Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱՏՈՒ

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Հայաստանում գործող գրեթե բոլոր տոնավաճառներում կրքերը շիկացած են

Տոնավաճառների վաճառականներն իրենց օրվա առեւտուրը թողած՝ ընկած են պաշտոնյաների դռները, գործադուլ ու ցույցեր են անում՝ փորձելով իշխանությունների ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, թե տոնավաճառների աշխատակիցների՝ հարկային դաշտ մտնելու դեպքում քանի ընտանիք սոված կմնա: Տոնավաճառների տնօրեններն իրենց վարձավճարների տերն են ու առեւտրականների հոգսերը նրանց ընդհանրապես չեն հուզում: Որքան էլ վաճառողները բողոքում են, որ գոնե տնօրեններն ամսական վարձավճարների չափը նվազեցնեն, որ իրենք կարողանան հարկային մուծումներ էլ կատարել, վերջիններս տեղի չեն տալիս, ասելով՝ «Չեք ուզում՝ մի աշխատեք»: Մինչդեռ շատ վաճառականներ տոնավաճառում ապրանք ծախելով՝ ընդամենն իրենց օրվա հացն են վաստակում ու մեկ օր անգամ չաշխատելու դեպքում փաստի առաջ կկանգնեն:

Օրերս «Առավոտին» են դիմել տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատակիցներ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց բողոքը. «Մենք՝ Երեւան քաղաքի բոլոր տոնավաճառների աշխատակիցներս, մեր դժգոհությունն ենք հայտնում այն հարցի կապակցությամբ, որ վերջին ժամանակներս պարբերաբար հարկային մարմինները ստիպողաբար պարտադրում են մեզ՝ դառնալ կրկնակի հարկատու, սպառնալով աներեւակայելի տուգանքներով, ապրանքների բռնագրավմամբ եւ, վերջապես, աշխատատեղի կորստով: Սա այն դեպքում, երբ մեզնից շատերը բարձր տոկոսադրույքներով բանկերից կամ անհատ անձանցից գումարներ են հայթայթում եւ, ժողովրդի անբավարար գնողունակության եւ խանութների հեղեղման հետեւանքով ստեղծված առեւտրի չափազանց վատ պայմաններում, հազիվ են ծայրը ծայրին հասցնում եւ աշխատում իրենց ընտանիքի հանապազօրյա հացը: Առանց լրացուցիչ հարկերի էլ մենք քիչ գումարներ չենք վճարում՝ ամեն մի քառակուսի մետրի համար, օրինակ՝ 9 քմ-ի համար ամսական վճարում ենք 176 հազար դրամ, 15 քմ-ի համար՝ 286 հազար դրամ, 18-ի համար՝ 352 հազար դրամ: Եթե սրան ավելացնում ենք այն լրացուցիչ ծախսերը, որոնք կատարում ենք ապրանքը վաճառատեղի հասցնելու համար (տրանսպորտ, մաքսային վճարումներ, հյուրանոց եւ այլ ծախսեր), ստացվում է, որ փոքր բիզնեսով զբաղվող քաղաքացիներս հսկայական գումարներ ենք ծախսում՝ ընդամենը մեր ընտանիքի գոյությունը պահելու համար:

Մենք գտնում ենք, որ մեզ պետական հոգածություն է հարկավոր եւ դրա համար անհրաժեշտ է, որ համապատասխան կառույցները, որոնք կոչված են հասարակ ժողովրդի շահերը պաշտպանելուն, լրջորեն ուսումնասիրեն մեզ կրկնակի հարկատու դարձնելու իրենց որոշումը: Դժվար չէ ստուգել, թե օրական որքան եկամուտ ենք մենք ստանում, դրանք հազիվ բավարարում են տարածքի վարձը՝ տոնավաճառի տնօրինությանը վճարելուն: Տոնավաճառներում առեւտրով զբաղվողների մեծ մասը կանայք են, որոնք երբեմն մոռանալով իրենց սեռական պատկանելությունը, ստիպված են լինում ստորացուցիչ պայմանների գնով արտերկրից ապրանք ներմուծել ու այդքան մեծ դժվարությամբ չնչին գումարներ վաստակել: Արդյոք այս փոքրիկ եկամտի ծորակը փակելը չի՞ նշանակում ավելացնել արտագնա աշխատանքի մեկնողների առանց այդ էլ հզոր բանակը: Ա՞յս է մեր անկախ պետականության վերջնական նպատակը, թե՞ պայմաններ ստեղծելը, որպեսզի դրսում ապրող մեր հարազատները հայրենիք վերադառնան եւ շենացնեն այն:

Մենք ձեզ խնդրում ենք ամենայն լրջությամբ ուսումնասիրել մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը, ներգրավելով այդ աշխատանքում սրտացավ եւ կոմպետենտ մարդկանց եւ մշակել պետական այնպիսի քաղաքականություն, որը կբխի մեր շահերից (չանտեսելով նաեւ պետության շահերը), զարկ կտա փոքր բիզնեսի զարգացմանը, քանի որ մեր հասարակության զգալի մասը գերազանցապես ապրում է դրա հաշվին»:

Նկատենք, որ որոշ տոնավաճառներում վաճառականները հանգստյան օր չունեն: Կան առեւտրականներ, որոնք տասը տարի շարունակ տոնավաճառում աշխատում են եւ ոչ մի օր հանգիստ չեն ունեցել: Տոնավաճառի տնօրինությունը թույլ է տալիս աշխատակիցներին հանգստանալ միայն սեփական գրպանի հաշվին: Հաշվի առնելով, որ մեկ օրվա տեղի վարձը նվազագույնը 5.500 դրամ է, ոչ մի առեւտրական իրեն թույլ չի տա հանգստանալ՝ իմանալով, որ այդ հանգիստն իրեն այդքան թանկ է արժենալու: Աշխատակիցներին հանգստյան օր չտալը «Աշխատանքային օրենսգրքի» կոպիտ խախտում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել