գրածս ու նաեւ հետագա գրելիքս վեպ է, իսկ վեպի օրենքներն, ըստ ամենայնի, պահանջում են, որ սյուժեն նորմալ եւ կանոնավոր զարգանա ու առաջանա, եւ դեպքերի ու դեմքերի հերթականությունն էլ ժամանակային ու ամեն իմաստով պիտի խստագույնս պահվի, այսինքն՝ Վալոդի ու Ռոբի խանութում հիսնամյակիս արարողությանը մանրակրկիտ կանդրադառնամ միայն այն ժամանակ, երբ վեպի օրենքները թույլ տան այդ անել, որովհետեւ էս պահին վեպի օրենքներն ինձ պարտադրում են վերջնականապես վերադառնալ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոս, ու չնայած վերադառնալու եմ դույն թվականի օգոստոս, բայց դուք կարող եք հանգիստ լինել, որովհետեւ այլեւս Լիզային չեմ անդրադառնալու ու չեմ անդրադառնալու բնավ ո՛չ այն պատճառով, որ ընթերցողներիցս շատերն արդեն տրտնջում էին՝ «ե՞րբ ենք էդ Լիզայից պրծնելու», այլ էն պարզ պատճառով, որ եթե նույնիսկ շատ էլ ուզենամ, էլի չեմ կարող Լիզային վերադառնալ ու անդրադառնալ է՛ն պարզ ու հասկանալի պատճառով, որ Լիզային այլեւս չտեսա, ավելի ճիշտ՝ Լիզան այլեւս իմ կյանքում չհայտնվեց, բայց ավելի ճիշտ՝ ե՛ս այլեւս չփորձեցի իր կյանք սողոսկել, եւ սա արդեն ավելի շուտ հոգեբանական պատմություն է, քան՝ բովանդակային, ու էդ հոգեբանականին էլ եմ պարտավոր անդրադառնալ, բայց էս պահի դրությամբ վեպի օրենքներն ինձանից պահանջում են չկտրվել գլխավոր ու հիմնական սյուժետային գծից եւ անհապաղ վերադառնալ յոթանասունվեցի օգոստոս, ընդ որում՝ ոչ թե յոթանասունվեցի օգոստոսի ութ, այլ՝ օգոստոսի տասնվեց ու տասնյոթ, որովհետեւ, եթե ձեզանից ոմանք դեռեւս չեն մոռացել, պիտի հիշեն, որ օգոստոսի տասնվեցի գիշերամուտին Ֆիլյանների բակում Ռուբոյին թենիսով հաղթելով՝ Սերգեյի հետ հաղթական դուրս էինք եկել ու Մոնումենտի կանգառում ավտոբուսիս էինք սպասում, եւ էդ ամբողջ ժամանակ մտքիս մեջ իմ ու Ախալքալաքցի Աշոտի հաջորդ օրվա պայմանավորվածությունն էր՝ իրենց «Ապագա բժիշկ» թերթում աշխատանքի ընդունվելուս կապակցությամբ, եւ չնայած մտապատկերիս մեջ դեռեւս պեծին էին տալիս Լիզայի շողշողուն ու կենսուրախ դիմագծերը, բայց ինքն արդեն իմ կյանքում չկար, եւ կյանքն էլ շարունակվում էր:

Վիպասանի կարեւորագույն հատկություններից մեկն, ըստ ամենայնի, հիշողությունն է, եւ էդ հիշողություն ասածից պիտի գոնե էնքան ունենաս, որ գրածդ նախորդ էջերը րոպեն մեկ չքչփորես՝ հերոսներիդ անունները վերհիշելու ու վերականգնելու նպատակով, եւ եթե ամեն անգամ «Առավոտի» մուտքագրող Անժիկից էի ճշտում Լիզայի էն ճլեզ ընկերուհու՝ Կառայի անունը, ապա փոխգնդապետ Կարավանի կնոջ՝ Լարիսա Իվանովնայի հայրանվան հաշվով վերջերս գրազ եկա մեր ջահել գրողներից Լուսոյի հետ եւ, ի զարմանս ինձ ու ներկաների, տանուլ տվի էդ գրազը, որովհետեւ էդ օրը, չգիտես ինչու, գլխիս մեջ Իվանովնայի փոխարեն Վասիլեւնա հայրանունն էր ֆռֆռում, եւ չնայած էս վեպիս ծավալի հետ մեկտեղ նաեւ հերոսների քանակությունն է սպառնալի չափերի հասնում, բայց, բոլոր դեպքերում, շատ ամոթ է, որ վիպասանն իր իսկ հերոսների ու մանավանդ հերոսուհիների անունները մոռանա, եւ եթե Լիզայենց կուրսի Կառային ընդամենը մի քանի վայրկյան եմ տեսել, եւ իր անունը մոռանալը թերեւս ներելի է, ապա Լարիսա Իվանովնայի հետ կապված բանակային միանգամայն խորունկ հիշողություններ ունեմ, այսինքն, թեկուզեւ էսքան տարի հետո, իր հայրանունը մոռանալն իմ կողմից պարզապես անշնորհքություն է, բայց, արի ու տես, որ Լիզայենց կուրսի էդ նիհար Կառային էս վեպիս էջերում ավելի շատ եմ անդրադարձել, քան՝ Լարիսա Իվանովնային, որովհետեւ, եթե վերջինիս մի անգամ անդրադարձա ու իր թեման մեկընդմիշտ փակեցի, ապա Լիզայենց կուրսի Կառային ստիպված էի մի քանի անգամ անդրադառնալ, որովհետեւ «Սեւան» ռեստորանի մեր տեւական տանգոյի ընթացքում Լիզան մի քանի անգամ ընդգծված արհամարհանքով հիշեց Կառային, եւ երբ ամեն անգամ մտնում եմ «Առավոտի» մուտքագրողների սենյակ եւ հարցական նայում եմ Անժիկին, ինքը ծիծաղելով հարցնում է. «Հը՞. էլի Կառայի անունը մոռացել ե՞ս»:

Այսինքն, ուզում եմ ասել, վիպասանի համար հիշողությունը կարեւորագույն արժեք է, եւ հիշողության կորստի պատճառով վիպասանը կարող է շատ ծիծաղելի վիճակներում հայտնվել, եւ, եթե ուզում եք ճիշտն իմանալ, իսկական վիպասանը ոչ միայն ուժեղ հիշողություն պիտի ունենա, այլեւ՝ միանգամայն համակարգված հիշողություն, որպեսզի ո՛չ միայն իր հիշածի գլխավորն ու երկրորդականն իրարից տարբերի, այլեւ իր հիշած ժամանակներն է՛լ չխառնի իրար, այլապես՝ շարունակաբար ծիծաղելի վիճակների մեջ կհայտնվի՝ ինչպես որ ե՛ս եմ հաճախակի հայտնվում եւ հիմա էլ, ահա, հայտնվել եմ, որովհետեւ ահա-ահա պատրաստվում էի վերադառնալ յոթանասունվեց թվականի օգոստոս, բայց հանկարծ հիշեցի, որ Դանիկի ու կոնսերվատորիայի էն աղջկերքի պատմությունը կիսատ եմ թողել, մինչդեռ Աշնակում Դանիկին խոստացել էի, որ կովկիթի էդ օրվա պատմությունը ծայրեծայր կգրեմ:

Երբ տիկին Սիլվայի հոգեհանգստի էդ իրիկուն Ռոլանդն ինձ ասաց՝ «հորս ուշունցները չգրես», ես իրեն ասացի՝ «դու քո՛ մասին մտածի. քո մասին ավելի շատ եմ գրելու», եւ ինքն ասաց՝ «իմ մասին ի՞նչ ես գրելու», եւ ես ասացի՝ «արդեն գրել եմ», եւ ինքը լրջանալով հարցրեց՝ «ի՞նչ ես գրել», եւ ես ասացի՝ «ամեն ինչ», եւ ինքն ասաց՝ «օրինակ», եւ ես ասացի՝ «օրինակ, էն ոսկե մեդալիս պատմությունը», եւ Ռոլանդը ծիծաղեց ու ասաց՝ «մեդալի պայմանավորվածությունն ուժի մեջ ա. էդ մեդալն աչքիս լույսի պես պահում եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «տես՝ չկորի», եւ Ռոլանդն ասաց՝ «վաթսունամյակիդ նույն նոմինացիայով հանդիսավոր կհանձնեմ», եւ ես հարցրի՝ «ի՞նչ նոմինացիայով», եւ Ռոլանդն ասաց՝ «գրականության մեջ ունեցած վաստակիդ համար», եւ ես ասացի՝ «խոսքը մեր մեջ, շատ ախմախ ձեւակերպում ա», եւ ինքն ասաց՝ «ուզո՞ւմ ես՝ ամենաերկար վեպը գրելու համար տամ», եւ ես ասացի՝ «թեկուզ» եւ ծիծաղելով ավելացրի՝ «կարաս սասունցիների կերպարների լավագույն կերտման համար տաս», եւ ինքը ժպտաց ու ասաց՝ «մի քիչ զգույշ կերտի», եւ ես ասացի՝ «լավ էլ զգույշ եմ կերտում», եւ Ռոլանդն ասաց՝ «դե լավ, վաղը պանթեոնում կտեսնվենք. թաղումից հետո տղերքով մի տեղ կգնանք՝ մի քիչ կնստենք», եւ ես ասացի՝ «հիմի որ նախարար չես՝ կարելի ա», եւ Ռոլանդն ասաց՝ «նախարար ըլնելն ի՞նչ կապ ունի», եւ ես ասացի՝ «ժամանակի իմաստով եմ ասում. նախարար վախտդ ժամանակ չունեիր», եւ Ռոլանդն ասաց՝ «ես միշտ էլ ժամանակ ունեցել եմ. յան տվողը միշտ էլ դու ես էղել», եւ ես ասացի՝ «վաղը յան չեմ տա», եւ Ռոլանդն ասաց՝ «բարի գիշեր, Արմո ջան», եւ ես ասացի՝ «բարի գիշեր, ախպեր», եւ Ռոլանդը գնաց, ու ես աստիճաններով բարձրացա տիկին Սիլվայենց, եւ արդեն ժամը տասի կողմերն էր, եւ հոգեհանգստի հիմնական ժողովուրդն արդեն ցրվել էր, եւ դագաղի մոտ տիկին Նինան ու մի քանի անծանոթ կանայք էին նստած, եւ ես կես րոպեի չափ դագաղի մոտ կանգնելով՝ դուրս եկա միջանցք, ու էդ պահին տեսախցիկը ձեռքին դեմս դուրս եկավ Մովսիսյան Արփենի ամուսին Վահանը, եւ Վահանի կողքին Շիրազի Վանանդն էր, ու ես Վահանին ու Վանանդին բարեւելով՝ Վանանդին հարցրի՝ «Արայիկն ո՞ւր ա», եւ Վանանդն ասաց՝ «Արոն ներքեւն ա. ուզո՞ւմ ես իրան տենաս», եւ ես ասացի՝ «հա. մտնեմ ցավակցեմ», եւ Վանանդն ասաց՝ «գնանք», ու էդ պահին Արփենի Վահանն ինձ քաշեց մի կողմ ու ականջիս ասաց՝ «ուզում եմ քեզ նկարահանեմ», եւ ես ասացի՝ «հիմի մի քիչ խառն եմ, Վահան ջան, թող մնա մյուս ամիս», եւ Վահանը զարմացած ասաց՝ «ի՞նչ մյուս ամիս. հենց հիմի եմ ասում նկարեմ», եւ ես ապշահար ասացի՝ «հիմի որտե՞ղ նկարես», եւ Վահանն ասաց՝ «հենց էստեղ», եւ ես չհասկացա ու ասացի՝ «չհասկացա», եւ Վահանն ասաց՝ «ի՞նչ կա չհասկանալու» եւ սգո սենյակը ցույց տալով՝ ասաց՝ «նոր մտել էիր էն սենյակ, չէ՞», եւ ես ասացի՝ «հա», եւ Վահանն ասաց՝ «նորից կմտնես, դագաղի մոտ մի կես րոպե կկանգնես ու կնկարահանեմ», եւ ես ապշահար հարցրի՝ «որ ի՞նչ», եւ Վահանն ասաց՝ «որոշել եմ տիկին Սիլվայի մասին մեծ ֆիլմ նկարեմ», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ ես որոշել, բայց ե՞ս ինչ կապ ունեմ», եւ Վահանն ասաց՝ «ուզում եմ նկարեմ, թե ոնց ա երիտասարդ բանաստեղծը հրաժեշտ տալիս ամենայն հայոց բանաստեղծուհուն», եւ ես ասացի՝ «ես ե՞մ երիտասարդ», եւ Վահանն ասաց՝ «երիտասարդ ըլնելու մեջ ի՞նչ վատ բան կա», եւ ես ասացի՝ «ոչ մի վատ բան չկա», եւ Վահանն ասաց՝ «ընդամենը մի քանի վայրկյան պիտի դագաղի մոտ կանգնես ու վերջ», եւ ես վրդովված ասացի՝ «հո ցի՞րկ չեմ, ա՛յ Վահան. էդ նստածները չեն մտածի՞, թե՝ էս մարդը խի ա երկրորդ անգամ մտնում», եւ Վահանն ասաց՝ «էդ նստածները հասկանում են, որ ֆիլմ եմ նկարում. մենակ դու չես ուզում էդ հասարակ բանը հասկանաս», եւ ես ասացի՝ «շատ լավ եմ հասկանում, բայց ես հո դերասան չե՞մ, որ երկրորդ անգամ էդ սենյակ մտնեմ ու նույն ձեւով կանգնեմ», եւ Վահանն ասաց՝ «այսինքն, պատիվ չես համարո՞ւմ տիկին Սիլվայի հետ նկարահանվես», եւ ես վրդովված ասացի՝ «արդեն շառ ես անում» եւ ավելացրի՝ «քեզ ոնց ձեռնտու ա՝ ըտենց էլ մտածի» եւ այդ ասելով՝ Վանանդի հետ իջա մի հարկ ներքեւ գտնվող Արա Շիրազի բնակարանն ու ցավակցությունս հայտնեցի Արայիկին, եւ էդ պահին նկարիչ Պետրոսյան Սամվելն ու քանդակագործ Կարգանյան Նորիկն է՛լ էին էնտեղ, եւ երբ Վանանդը մեր բաժակները լցրեց, հոտնկայս խմեցինք Սիլվա Կապուտիկյանի կենդանի կենացը, հետո մի քիչ լուռ նստեցինք, այնուհետեւ Արայիկին հրաժեշտ տալով՝ ես ու Կարգանյան Նորիկը ոտով իջանք «Կազիրոկ», եւ մտքներովս անցավ մի-մի շիշ սառը գարեջուր խմել, որովհետեւ երկու հազար վեց թվականի օգոստոսի ահավոր շոգ գիշերներից մեկն էր, եւ մինչ մատուցողուհին մեր գարեջրերը կբերեր, մեր սեղանի շուրջ հայտնվեցին Ռոլանդը, Ղուկասն ու Միլիտոնյան Էդոն, եւ երբ իրենք հայտնվեցին, էդ պահին մեկը հետեւիցս ձեռքերով աչքերս փակեց, եւ երբ ձեռքերը քաշեցի ու շրջվեցի, տեսա՝ երգիչ Դարբինյան Էդոն է, որ արդեն տասնհինգ տարուց ավել Ավստրալիայում էր, եւ ամենահետաքրքիրն էն էր, որ էդ մթնով Դարբինյան Էդոյին ավելի շուտ ճանաչեցի, քան՝ Ղուկասին, մյուս Էդոյին եւ նույնիսկ Ռոլանդին, որին ընդամենը մի ժամ առաջ էի տիկին Սիլվայենց բակում տեսել, եւ դա նշանակում էր, որ Դարբինյան Էդոն տասնհինգ տարի պանդխտության մեջ ավելի լավ էր պահպանվել, քան մյուսներս՝ մեր իսկ հայրենիքում, ու էս բանը մտածելով՝ հընթացս նաեւ մտածում էի, որ տարիներն ահավոր արագ են թռչում, եւ չնայած Արփենի Վահանն ինձ երիտասարդ էր համարում, ես արդեն ահագին ապրել ու ահագին բան էի տեսել:

Ահագին ապրած ու ահագին բան տեսած՝ հիմա մտածում եմ, որ ահագին ապրելն ու ահագին բան տեսնելն է՛լ բավարար պայման չեն լավ վիպասան լինելու ու նորմալ վեպ գրելու համար, եւ հարկ է, որ հիշողությունդ ո՛չ միայն շատ ուժեղ, այլեւ համամասնորեն համակարգված լինի, ու չնայած առայժմ հաջողացնում եմ էս ցաքուցրիվ հիշողություններս որոշ միամիտների վրա որպես ոճ նաղդել, այդուհանդերձ, չհամակարգված հիշողությունս իմ ու ձեր գլխներին իսկական պատուհաս է, ու հիմա վերջնականապես հասկանալով, որ հիշողությանս համակարգումն այլեւս անհույս գործ է, արդեն ինքս է՛լ եմ միամտվում ու կարծում, որ հիշողություններիս ցաքուցրիվությունն էս գրվածքիս համար մանրից ոճ է դառնում, ընդ որում՝ միանգամայն ուրույն եւ միանգամայն օրինակելի ոճ, ես կասեի՝ նույնիսկ ընդօրինակելի՛ ոճ, ավելին՝ էս պակասություններս ու թերություններս ո՛չ միայն ոճ են դառնում, այլեւ՝ մտածողություն ու մտածողության միանգամայն նոր տեսակ, եւ եթե միայնակ թափառելիս կամ նստած ու պառկած մեր մենակության վիճակներում հիմնականում ցաքուցրիվ ու չհամակարգված ենք մեր ապրած ժամանակներն ու պահերը վերհիշում, մեզ ո՞վ կարող է արգելել, որ վեպ գրելիս էլ նույնն անենք, եւ եթե ես չանեմ՝ ուրիշ ո՞վ պիտի ինձանից լավ էդ բանն անի, այսինքն, ճիշտն էն է, որ հենց ե՛ս անեմ, մանավանդ որ՝ տպագրողս խոստացել է մինչեւ վերջ տպագրել, եւ հովանավորս էլ խոստացել է մինչեւ վերջ հովանավորել, ու առ էս պահն իրենց խոսքին տեր են, իսկ ինչ վերաբերում է մեր հոգնած ու բազմափորձ գրականագետներին, նրանք շատ շուտով կհոգնեն ինձ ճիշտ ճանապարհ ցույց տալուց, որովհետեւ, բոլոր դեպքերում, տարիքն իրենն ասում ու անում է, եւ, բացի այդ, մեր ամենահոգնած ու ամենափորձառու գրականագետները շատ նման են մեր ամենահոգնած ու ամենափորձառու ավտոտեսուչներին. նրանք չեն հետապնդում հատկապես է՛ն կարգազանցներին, ովքեր սրանց բանի տեղ չդնելով՝ շրջանցում ու փախչում են, եւ, ընդհակառակը, ժամերով քարոզ են կարդում է՛ն մարդկանց գլխին, ովքեր պարտաճանաչորեն կանգնում, պարտաճանաչորեն ներկայացնում են փաստաթղթերն ու պարտաճանաչորեն ունկնդրում են սրանց զառանցանքները: Էս վերջին ասածս ամենեւին չի նշանակում, որ պիտի վերջնականապես հաբռգեմ եւ ինքնավերահսկողությունս կորցնելով ու առանց Դանիկի պատվերը կատարելու՝ վերադառնամ յոթանասունվեցի օգոստոսի տասնվեց ու տասնյոթ. այսինքն, ինչքան էլ որոշ միամիտներ հիշողությանս թափթփվածությունն իբրեւ գրական ոճ եւ նույնիսկ ինքնատիպ մտածողություն ընկալեն, միեւնույն է, պիտի չափս ճանաչեմ եւ եթե նույնիսկ Դանիկին խոստացածս էլ չանեմ, պարտավոր եմ վերադառնալ Աշնակ, կոնսերվատորիայի աղջկերքի ու կովկիթի էն պատմությունն ավարտել եւ նոր միայն ավելի հետ գնալ՝ ընդհուպ յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթ ու տասնվեց:

Բայց հիմա, երբ զգոնությունս արդեն վերագտել ու փորձում եմ վերադառնալ Աշնակ, հընթացս նաեւ հասկանում եմ, որ կովկիթի ու կոնսերվատորիայի աղջկերքի մեր էդ պատմությունն արդեն, փաստորեն, արել ու պրծել եմ եւ ընդամենը Դանիկի վերջին ու վերջնական ուշունցը չեմ գրել, որովհետեւ, երբ կովկիթի պահին աղջկերքն ու հատկապես Եվգենյան աղաղակեցին՝ «վա՜յ, Սեդա ծյոծյա, էդ ի՞նչ ես անում. կցավացնես», հենց էդ պահին Դանիկն իր արդեն հանրահայտ արտահայտությունն արեց, եւ մենք Դանիկի էդ անթույլատրելի ու աննկարագրելի արտահայտության գերծանր տպավորությունը հնարավորինս հաղթահարելով եւ Դանիկի մեծ ծիրանենու տակ սուսուփուս նախաճաշելով՝ առավոտվա առաջին իսկ ավտոբուսով սուրացինք Թալին, էնտեղից էլ՝ Երեւան, եւ Դանիկն ու տիկին Սեդան մեզ առանձնապես չհամոզեցին մի քիչ էլ մնալ, որովհետեւ միայն մեր շուտափույթ հեռանալով էր հնարավոր հնարավորինս հեռացնել Դանիկի էդ վերջին արտահայտության ահավոր տպավորությունը, եւ, բացի այդ, Աշնակից իմ, Ռոլանդի ու հատկապես կոնսերվատորիայի աղջկերքի շուտափույթ հեռանալն էդ պահին շատ էլ ձեռնտու էր տիկին Սեդային ու Դանիկին, որովհետեւ Աշնակն արդեն արթնացել էր, եւ ռեալ վտանգ կար, որ նորապսակ Ռոլանդի ու կոնսերվատորիայի աղջկերքի միանգամայն կասկածելի ընկերակցությունը խոսքաշատ ու խոսքաշեն աշնակցիների համար խոսակցության թեմա կդառնար:

Մենք ճիշտ ժամանակին ճողոպրեցինք Աշնակից ու աշնակցիների տեսադաշտից, բայց, այդուհանդերձ, էսօրվա օրով աշնակցի մեծուփոքրն էդ պատմությունն անգիր գիտեն, ու էդ պատմությունը, փաստորեն, հենց Երեւանի՛ց Աշնակ հասավ, որովհետեւ, ինչ մեղքս թաքցնեմ, Երեւանում էդ պատմությունն աջուձախ պատմում էի, եւ չնայած տիկին Սիլվայենց բակում Ռոլանդն ամեն կերպ ինձ համոզում էր էդ պատմությունը չգրել, բայց ժամանակին Ռոլանդն է՛լ էր էդ պատմությունն աջուձախ պատմում, եւ Դանիկն է՛լ էր էդ ամեն ինչը հաստատում, ու էսօրվա դրությամբ ողջ Աշնակն էդ պատմությունն անգիր գիտի, ու հիմա դուք հաստատ կմտածեք՝ ախր էդ ի՞նչ մի պատմություն է, որ իմանան կամ չիմանան, եւ եթե էդպես մտածեք՝ շատ էլ ճիշտ կանեք, որովհետեւ էդ ամբողջ պատմության մեջ միակ հետաքրքիրն ու արժանահիշատակը Դանիկի էդ ահավոր ու արտառոց արտահայտությունն էր, որը, փաստորեն, առ էս պահը հետեւողականորեն շարունակում եմ ձեզանից թաքցնել, որովհետեւ, այնուամենայնիվ, որոշ բառեր ու որոշակի արտահայտություններ կան, որոնք պարզապես անհնար է գրավոր արտահայտել, եւ ինձ պես մի սկսնակ արձակագրի համար առավել դժվար ու գրեթե անհնար է այդ անել, չնայած, մյուս կողմից, հենց սկսնակությունս է էս ժանրում ինձ ոգեւորողը, եւ հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ բանաստեղծության ասպարեզում է՛լ եմ սկսնակ եղել՝ մանավանդ Գլավլիտից ու անկախությունից հետո, եւ միայն Գլավլիտի առկայությամբ եմ արհեստավարժ գրող եղել, որովհետեւ Գլավլիտի առկայության պայմաններում մշտապես գիտեի ու իրազեկ էի՝ ինչ կարելի է գրել եւ ինչ չի կարելի, մինչդեռ Գլավլիտից հետո մշտապես սկսնակի դերում ու վիճակում եմ, որովհետեւ, չնայած արդեն ամեն ինչ գրելու իրավունք ունեմ, բայց չգիտեմ՝ ինչ գրեմ, եւ քանի որ չգիտեմ՝ կոնկրետ ինչ գրեմ, ստիպված ամեն ինչ ու ամեն ինչի մասին եմ գրում, եւ քանի որ ամեն ինչի մասին ու ամեն ինչ եմ գրում, գրածս չափազանց շատ է ստացվում, ու էս գրածս ծավալով առայժմ միայն Քրիստափոր Թափալցյանի «Պատերազմ» քառահատոր վեպին է զիջում, ու Թափալցյանի էդ վեպի մասին վերջերս Թոփչյան Ալիկից տեղեկանալով ու «Գրական տեղեկատուով» էլ էդ բանը ճշտելուց ու հավաստիանալուց հետո միայն հասկացա, թե ինչու է Թափալցյանի ութսունյոթամյա այրին՝ Թափալցյան Սիրուշն Աստծո ամեն իրիկուն զանգում «Առավոտ» ու Արամ Աբրահամյանի ֆաքսին մեծ դժվարությամբ թելադրում հետեւյալը. «Ա՛յ Արամ, Շեկոյանի էդ անհեթեթությունը ե՞րբ ես դադարեցնելու»:

Մի խոսքով, անկախ ինձանից ու միանգամայն անգիտակցաբար, Քրիստափորի «Պատերազմին» պատերազմ եմ հայտարարել, այսինքն, էս պահի դրությամբ, Թափալցյան Սիրուշի ամուսնու գրական ռեկորդը ռեալ վտանգի տակ է, ու էդ մասին միայն ես, Թոփչյան Ալիկն ու Սիրուշը գիտեինք, ու վերջերս նաեւ Արամին տեղեկացրի եւ հիմա արդեն ձեզ է՛լ եմ տեղյակ պահում, բայց, ի տարբերություն բոլոր տեղեկացվածների, Թափալցյան Սիրուշն ահավոր տագնապով է ռեկորդիս գրանցմանն սպասում եւ դեռ հույսը չի կտրել ու Արամի ֆաքսին պարբերաբար մեսիջներ է ուղարկում, ինչպես նաեւ՝ էս վեպիս լեզուն ջարդուխուրդ անող մանրմունր, բայց չափազանց դաժան գրախոսություններ, եւ վերջերս Արամն իմ ներկայությամբ Սիրուշին հեռախոսով խոստացավ, որ էդ գրախոսություններից մեկնումեկն «Առավոտում» ամբողջությամբ կտպագրի Սիրուշի իննսունամյակի օրը:

Խեղճ Սիրուշը, փաստորեն, ստիպված է եւս երեք տարի դիմանալ, եւ ես է՛լ եմ ստիպված լինելու ապրել ու գրոհել Քրիստափորի էդ, ուրեմն, դեռեւս չհաղթահարված ռեկորդը, եւ ես հիմա մտովի Սիրուշի ու ինձ համար Աստծուց առնվազն երեք տարվա կյանք եմ խնդրում, եւ եթե Աստված տա, Թափալցյան Սիրուշի իննսունամյակին էդ միանգամայն դաժան գրախոսություններից մեկնումեկը կտպվի, բայց արդեն իր ուժն ու դաժանությունը կորցրած կլինի, որովհետեւ իր իննսունամյակի պահին էս վեպիս առնվազն յոթերորդ հատորը գրված ու տպված կլինի, եթե, իհարկե, Աստված ինձ ու Սիրուշին եւս երեք տարվա լիարժեք կյանք շնորհի, եւ եթե Աստված շարունակի իմ հանդեպ մեծահոգություն հանդես բերել, Թափալցյաններից վազն անցնելով՝ պիտի, ուրեմն, փորձեմ օտար ու օտարալեզու վիպասանների ռեկորդներն էլ գրոհով վերցնել, եւ եթե Աստված շարունակի իմ առումով մեծահոգություն ու ներողամտություն հանդես բերել, մի գեղեցիկ օր էլ երեւի Դյումա հոր եւ որդու ռեկորդներին ընդհուպ մոտենամ, բայց մինչ այդ, իհարկե, ողջ ուժերս ի մի բերելով՝ նախ պիտի Թափալցյան Քրիստափորի երկարակյաց ռեկորդի վրա կենտրոնանամ, որովհետեւ, եթե իմ էս հատորներից յուրաքանչյուրն ընդամենը չորս հարյուր էջանոց է, Թափալցյանի «Պատերազմի» չորս հատորներից յուրաքանչյուրն առնվազն վեց հարյուր էջանոց է, այսինքն, եթե Քրիստափորի էդ ռեկորդը ո՛չ միայն հատորների, այլեւ էջերի՛ քանակությամբ գերազանցեմ, իմ կողմից մեխանիկորեն նվաճված կլինի նաեւ Շոլոխովի «Խաղաղ Դոնի» ռեկորդը, եւ էս նախադասությունիցս հետո անմիջապես պատկերացրի մեր հատկապես տարեց գրականագետների չափից ավելի լրջացած դեմքերը, որովհետեւ ում-ում, բայց Շոլոխովի առումով նրանք դժվար թե էսպիսի կատակներ հանդուրժեն, եւ եթե էս պահին խոստովանեմ, որ էս ամենը կատակով եմ ասում ու գրում եւ հատկապես Շոլոխովի մասով կատակեցի, միեւնույն է, ինձ չեն ների, եւ Շոլոխովի ու կատակի հետ կապված՝ էս պահին հորաքրոջս սկեսուր իգդիրցի Վերգուշին հիշեցի, որը չնայած ազնվական ու չափազանց կարդացած կին էր, բայց Շոլոխովին Շուլուխով էր ասում, ընդ որում՝ ոչ թե շուլուխով էր ասում, այլ՝ միանգամայն լուրջ, որովհետեւ ինքը թեեւ չափազանց շատ ու հատկապես ռո՛ւս գրականություն էր կարդում, բայց հեղինակների ու հերոսների անունները մոտավորապես էր հիշում կամ ընդհանրապես մոռանում էր, եւ երբ Վերգուշ տատին ուզում էր ասել՝ «Եգոր Բուլիչովը եւ ուրիշներ», ասում էր՝ «չեմնալի ով եւ ուրիշներ», ու էս «չեմնալին» Իգդիրի լեզվով նշանակում էր՝ չգիտեմ, այսինքն՝ չեմ գինալի, չեմ ինալի եւ առավել սղված՝ չեմնալի, եւ Վերգուշ տատին ոչ միայն հեղինակների ու հերոսների անուններն էր մոռանում, այլեւ՝ բոլորի ու բոլորիս անունները, որովհետեւ ինքն աղջիկ ժամանակ գաղթ ու հեղափոխություն էր տեսել եւ աղջիկ ժամանակ տարիուկես բանտ նստելով ու բանտից դուրս գալով՝ սկսել էր ամեն ինչ ընդհանրական ու ամբողջական տեսնել եւ անունների ու մանրուքների մեջ առանձնապես չէր խորանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել