Ճի՞շտ բաներ էր ասում Արթուր Բաղդասարյանը բրիտանացի դիվանագետի հետ զրույցում, թե՞ սխալ՝ քննարկելու հարց է: Նա տեսակետներ է արտահայտել, որոնց հետ կարելի է վիճել՝ չփորձելով, սակայն, կպցնել ստալինյան ոճի «դավաճանություն» պիտակը։ Բայց այդ ամենը տվյալ դեպքում երկրորդական հարց է:
Առավել ստույգ կարելի է պնդել երկու բան. մեր փառապանծ չեկիստները, գաղտնալսելով բրիտանացու եւ պարոն Բաղդասարյանի առանձնազրույցը, խախտել են ՀՀ օրենքը եւ չեն լուծել մեր երկրի անվտանգության որեւէ խնդիր: Բայց դա դեռ ոչինչ: Հրապարակելով այդ գաղտնալսումները (որպես նախընտրական կոմպրոմատ ԱԺ նախկին խոսնակի դեմ)՝ մեր իշխանությունները բավականին լպիրշ մարտահրավեր են նետել Մեծ Բրիտանիային եւ ընդհանրապես Արեւմուտքին, ինչը չի կարող չդիտվել որպես հարաբերությունները սրելուն ուղղված քայլ: (Եթե հիմա մերոնք սկսեն պնդել, թե «ժուչոկը» իրենք չեն դրել եւ իրենք չեն հրապարակել, դա պարզապես կդիտվի որպես մանկական թոթովանք):
Հայաստանն ունի՞ Արեւմուտքի հետ կռիվ տալու ռեսուրսներ, ասենք՝ Բելառուսի նման: Հասկանալի է, որ՝ ոչ: Ցանկանալով խփել Արթուր Բաղդասարյանին՝ մեր իշխանությունները իրականում խփեցին մեր պետության վարկին եւ, որքան էլ զարմանալի հնչի սեփական դիրքերին: Պարոն Բաղդասարյանի դեմ «ակցիա» կազմակերպելը այն գինը չէր, որն արժեր վճարել ոչ սոլիդ եւ Արեւմուտքի հանդեպ ոչ բարյացակամ երեւալու համար:
Նման պարզագույն հաշվարկ չանելը կասկածի տակ է դնում մեր իշխանավորների (համենայնդեպս, «ակցիայի» կազմակերպիչների) խելամիտ լինելը: