Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինքան» տոկոսով փոխառություննե՞ր է տվել

Ապրիլ 30,2007 00:00

Տասնյակ կարիքավորներ դարձել են հարստացման միջոց

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանի գրասեղանին էր գտնվում ամերիկյան «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի գործը: Նախկին վարչապետին դիմել էին 300-ից ավելի քաղաքացիներ, հայտնելով, որ բարեգործական այս հիմնադրամը «իրականացնում է լիցենզավորված հիմնարկին վերապահված գործողություններ, տոկոսով փոխառություններ է տրամադրում բարեգործության կարիք ունեցող անձանց», ինչի արդյունքում իրենք կորցրել են իրենց վերջին ունեցվածքը, բնակարանները՝ դառնալով բարեգործականի «հարստացման միջոց»:

Ըստ տուժողների, «Ֆինքա» բարեգործական հիմնադրամը տոկոսով գումար տալով՝ իրականացնում էր բանկերին եւ դրանց հավասարեցված կազմակերպություններին վերապահված գործունեություն:

«Առավոտի» աղբյուրի պնդմամբ, Կենտրոնի ոստիկանության բաժնում անցյալ տարվա մայիսից քննություն է սկսվել բարեգործական հիմնադրամի գործունեության հետ կապված: 1999-2000թթ. գործող այս հիմնադրամը իր ստացած եկամուտներից հարկեր չի վճարել պետությանը՝ իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, առանց պետական գրանցման եւ առանց հատուկ թույլտվության: «Բարեգործական հիմնադրամը օգտվել է մեր քաղաքացիների նյութական դժվարին վիճակում գտնվելու հանգամանքից, ինչպես նաեւ իրավաբանական գիտելիքների բացակայությունից, տոկոսով գումար է գանձել, ինչի իրավունքը չուներ»,- ասում է «Սաշիկ» խմբի իրավական շահերը ներկայացնող փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանը: Ըստ վերջինի էլ, 5 հոգանոց փոխատվական խումբ է ստեղծվել «Սաշիկ» պայմանական անունով, որին «Ֆինքան» տրամադրել է 1 մլն 300 հազար դոլար գումար՝ 0,625 տոկոսով: Նպատակն էր աջակցել ձեռնարկատիրական գործունեությանը: Շաբաթը մեկ, ըստ «Ֆինքայի» հետ կնքած պայմանագրի, քաղաքացիներից մեկը որոշակի գումար էր վերադարձնում «Ֆինքային», իսկ տոկոսը չտալու դեպքում աճուրդի էր հանվում նրա բնակարանը: Նշենք, որ դատական ակտերի հարկադիր ծառայությունը 10.000-ից ավելի աճուրդ է իրականացրել հօգուտ «Ֆինքայի»:

Ըստ այս գործով ներգրավված իրավաբանների, վարկային կազմակերպությունների գործունեության բացառիկ իրավունքը վերապահված էր միայն Կենտրոնական բանկին, մինչդեռ վերջինս «Ֆինքայի» նկատմամբ ցուցաբերել է հանդուրժողականություն: «Ֆինքան» չի ունեցել ԿԲ-ի կողմից տրված լիցենզիա՝ փոխառություններ տրամադրելու համար: Կազմակերպությունը խախտել է նաեւ «Հիմնադրամների մասին» օրենքը, որի համաձայն՝ շահառուներին օգնությունն անշահախնդիր էր տրվելու: «Ֆինքան» իր կանոնադրության մեջ գրել է, որ «հիմնադրամն անդամություն չունեցող, ոչ առեւտրային կազմակերպություն է», այսինքն՝ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն, «որը հետապնդում է բարեգործական, սոցիալական եւ հանրօգուտ նպատակներ»:

Երեկ Կենտրոնի ոստիկանության ավագ քննիչ Էդիկ Հակոբյանից փորձեցինք իմանալ նախաքննության որոշ մանրամասներ, սակայն պրն Հակոբյանը, նախաքննության շահերից ելնելով, ձեռնպահ մնաց որեւէ տեղեկություն մեզ տրամադրել: Միայն հաստատեց, որ իր վարույթում կա նման գործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել