Մայիսի առաջին տասնօրյակում Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների համար կրկին կսկսի գործել Դավիթ Անհաղթի անվան վերանորոգված ու բարեկարգված պուրակը: Ցուրտ ու մութ տարիներին քանդվելով ու ավերվելով, այն երկար տարիներ համայնքի բնակիչներին զրկել էր իրենց սիրելի վայրում հանգիստն անցկացնելու հնարավորությունից: Համայնքի բնակիչները փորձել են տարբեր միջոցներ ձեռնարկել՝ այն վերանորոգելու համար, նույնիսկ դիմել էին լոսանջելեսաբնակ իրենց հայրենակիցներին՝ ֆինանսական աջակցության խնդրանքով, սակայն արդյունքի չեն հասել: Անցած տարի այգու վերանորոգման ու վերականգնման աշխատանքը ստանձնեց «Տոնուս» շինարարական կազմակերպությունը:
Այն, ավարտին հասցնելով համայնքի սպորտդպրոցի վերանորոգման աշխատանքները, սկսեց նոր ոգով ու ճարտարապետական նոր մոտեցումներով վերակառուցել այգին, որը կծառայի տարբեր տարիքի մարդկանց՝ երեխաներից մինչեւ տարեցների. մանկական եւ սպորտային խաղահրապարակներ, հանգստի վայր մեծահասակների համար, միջոցառումների եւ համերգների համար նախատեսված բեմահարթակ, սրճարան: Եվ այս ամենը՝ աչք շոյող եւ լիարժեք հանգիստ պարգեւող շատրվաններով, հետաքրքիր եւ ինքնատիպ արձանիկներով ու կոմպոզիցիաներով: Որպեսզի այգու հետագա գոյությունը կախված չլինի մեկ անձից կամ կազմակերպությունից, այն պետք է իր սեփական եկամուտների հաշվին հոգա կենցաղային ծախսերն ու պահպանման խնդիրները: Անվանափոխված «Մեծ շատրվաններ» պուրակը կվերաբացվի հանդիսավորությամբ, եւ համայնքի բոլոր բնակիչները կհրավիրվեն մասնակցելու այդ գեղեցիկ արարողությանը: