Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկը Ադրբեջանի դեմ միայնակ է պատերազմում

Ապրիլ 30,2007 00:00

Այս գյուղի բնակիչներին հիշում են միայն ընտրությունից ընտրություն

Խաչիկ գյուղը Վայոց ձորի մարզի սահմանամերձ գյուղերից է: Սակայն ինչպես գյուղի բնակիչներ են պատմում, ոչ սահմանային գյուղերի հետ համեմատած՝ իրենք առավել վատ պայմաններում են ապրում: «Մեր գյուղում բարվոք վիճակում միայն ճանապարհն է. որովհետեւ գյուղում զորամաս կա ու բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են այդ ճանապարհով անցնում»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին խաչիկցիները: Նրանց խոսքերով. «Արդեն հոգնել ենք մեր դարդ ու ցավից խոսելով, մեկ է՝ օգուտ չունի: 4-5 տարին մեկ Խաչիկ եկած քաղաքական գործիչներին խնդրում-աղաչում ենք, որ ընտրվելու դեպքում սահմանային գյուղերի հարցով էլ զբաղվեն, բայց խոստումներն այդպես էլ օդի մեջ են մնում, իսկ գյուղացու վիճակն էլ տարեցտարի ավելի է վատանում: Սովետի փլուզումից հետո այստեղ քարը քարին չի դրվել: Այս տարի Խաչիկում արդեն 15 մարդ է մահացել եւ ոչ մի երեխա չի ծնվել»: Խաչիկցիների ներկայացմամբ, ձմռան ամիսներին ստիպված են լինում իրենց այգիների պտղատու ծառերը կտրատել տները ջեռուցելու համար. «Էլեկտրականությամբ չենք կարող տաքացնել՝ թանկ է նստում, գազ էլ չունենք, բա ո՞նց դիմանայինք սառնամանիքին: Հերթը հասել է ընկույզի ու խնձորի ծառերին: Ափսոսում էինք, բայց ճար չունեինք, այս ձմեռ դրանք էլ հատեցինք»:

Այս գյուղի բնակիչների ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է: Սակայն այդ գործն էլ խաչիկցիները մեծ ջանքերի գնով են գլուխ բերում, քանի որ անասնակերի թանկ լինելու պատճառով չեն կարողանում գնել եւ ժամանակ առ ժամանակ ստիպված են լինում անասուններին մորթել:

«Քչերն են այստեղ գնում հանդերում աշխատելու, քանի որ լավ բերք տվող հողերը հենց սահմանի բերանին են, իսկ հայկական զինվորական զորամասը մեզանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա է: Եթե հանկարծ թշնամին վրա տա՝ ոչ մեկն էլ չի հասցնի փրկել»,- պատմում են գյուղացիները: Նրանց խոսքերով, մի անգամ էլ մի քանի ադրբեջանցի հարձակվել է հանդից վերադարձող մի հայ երիտասարդի վրա եւ պահանջել, որ իրենց տարածք այլեւս չմտնի, սակայն այդ պահին բարեբախտաբար օգնության են հասել համագյուղացիները եւ պատմությունն ավարտվել է ադրբեջանցիներից մեկի մահվամբ: «Հետո էլ նրա դիակը հանձնեցինք՝ պայմանով, որ պետք է մեր հանդերում ցանած ցորենը հնձենք: Շատ հաճախ էլ պատահում է, որ մի կերպ սերմացու ենք գնում ու ցանում, բայց հետո չենք կարողանում հնձել, քանի որ թշնամին թույլ չի տալիս, մենք էլ վախենում ենք»,- ասում էին խաչիկցիները: Հայրենական մեծ պատերազմի վետերան Անուշավան Հարությունյանի ներկայացմամբ էլ՝ «մինչ այժմ չեմ կարողացել պատերազմի մասնակցի վկայականս ձեռք բերել, դրա համար էլ են գումար պահանջում: Որտեղից տամ, ընդամենը 15 հազար դրամ թոշակ եմ ստանում, տղաս Արցախի պատերազմում զոհվել է: Տղայիս 3 որբերին եմ պահում: Ինձ ասում են՝ ինչ ես անում վկայականը, արդեն 80 տարեկան ես, հեսա մեռնելու ես: Բայց կարող ա ես դեռ մի քանի տարի էլ ապրում եմ, չէ՞»: Գյուղն այս տարի ունի ընդամենը 5 առաջին դասարանցի: Դպրոցի տնօրեն Սուրեն Ավետիսյանի խոսքերով. «Առաջ աշակերտներին երբ կանչում էինք ու ասում, որ իրենք պիտի օգնություն ստանան՝ վիրավորվում էին: Իսկ հիմա հասել ենք այն օրին, որ իրենք են գալիս օգնություն խնդրում»: Դպրոցի ամենաշատ աշակերտները 10-րդ դասարանում են՝ 30 հոգի: Դպրոցն ավարտած երիտասարդները ուսումը չեն կարողանում շարունակել. «Չեն էլ ամուսնանում, որովհետեւ գյուղում աշխատատեղեր էլ չկան, բոլորն էլ ձգտում են Երեւանում ապրել ու աշխատել»: Գյուղում 743 ընտրող կա: Խաչիկցիները հավատացնում էին, որ իրենց մոտ ոչ մի անգամ ընտրակեղծիքներ չեն եղել եւ ընտրացուցակներում էլ անճշտություններ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30