Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողներն արդարանալու ձեւը գտել են

Ապրիլ 30,2007 00:00

Հարկայինը կպարզի, թե գերշահույթներն ում գրպանն են մտնում

Գործարարներն անընդհատ ավելի են «կատարելագործում» բիզնեսի կառավարման մեթոդներն ու սպառողների հաշվին ավելի շատ եկամուտներ ստանալու նորանոր եղանակներ գտնում, ընդ որում՝ օրենքների ակնհայտ խախտումներ թույլ չտալով:

Ինչպես հայտնի է, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորի նախաշեմին հավի ձվի, ցեմենտի, բենզինի, գաջի եւ այլ շուկաներում ուսումնասիրություններ էր արել եւ պարզել, որ տոներից առաջ լայն սպառման ապրանքների գները շեշտակիորեն աճում են, չնայած դրա համար որեւէ հիմնավոր պատճառ չկար: Ուսումնասիրությունների արդյունքում թեեւ հանձնաժողովը գերիշխող դիրք ունեցող մի քանի ընկերությունների տուգանեց, սակայն որոշ խնդիրներ բաց մնացին: Խնդիրն այն է, որ շուկայում գործող խոշորագույն ընկերությունները մի շարք փաստաթղթեր ու ապացույցներ են ներկայացրել, որ ապրանքներն իրենց կողմից չեն թանկացվել, սակայն փաստն այն է, որ սպառողներին այդ ապրանքները հասնում են մի քանի անգամ բարձր գներով: Ըստ հանձնաժողովի, որոշ շուկաներում թանկացումները իրավաբանորեն անում են ոչ թե արտադրողները, այլ միջնորդ օղակները կամ առեւտրի օբյեկտները, որոնք էլ ապրանքները ստանալով արտադրողներից կամ ներկրողներից, թանկ գներով վերավաճառում են սպառողներին: Ըստ հանձնաժողովի, որոշ շուկաներում, այսպես կոչված, միջնորդ կազմակերպության կամ առեւտրի օբյեկտի ավելացրած գումարը երբեմն 30-38 %-ով ավելի է, քան արտադրողի իրացրած գինը:

Ինչպես տեղեկացանք հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանից, մի շարք շուկաներում կատարած ուսումնասիրությունների արդյունքները հանձնաժողովն ուղարկել է Հարկային պետական ծառայություն, որպեսզի վերջինս ստուգի, թե տվյալ ոլորտներում ապրանքներ վաճառող միջնորդ կազմակերպություններն ու առեւտրի օբյեկտներն իրենց հարկային պարտավորությունները պատշաճ կատարո՞ւմ են, թե՞ ոչ: Մասնավորապես ուղարկվել են «Գաջ» եւ «Գաջեգործ», «Արարատցեմենտ» եւ «Միկա ցեմենտ», «Սալեքս գրուպ», «Կոտայք» գարեջրի գործարան» եւ «Երեւանի գարեջուր», «Լուսակերտի ՏԹՖ», «Արզնու Տոհմային ԹՏԽ» եւ «Երեւանի ԹՖ» գործունեության մասին տվյալներ ու փաստեր:

Նկատենք, որ շատ դեպքերում «միջնորդ օղակը» եւ ապրանք արտադրողը միեւնույն գործարարին են պատկանում: Օրինակ, Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտի» արտադրանքը վաճառվում է նրա բենզալցակայաններում: Դրանք, ինչպես գործարանի տնօրենը նշեց հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ, «տարբեր իրավաբանական կազմակերպություններ են», չնայած միեւնույն մարդուն են պատկանում:

Հանձնաժողովը չի բացառում, որ «նման կազմակերպությունների կողմից պատշաճ չեն կատարվում հարկային պարտավորությունները. օրինակ, հնարավոր է, թաքցվում են շրջանառության իրական ծավալները՝ հարկման ավելի բարենպաստ ռեժիմից (ասենք՝ պարզեցված հարկից) օգտվելու նպատակով»: Բացի այդ, հնարավոր է՝ միջնորդներն ավելի մեծ շահույթ են ստանում, քան արտադրողները, իսկ արդյոք նրանք կատարո՞ւմ են իրենց պարտավորությունները պետության նկատմամբ՝ կպարզվի հարկային ստուգումների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30