Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՔԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Նրանց այդ քայլին դրդում է հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրինությունը

Աբովյանի հակատուբերկուլյոզային հանրապետական դիսպանսերում այս օրերին խիստ լարված եւ անառողջ մթնոլորտ է: Դիսպանսերի աշխատակիցները հիվանդների հետ միասին բողոքի մեծ ալիք են բարձրացրել հիվանդանոցի տնօրեն Մարինա Սաֆարյանի դեմ, որը մոտ 2 ամիս է՝ ինչ դիսպանսերի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: «Ինչ նա եկել է՝ այստեղ ամեն ինչ խառնվել է իրար, տնօրենն ինչ խուլիգանություն ասես, որ չի անում: Իրեն հիվանդանոցի տերուտիրական է զգում ու օրումեջ բաժանմունքներ է փակում-բացում, գիտի էստեղ խաղ ենք խաղում»,- «Առավոտին» իր դժգոհությունը հայտնեց դիսպանսերի երկրորդ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Անուշ Սամատովնան:

Տնօրենին զայրացրել է այն, որ իրեն եկած օրվանից հիվանդանոցում լավ չեն ընդունել, նա էլ, որպես պատիժ, բոլոր ընդդիմադիր աշխատակիցներին առաջարկել է դիմում գրել ու ազատվել, իսկ երբ հիվանդներն են աղմուկ բարձրացրել՝ բողոքելով, որ իրենց բուժումը կիսատ կմնա, առանց բժիշկների չեն կարողանա առողջանալ՝ տնօրենն այդ բացիլակիր հիվանդներին նույնպես հիվանդանոցից դուրս է գրել: Դիսպանսերում բուժվող հիվանդներից մեկի՝ Քնարիկի խոսքերով՝ «Մենք հացադուլ ենք հայտարարել, որովհետեւ տնօրենը մեզ տեռորի է ենթարկում, մենք իբր եկել ենք հիվանդանոց՝ բուժվելու, բայց մեր կյանքն ուտում են, ամեն օր մի կռիվ, մի պատմություն լինում է: Ես երկրորդ ստացիոնար բուժումն եմ ստանում, դեռ վարակակիր եմ, բայց տնօրենն ինձ դուրս է գրել, ինչ է թե՝ բողոքողների մեջ եմ եղել»: Գեւորգը տուբդիսպանսերում բուժվում է արդեն 8 ամիս: Նա նույնպես դեռ բացիլակիր է, այդուհանդերձ, տնօրենի դեմ բողոքելը նրա վրա էլ թանկ է նստել, չնայած բուժման կուրսը դեռ կիսատ է, նրան էլ տնօրինությունը հիվանդանոցից դուրս է գրել: Գեւորգի խոսքերով՝ «Ես ընտանիք՝ կին, երեխաներ ունեմ, եթե տուն գնամ՝ նրանց կվարակեմ: Սակայն ինձ փոխտնօրենը կանչեց ու ասաց՝ կարաս տուն գնաս՝ գարուն ա, ծաղիկներ, ասում ա՝ գնա էդ գարնանային պայծառ եղանակը վայելի: Իրանց համար նշանակություն չունի՝ բուժվե՞լ եմ, թե՞ չէ: Տնօրենը բժիշկների հետ անընդհատ հաշիվներ է մաքրում ու դրանից մենք ենք տուժում: Ամեն առավոտ աչքներս բացում ու իմանում ենք՝ էս բժշկին ա դուրս գրել, էն բաժանմունքն ա փակել: Որ օրը բողոքում ենք՝ էդ օրը մեզ դեղ չի տալիս, վիտամիններն ու սրսկումները պակասացնում ա»:

Այն, որ տնօրենը հիվանդներին պատժում է՝ նրանց դեղերը չտալով՝ հաստատեցին նաեւ հակատուբերկուլյոզային դիսպանսերի այլ աշխատակիցներ ու մյուս հիվանդները: Մինչեւ նոր տնօրենի նշանակվելը՝ հիվանդանոցի երկրորդ թերապեւտիկ բաժանմունքում բուժվել է մոտ 45 հիվանդ, իսկ ներկայումս նրանց թիվը հազիվ 14 է, մնացած 31 հիվանդներին դեռեւս չբուժված դուրս են գրել, բաժանմունքն էլ՝ «օպտիմալացրել»: Բժշկուհի Անուշ Սամատովնայի տեղեկացմամբ՝ վերջերս էլ տնօրենը «զոռով» դուրս է գրել ստացիոնար բուժվող 2 հիվանդի. «Նրանցից մեկը Մարտունիից է, մյուսը՝ Նոյեմբերյանից: Այն հիվանդներին, ովքեր բողոքավոր չեն ու տնօրենի դեմ դուրս չեն գալիս՝ իր ցանկությամբ ու քմահաճույքով տնօրենը տեղավորել է տարբեր բաժիններում, բայց դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, դա անթույլատրելի է, հիվանդները հո խաղալի՞ք չեն, նրանց պետք է նորմալ բուժում տալ: Վերջին երկու ամսում էս կռիվների արդյունքում շատերի առողջական վիճակը վատացել է, հիվանդներ կային, որ համարյա թե բուժվել էին, բայց դեղերն այնքան պահեց, չտվեց, որ բուժման կուրսն անտեղի անցավ»:

Այս առնչությամբ երբ «Առավոտը» դիմեց տնօրեն Մարինա Սաֆարյանին՝ պարզաբանումներ ստանալու, վերջինս հորդորեց. «Ինձ բոլոր հարցերը գրավոր ուղարկեք, երբ կպատասխանեմ՝ կպատասխանեմ»: Երբ առաջարկեցինք իր աշխատավայրում՝ Աբովյանի տուբդիսպանսերում հանդիպել ու զրուցել՝ նա հրաժարվեց՝ «ես շատ զբաղված մարդ եմ եւ ժամանակ չունեմ»:

Առողջապահության նախարարությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ այդ տնօրենին փորձնական են նշանակել՝ 3 ամիս ժամկետով, եթե իրեն չարդարացնի՝ բնականաբար կազատեն: Նախարարությունը տեղյակ էր, թե ինչ է այս օրերին կատարվում տուբդիսպանսերում: Նրանց հիվանդներն ու բուժաշխատողներն են բողոքել, որոնց հիման վրա կազմվել է հանձնաժողով: Ինչպես «Առավոտին» փոխանցեց լրատվական բաժնի պատասխանատու Ռուսլաննա Գեւորգյանը՝ «նախարարության կազմած հանձնաժողովն ամեն ինչ արձանագրել է: Մենք առաջիկայում միջոցներ կձեռնարկենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել