ԵՊՀ ուսանողների հետ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանդիպումն էլ չանցավ առանց ժողովրդական ֆոլկլորի մեջբերումների ու լեզվի սայթաքումների:
Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց ԵՊՀ ուսանողության հետ: Ձերդ գերազանցությունը (այս քծնողական ձեւակերպմամբ էր նախագահին անընդհատ պատվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը) իր ներածական խոսքում անդրադարձավ ընտրություններին: Նախագահի կարծիքով, ի տարբերություն նախորդ տարիների, քարոզարշավն այժմ հանգիստ է եւ քաղաքակիրթ, պատճառն էլ այն է, որ քաղաքական ուժերը հիմնականում հրաժարվել են ծայրահեղ կարգախոսներից. «Կարծում եմ նաեւ, որ այս ամենի վրա ազդեցություն ունեցան այն զարգացումները, որոնք եղան Ուկրաինայում եւ Ղրղըզստանում… Բոլորի համար պարզ է, որ իշխանության ոչ իրավական հասնելու ճանապարհը շատ թանկ է նստում երկրների եւ ժողովուրդների համար»: Նախագահը նաեւ հայտարարեց, որ դիտորդներ հրավիրելը երկրի իրավունքն է եւ ոչ թե պարտականությունը: «ԵԱՀԿ-ն մեր վերադասը չէ, ոչ էլ դիտորդները նախկին կենտկոմի հրահանգիչներն են, որ գան մեզ հրահանգ տան»,- ասաց Ռ. Քոչարյանն ու ուսանողներին պատմեց, որ երիտասարդ տարիներին ինքը քաղկոմի հրահանգիչ է եղել: Նախագահն ասաց, որ համաձայն չէ ԵԱՀԿ եւ տեղական դիտորդների այն գնահատականին, որ լրատվամիջոցները խախտում են նախընտրական հավասարակշռությունը՝ լուսաբանելով վարչապետ եւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատար Սերժ Սարգսյանի գործունեությունը. «Կառավարությունը շարունակում է աշխատել, իսկ Սահմանադրությունը չի ասում, որ քարոզարշավի ժամանակ կառավարությունը կարող է կիսով չափ աշխատել, կարող է նիստեր չհրավիրել եւ որոշումներ չկայացնել»:
Այնուհետեւ ԵՊՀ ուսանողները, երեւի նախապես պատրաստված սցենարով, համապատասխան հարցեր ուղղեցին երկրի ղեկավարին: Օրինակ՝ քաղաքագիտության բաժնի 3րդ կուրսի ուսանող Ստեփանին հետաքրքրում էր երիտասարդությունն ինչ ձեւերով պիտի մասնակից դառնա քաղաքական կյանքին, խրախուսելի՞ է ապակուսակցական լինելը: Նախագահն ասաց, որ շատ բնական է, որ երիտասարդների մի մասն անտարբեր է ընտրությունների հանդեպ, հեռու քաղաքականցված լինելուց եւ զերծ կուսակցական հակումներից: «Ես էլ երիտասարդ ժամանակ այդքան քաղաքականացված չէի, բայց ժամանակները փոխվեցին, կենսագրությունը այլ դրսեւորում ստացավ, եւ ես դարձա երկրի նախագահ, թեեւ որեւէ կուսակցության անդամ չեմ, առաջնորդ չեմ: Այնպես որ, ամեն մարդ իր տեսակին, հոգեվարքին (հավանաբար՝ հոգեկերտվածքին-Գ. Հ.) հարիր որոշում պիտի ընդունի»,- ասաց Ռ. Քոչարյանը:
Միհրան անունով մի ուսանող հետաքրքրվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի աղմկալի պատմությամբ, հարցնելով՝ այդյո՞ք դա պետական դավաճանություն է:
«Երբ հրապարակվեց այդ ձայնագրությունը «Գոլոս Արմենիի» թերթում, հենց առաջինը, ինչի մասին մտածեցի՝ այն էր, որ դա չի կարող իրականություն լինել: Անմիջապես հանձնարարեցի մեր անվտանգության ծառայությանը կապվել խմբագրության հետ եւ ուսումնասիրել բոլոր հանգամանքները: Ցավով եմ ասում, բայց այն, ինչ տպագրվել է, ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը, դա այդպես եղել է եւ այդ փաստը անժխտելի է: Նույնիսկ ուսումնասիրման պահին նոր բաներ են պարզվել, նոր հանգամանքներ: Օրինակ, ՆԺ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել էր «ԱԼՄ»-ի ուղիղ եթերով, որ ինքը դեռ 1,5 ամիս առաջ ուներ այդ ձայնագրությունը: Մեր հատուկ ծառայությունը ուղղակի հրավիրել էր նրան զրույցի՝ անլուրջ ընդունելով նաեւ այդ հայտարարությունը: Բայց Արամ Կարապետյանը անժխտելի փաստեր ներկայացրեց, որ իրականում այդ ձայնագրությունն ունեցել է եւ այն ինչ-որ մեկը դրել է իր դռան փալասի տակ… Չեմ ուզում իրավաբանական տերմիններ օգտագործել, բայց ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Այն ավելի այլանդակ տեսք ունի, որովհետեւ սեփական նախաձեռնությամբ դու համոզում ես օտարերկրյա դիվանագետին, դեռ 3 ամիս առաջ ընտրություններից, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները վատ գնահատական ստանան: Մենք հարյուրավոր զանգեր ենք ստանում այս փաստի հետ կապված, նաեւ տարբեր կարգի առաջարկներ, թե ո՞նց կարող է նման քաղաքական գործիչը մասնակցել ընտրություններին… Մտածենք, որ կա Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման հարց: Իսկ մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ: ՕԵԿ 1000-ավոր շարքային անդամները պետք է շատ լուրջ մտածեն, թե ում են ծառայում եւ ինչի համար»,- ասաց Ռ. Քոչարյանը:
Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գառնիկը հարցրեց նախագահի կարծիքը Ջավախքի իրավիճակի եւ Վրաստանի իշխանությունների այն հայտարարությունների մասին, թե 2010- 11թթ. Ջավախքի դպրոցներում ուսուցումը պետք է իրականացվի վրացերեն: «Եթե մենք ուզում ենք, որ Ջավախքը մնա մերը եւ բնակչությունը այնտեղ ապրի՝ լիարժեք ինտեգրվելով Վրաստանի հասարակությանը, նաեւ դերակատարություն ունենա Վրաստանում, ապա վրացերեն իրենք պետք ա խոսան, չեմ տեսել եվրոպական որեւէ երկրում կայացած մի համայք, որը այդ երկրի լեզվին չտիրապետի… պատկերացրեք ֆրանսահայ համայնքը ֆրանսերեն չխոսա, ի՞նչ հզորություն կունենա»,- ասաց երկրի ղեկավարը:
Քաղաքագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Ոսկանյան Արամն էլ հարց հնչեցրեց՝ Հայաստանն ի վերջո դո՞ւրս է եկել անցումային փուլից, թե՞ ոչ: Ռ. Քոչարյանի ձեւակեպմամբ, անցումային փուլի ամենաբարդ հատվածը երկիրը հաղթահարել է, բայց դեռ կան անելիքներ. «Դեռ մեկ հնգամյակ լինելու ենք անցումային փուլում: Մյուս կողմից էլ 6 տարի անընդմեջ 12,5% տնտեսական աճը լուրջ ցուցանիշ է… Բերեք երկրների օրինակներ, որ նավթ ու գազ չունեն, բայց զարգացման նման տեմպեր ունեն: Հլա Ադրբեջանի նավթը հանեք, տեսեք տակը ինչ կմնա»:
Սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Ժաննա Բուդաղյանի հարցը բուհական կոռուպցիայի եւ ԿԳ նախարարի պորտֆելը անկուսակցական դարձնելու մասին էր:
«Չեմ կարծում, որ կոռուպցիայի դրսեւորումը կախված է նախարարի կուսակցական պատկանելությունից»,- ասաց նախագահը: Հետո էլ անդրադարձավ Հայաստանում տարածված մի երեւույթի. «Մեզ մոտ սովորություն կա, դե՝ պապա ա, մի քիչ էլ փող ունի, տղան ո՞նց թե դիպլոմ չունենա, շատերի համար պրեստիժի խնդիր ա դիպլոմ չունենալը եւ վատ սովորողի համար՝ 5 ստանալը: Կամ ասում են՝ իմ երեխան ինչի՞ պիտի վճարովի սովորի: Ի՞նչ անենք, իմ երեխան էլ ա վճարովի սովորել, պագոնիս մի աստղը նվազել ա՞, էլի նույն նախագահն եմ»:
Մի ուսանող էլ հետաքրքրվեց՝ ամիսներ առաջ հեռուստահարցազրույցներից մեկում նախագահ Քոչարյանը հայտարարել էր, թե կցանկանար ապագա խորհրդարանում տեսնել ՀՀԿ, ԲՀԿ, ՄԱԿ եւ ՀՅԴ կոալիցիա, արդյո՞ք նրա այդ ցանկությունը դեռ ուժի մեջ է: «Ես ուզում եմ հիշել, ասել եմ՝ կցանկանայի՞, թե՞ ասել եմ՝ հավանական է: Տարբեր շեշտադրումներ են այստեղ… բայց եթե դուք ուզում եք իմանալ, ես ցանկանո՞ւմ եմ, որ լինեն: Այո՛, ես ցանկանում եմ»,- պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը: