Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-Ն ՏԵՐ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ ԻՐ ՍՏԱՑԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔՎԵԻՆ»

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Վստահեցնում է կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հարություն Քուշկյանը

– Դուք արդեն մի քանի տարի չէիք զբաղվում քաղաքական գործունեությամբ, թեպետ ժամանակին բավականին ակտիվ պատգամավոր եւ գործիչ էիք։ Ինչո՞ւ հիմա որոշեցիք վերադառնալ քաղաքականություն:

– Ճիշտն ասած, իմ բժշկական գործունեության մեջ բավականաչափ գործեր եմ կատարել, այսօր հիվանդանոցներս ղեկավարվում են շատ հմուտ վարչակազմի կողմից, եւ մտածեցի, որ գուցե տարիների իմ կուտակած փորձն ու գիտելիքները առողջապահության ոլորտի կազմակերպման եւ զարգացման ասպարեզում պետք կգան նաեւ օրենսդրական դաշտում՝ այդ կերպ եւս օգտակար լինելով թե՛ առողջապահական համակարգին, թե՛ մեր ժողովրդին: Հատկապես որ՝ առողջապահական համակարգում դեռեւս կան ոլորտներ, որոնք լուրջ օրենսդրական շտկման եւ կարգավորման անհրաժեշտություն ունեն։

– Հայտնի է, որ դուք ղեկավարել եք օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովը, նկատի ունեմ, որ Գագիկ Ծառուկյանի հետ համատեղ աշխատանքի փորձ արդեն ունեք:

– Այո, օլիմպիական կոմիտեի գործունեության շրջանում աշխատել եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ կարող եմ ասել, որ այդ կարեւորագույն եւ հայրենանվեր աշխատանքը Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվեց իսկապես պատվախնդրորեն, եւ, ի ուրախություն մեր ողջ ժողովրդի՝ մենք այսօր տեսնում ենք այդ աշխատանքի պտուղները, ինչի վկայությունն է մեր մարզիկների վերջին փայլուն հաղթանակը. վստահ եմ, որ դա սկիզբն է մեր ապագա բոլոր հաղթանակների։

– Ժամանակին դուք Ազգային ժողովում, կարծեմ, «Հանրապետություն» միավորման անդամ էիք, հիմա ընտրել եք «Բարգավաճ Հայաստանը», ինչո՞ւ։

– Ինքս սիրում եմ մասնակից լինել նորի ստեղծմանը, հատկապես, եթե դա ուղղված է մեր երկրի ու ժողովրդի բարգավաճմանը։ Եվ այդ առումով «Բարգավաճ Հայաստանը» հենց այն քաղաքական նորաստեղծ ուժերից է, որը լիարժեք հնարավորություն ունի իր հաստատուն խոսքն ասելու մեր երկրի շարունակական զարգացման գործում: Վստահեցնում եմ ձեզ, որ «Բարգավաճ Հայաստանը»՝ իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, իրականություն է դարձնելու այն ամենը, ինչը ամրագրված է կուսակցության նախընտրական ծրագրում: Ես, որպես քաղաքացի, գտնում եմ, որ կուսակցության նպատակները բացառապես բխում են ժողովրդի շահերից, ուստի պատահական չէ, որ կուսակցության հիմնական կարգախոսն է՝ «Ժողովրդի կողքին, ժողովրդի համար»։

– Սակայն այսօր նույն ԲՀԿ-ին մեղադրում են բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու մեջ, եւ բարեգործությունների ցանկում, որոնք իրականացնում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, մեծ տեղ ունեն նաեւ առողջապահական հարցերը: Կարծեմ, դուք եւս անմիջական մասնակցություն ունեք այդ բարեգործություններին՝ ձեր գլխավորած բուժհիմնարկների միջոցով: Դուք այդ կարգի գործընթացները համարո՞ւմ եք քաղաքական ուժին, քաղաքական գործչին հարիր:

– Նախ ասեմ, որ այն բուժօգնությունը, ինչի մասին դուք խոսում եք, ժողովրդին ցուցաբերվում է միշտ եւ նախընտրական շրջանում՝ նույնպես։ Թե՛ տարբեր քաղաքական ուժեր եւ թե՛ բուժհիմնարկներն իրենք են պարբերաբար նման շրջայցեր կազմակերպում, որոնց ընթացքում անվճար բուժօգնություն է ցուցաբերվում սոցիալապես խոցելի խավերին, եւ այդտեղ ընտրակաշառք փնտրելն ուղղակի անլուրջ է։ Մեր սուրբ պարտքն է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց, լինել մարդկանց կողքին, եւ կարծում եմ, հենց դա է մեր մասնագիտության մեջ ամենակարեւորը։ «Էրեբունի» բժշկական կենտրոնն ու իմ ղեկավարած մյուս բուժհիմնարկները ողջ տարին են զբաղված դրանով՝ առանց ժողովրդին մատուցվող այդ ծառայությունը կապելու քաղաքական որեւէ գործընթացի հետ։ Այնպես որ, ես չեմ համարում, որ դա ընտրակաշառք է՝ ինչպես որակում են ոմանք: Ուղղակի մեր հասարակության մեջ շատերն ունեն դրա կարիքը, եւ մենք աշխատում ենք պիտանի լինել մարդկանց: Բացի դա, երեւի նկատած կլինեք, որ նման կարգի բարեգործություններ անում է ոչ միայն «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, այլեւ ուրիշ քաղաքական ուժեր եւս։

– ԲՀԿ համամասնական ցուցակի մասին վերլուծություններ կատարողները պնդում են, որ դրանում մի քանի ճյուղեր կան՝ Ռոբերտ Քոչարյանի մարդիկ եւ Գագիկ Ծառուկյանին հավատարիմներ: Դուք ո՞ր ճյուղում եք:

– Ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ եւ վստահեցնում եմ, որ մեր կուսակցությունում ճյուղեր ու թեւեր չկան։ Կուսակցությունում մարդիկ են, որոնք համախմբված են «Բարգավաճ Հայաստանի» գաղափարների եւ ծրագրի շուրջ:

– Դուք ղեկավարում եք շատ մեծ, հայտնի բժշկական հաստատություններ, դուք պարտաճանա՞չ հարկատու եք:

– Ես պարտաճանաչ հարկատու եմ եւ փորձում եմ աշխատել այնպես, որ իմ կողմից ղեկավարվող հիվանդանոցները լինեն օրենքի դաշտում:

– Գագիկ Ծառուկյանը իր բոլոր ելույթներում, հարցազրույցներում հայտարարում է, որ ինքն ունի շատ փող, պաշտոնի չի ձգտում եւ ամեն ինչ անում է հանուն մարդու, մարդու համար: Իսկ դուք անձամբ հավակնություն չունե՞ք որեւէ պաշտոնի, ասենք՝ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի հաջողության դեպքում հավակնո՞ւմ եք ստանալ առողջապահության նախարարի պաշտոնը:

– Գտնում եմ, որ այսօր մենք շատ լավ առողջապահության նախարար ունենք, շատ ազնիվ եւ պարկեշտ անձնավորություն է, կցանկանայինք, որպեսզի Նորայր Դավիդյանցը շարունակեր իր գործունեությունը առողջապահության նախարարի պաշտոնում:

– Նախընտրական քարոզարշավն արդեն կիսվել է, դուք մասնակցում եք ձեր կուսակցության քարոզարշավին, ի՞նչ տպավորություն ունեք՝ ձեր կուսակցությանը սիրո՞ւմ են, ի՞նչ եք ակնկալում ստանալ այդ սիրո արդյունքում:

– Ակնհայտ է, որ ժողովուրդն իրոք ընդունում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մենք գնում ենք քաղաքակիրթ մրցակցության, եւ կարծում եմ՝ բոլորը պետք է ձգտեն ազնիվ եւ արդար ընտրությունների: Քաղաքական բոլոր ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, պետք է մտածեն մեր երկրի հեղինակության, վարկանիշի եւ ապագայի մասին: ԲՀԿ-ն ոչ մեկին հակառակորդ չի համարում, այն քաղաքացիական համերաշխության կողմնակից կուսակցություն է եւ պատրաստ է բոլորի հետ ազնիվ ու արդար մրցակցության։ Մի բան հստակ է՝ «Բարգավաճ Հայաստանը» ակնկալում է լուրջ ներկայություն խորհրդարանում, եւ մենք տեր ենք կանգնելու մեր ստացած յուրաքանչյուր քվեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել