«Հանրապետությունը» դատի է տվել ԿԸՀ-ին
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ եւ համամասնական ցուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ թվով հինգ հեռուստաընկերությունների: Արտակ Զեյնալյանը, իբրեւ պատգամավորի թեկնածու, դատարանին ներկայացրած իր դիմումով պահանջում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունն անիրավաչափ ճանաչել: Բայց նա դատարանին ներկայացրած իր դիմումում որպես պատասխանող կողմ է նշել ոչ միայն ՀՀ ԿԸՀ-ին, այլեւ Հայաստանի հանրային, «Հ2», «Երկիր Մեդիա», «Արմենիա», «ԱԼՄ» հեռուստաընկերություններին:
Ա. Զեյնալյանն իր դիմումում ներկայացրել է, որ «ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպման նպատակով, 2007թ. ապրիլի 19-ին ժամը 18։00-ից 20։00-ը, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հանրապետություն» կուսակցությունը անցկացրել է զանգվածային հրապարակային միջոցառում՝ հանդիպում ընտրողների հետ»: Այդ հանդիպման տեղի եւ ժամի մասին, Ա. Զեյնալյանի մատուցմամբ, տեղեկացված են եղել ե՛ւ հեռուստաընկերությունները, ե՛ւ մամուլը, միաժամանակ տարածվել է հայտարարություն նաեւ Հանրային հեռուստաընկերության քաղաքական գովազդի եթերաժամով: Բայց, ըստ դիմումի, «սույն գործով պատասխանող հեռուստաընկերությունները չեն նկարահանել եւ իրենց լրատվական հաղորդումներում չեն լուսաբանել «Հանրապետություն» կուսակցության հանդիպումը, այն դեպքում, երբ նրանք լուսաբանել են նույն օրը Երեւան քաղաքի այլ համայնքներում Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության հանդիպումներն ընտրողների հետ»՝ խախտելով «հավասարության սկզբունքը, որը, ի թիվս այլ իրավական ակտերի, ձեւակերպված է ՀՀ «Ընտրական օրենսգրքի» հոդված 18-ում»:
Վկայակոչելով «ԸՕ» հոդված 41-ը՝ Ա. Զեյնալյանն արձանագրել է, որ «ԿԸՀ-ն պարտավոր է հսկողություն իրականացնել Օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ եւ վերահսկել ԶԼՄ-ների կողմից քարոզչության համար սահմանված հավասար հնարավորությունների ապահովումը:
ԿԸՀ-ն չի կատարել իր պարտականությունները, ցուցաբերել է անգործություն: ԿԸՀ անգործությամբ խախտվել է իմ եւ վստահորդիս պասիվ ընտրական իրավունքը, քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում մրցակցող թեկնածուների եւ կուսակցությունների միջեւ անհավասար մոտեցումը, որը դրսեւորվել է կամայականորեն եթեր չտրամադրելու եւ չլուսաբանելու մեջ, կարող է ուղղակիորեն ազդել ընտրողների կամաարտահայտության վրա, ընդ որում, անորոշ թվով ընտրողների»:
Ա. Զեյնալյանը նաեւ շեշտել է, որ պատասխանողները կամայականորեն զրկում են կուսակցությանը օրենքով երաշխավորված այն նույն հնարավորություններից, որոնցից օգտվում են համամասնականով առաջադրված մյուս թեկնածու քաղաքական ուժերը:
ԱԺ պատգամավորի թեկնածուն այսպիսով դատարանից խնդրել է ՀՀ ԿԸՀ անգործությունը ճանաչել անիրավաչափ, նաեւ պարտավորեցնել «Հ1», «Հ2», «Արմենիա», «Երկիր Մեդիա», «ԱԼՄ» հեռուստաընկերություններին իրենց լրատվական հաղորդումներում լուսաբանել 2007 թ. ապրիլի 19-ի ժամը 18։00-ի, Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հանրապետություն» կուսակցության անցկացրած զանգվածային հրապարակային միջոցառումը՝ այն նույն պայմաններով, ինչ պայմաններով լուսաբանել են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի՝ ապրիլի 19-ին ընտրողների հետ հանդիպումները՝ խոստանալով, որ անհրաժեշտության դեպքում «Հանրապետություն» կուսակցությունն այդ հանդիպման ձայնագրությունը կարող է տրամադրել:
Երեկ մեկուկես ժամ տեւած դատական նիստին, որը նախագահում էր դատավոր Ռուբեն Ներսիսյանը, պատասխանող կողմից ներկա էին միայն «Հ1»-ի ներկայացուցիչները, իսկ ԿԸՀ-ն ընդամենը գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ հայցադիմումում մատնանշված փաստերը ԿԸՀ-ի իրավասությանը ենթակա չեն: «Հ1»-ի ներկայացուցիչներն էլ դատարանում հայտարարեցին, թե իրենց ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել՝ վկայակոչելով «Հ1»-ի «խմբագրական անկախության» հանգամանքը: Դատարանը վճիռը կհրապարակի այսօր: