Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազելով» բեռներ չես տեղափոխի»

Ապրիլ 30,2007 00:00

Արդեն մեկ ամիս է՝ Սառնաղբյուր գյուղի բնակիչները չեն կարողանում իրենց կարտոֆիլն ու կաղամբը Գյումրիի շուկաներ տեղափոխել:

Օրերս Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները «գյուղովի»՝ գյուղապետի գլխավորությամբ, բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզպետարանում՝ պահանջելով հրատապ երթուղի վերադարձնել իրենց գյուղը սպասարկող ավտոբուսները: Սառնաղբյուրցիների ներկայացմամբ, իրենց «սեւ օրերը» սկսվեցին, երբ Գյումրի-Մարալիկ-Ձորակապ-Սառնաղբյուր երթուղուց անհայտ պատճառներով հանվեց ավտոբուսը, ինչի փոխարեն գիծ մտցվեցին միկրոավտոբուսներ: Գյուղացիների ներկայացմամբ՝ մոտ 4000 բնակիչ ունեցող Սառնաղբյուրին 2 միկրոավտոբուսն անգամ ուղեւոր փոխադրելու համար չի բավարարում: «Էլ ուր մնաց «գազելներով» մեր բեռները կարողանանք շուկա տեղափոխել: «Գազելները» բեռնափոխադրումների համար հարմարավետ չեն: Միշտ իրար շալակ հեծած ենք տեղափոխվում, շնչելու օդ չկա, էնքան նեղվածք է, որ կոճակներդ պոկվում են, թեւերդ թուլանում, վարորդին թվում է, թե բեռ է տեղափոխում»,- «Առավոտին» դժգոհեցին սառնաղբյուրցիները:

Նրանց խոսքերով, գիծը շահած «Մարիամ 93» ընկերությունը յուրաքանչյուր բեռի համար 250 դրամ է ուզում՝ «Այսինքն մեկ ուղեւորի ուղեվարձի չափով գումար, ինչը գյուղացու համար անչափ թանկ է: Իսկ ավտոբուսը ոչ միայն հարմարավետ էր բեռների համար, այլեւ վարորդն ինքն էր բոլորին հարմարվում, բոլորին իրենց տներից վերցնում էր»:

Շիրակի փոխմարզպետ Միքայել Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նշյալ երթուղու համար մրցույթ հայտարարելիս մարզպետարանի հանձնաժողովը հաշվի չի առել այդ նրբությունները, եւ ավտոբուսը գծից հանել է: Փոխմարզպետը գյուղացիների վրդովմունքը բնական համարեց՝ ասելով, որ իրենք պատրաստվում են սառնաղբյուրցիների բողոքը փոխանցել տրանսպորտի նախարարությանը, քանի որ նախարարությունն է պատասխանատու մարզային երթուղիների մրցույթների համար: Մ. Վարդանյանը խոստովանեց, որ նման խնդիր առաջացել է նաեւ մյուս համայնքներում:

Մ. Վարդանյանի պարզաբանմամբ, մրցույթի ընթացքում հաշվի է առնվում մեքենայի տեխնիկական վիճակը՝ այն պետք է համապատասխանի ժամանակակից ու պահանջվող չափորոշիչներին. «Հին, մեծ մեքենաները դուրս են մնացել մրցակցությունից, իրենց տեղը զիջելով ավելի նոր՝ 2006-2007թթ. արտադրության մեքենաներին, որը մրցույթի առաջին պահանջն է»: Մեր հարցին, թե ինչո՞ւ մարզպետարանի հանձնաժողովը չի վերահսկում երթուղին շահած ընկերությունների գնային քաղաքականությունը եւ թույլ է տալիս, որ մրցույթը շահած տնտեսվարողը պայմանները խախտի եւ ուղեւորներին սահմանված ուղեվարձից թանկ գներով փոխադրի, փոխմարզպետը պատասխանեց. «Դա նախարարության ենթակայության տակ գտնվող տրանսպորտային տեսչության պարտականությունն է: Խախտումը, հավանաբար, մասսայական բնույթ չի կրում, այլապես՝ տեսչությունը կտուգաներ: Իսկ եթե գնի բարձրացում եղել է, ապա դա, հավանաբար, կապված է եղել ուղեբեռի փոխադրման հետ»: Մինչդեռ, սառնաղբյուրցիների վստահեցմամբ, միկրոավտոբուսների վարորդները գիծ մտնելուց մեկ ամիս չանցած՝ իրենց նախաձեռնությամբ ուղեվարձը 250-ից դարձրել են 300 դրամ, ինչը բոլորովին կապ չունի բեռնափոխադրման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30