Նա ԿԸՀ-ից եւ ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է վերականգնել իր՝ որպես թեկնածուի, օրենսդրությամբ ամրագրված իրավունքները:
Երեկ Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով եւ քաղաքացիական նախաձեռնությամբ պատգամավորության թեկնածու Վարդան Մալխասյանը, ով կալանավորված է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչ անելու համար եւ դեռեւս գտնվում է ԱԱԾ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, դիմումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նաեւ միջազգային դիտորդական առաքելություններին: Դիմումում պատգամավորի թեկնածուն նշել է, որ թեեւ ինքը թիվ 14 ընտրատարածքում գրանցված է որպես պատգամավորության թեկնածու եւ իրեն տրվել է համապատասխան վկայական, բայց սույն ամսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է եւս երկու ամսով՝ մինչեւ հունիսի 10-ը իրեն կալանքի տակ պահելու քննչական մարմնի միջնորդությունը՝ առանց հաշվի առնելու իր պատգամավորության թեկնածու լինելու հանգամանքը: Վ. Մալխասյանի արձանագրմամբ, դրանով «դատարանը կոպտորեն խախտել է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 111 հոդվածի 6-րդ մասը, որը սահմանում է, որ պատգամավորության թեկնածուն կարող է կալանավորվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ինչպես նաեւ խախտել է պատգամավորության թեկնածուների իրավահավասարության սկզբունքը՝ մյուս թեկնածուների հետ հավասար իրավունքներից օգտվելու իրավունքը, եւ, ըստ էության, ես զրկված եմ իմ նախընտրական քարոզչությունը կազմակերպելու հնարավորությունից»: Թեկնածուն արձանագրել է, որ այդպիսով ինքը զրկված է նախընտրական քարոզչությանն անձամբ մասնակցելու հնարավորությունից եւ մյուս թեկնածուների համեմատ գտնվում է ակնհայտորեն անհավասար պայմաններում: Վ. Մալխասյանն իր դիմումում վկայակոչել է ՀՀ «ԸՕ» 41 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ըստ որի՝ ԿԸՀ-ն պարտավոր է «մեծամասնական ընտրատարածքներում գրանցված թեկնածուների համար ապահովել նախընտրական գործունեության հավասար պայմաններ», ուստի՝ ելնելով բոլոր թեկնածուների համար նախընտրական գործունեության հավասար պայմաններ ապահովելու՝ օրենքով իր վրա դրված պարտավորությունից, պարտավոր է հարցը քննարկել եւ որոշում կայացնել: Թեկնածուն մեջբերել է նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ «դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ», եւ շեշտել, որ ՀՀ Քր.դատ.օր.-ի 151 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «կալանավորման եւ գրավի ձեւով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխվել եւ վերացվել դատարանի կողմից, իuկ քրեական գործով մինչդատական վարույթում՝ նաեւ դատախազի կողմից», իսկ նկատի ունենալով, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը առաջին ատյանի դատարանը կայացրել է առանց օրենքով պահանջվող ԿԸՀ-ի համաձայնության, այսինքն՝ օրենքի պահանջի կոպիտ խախտումով, «հետեւաբար գտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը՝ որպես հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող պաշտոնատար անձ, կարող է եւ պետք է փոխարինի իմ նկատմամբ կիրառած խափանման միջոցը այնպես, որպեսզի ես հնարավորություն ունենամ անձամբ մասնակցելու նախընտրական քարոզչությանը եւ կազմակերպելու այն»: Դիմումի հասցեատերերից Վ. Մալխասյանն ակնկալում է «համապատասխան միջոցների շուտափույթ ձեռնարկում՝ իմ իրավունքների խախտումները հնարավորինս շուտ վերացնելու եւ նախընտրական քարոզչությանը լիարժեք մասնակցությունս ապահովելու ուղղությամբ»: