Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՛ՒՆՆ Է ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Այս գնահատականը երեկ բազմիցս հնչեց Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում «Օրինաց երկրի» հանդիպումների ընթացքում:

«Նման գնահատականն ինձ համար ուղղակի անտեղի է, անընդունելի եւ անհիմն»,- «Առավոտին» ասաց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, երբ նրան խնդրեցինք անդրադառնալ երեկ ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությանը ՕԵԿ նախագահի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի գաղտնալսված զրույցի վերաբերյալ: ՀՀ նախագահն ասել էր, թե դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի նախկին նախագահը կարող է այդքան ցածր իջնել. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է, նույնիսկ այդ դրսեւորումը ավելի այլանդակ տեսք ունի այն պատճառով, որ սեփական նախաձեռնությամբ է դա արվում, ոչ թե բռնեցին, խոշտանգեցին, չգիտեմ ինչ առաջարկեցին եւ այլն»: Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասել էր, թե «նման կարգի դրսեւորումներն ավելի շատ մարդու խառնվածք են բնութագրում»:

Իսկ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Կոնկրետ դեպքում ինձ հրավիրել են հանդիպման, ճաշի, ես ընդունել եմ հրավերը: Այդպիսի հանդիպումները բազմաթիվ են, եւ ես ինչ-որ ասում եմ մասնավոր զրույցներում՝ ասում եմ նաեւ հրապարակավ, իմ բազմաթիվ ելույթներում: Ավելին, տեսնելով այս թեմայի ակտիվ քարոզումն իշխանամետ քարոզչամեքենայով՝ պարզ է դառնում, որ իշխանության հիմնական մտահոգությունն «Օրինաց երկիրն է», եւ ընտրություններից մի քանի օր առաջ անհաջող փորձ է արվում վարկաբեկել ՕԵԿ-ին եւ ազդել մեր բազմահազար համակիրների վրա: Բնականաբար, ցանկացած դիտորդի կամ դիվանագետի հետաքրքրում է նախընտրական իրավիճակը, եւ ցանկացած ընդդիմադիր գործիչ պետք է ներկայացնի այն հիմնախնդիրները, որոնք կան: Հիշեք կամ վերընթերցեք վերջին տարիների մամուլը եւ կտեսնեք, թե շատ ընդդիմադիր գործիչներ ինչպիսի՛ գնահատականներ են տվել միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներին Հայաստանում նախընտրական եւ հետընտրական զարգացումների առնչությամբ եւ ի՛նչ սրությամբ: Բայց, չգիտես ինչու, չեղան նման արձագանքներ (նկատենք, որ եղել են՝ հիշեցնենք թեկուզ Շավարշ Քոչարյանի եւ Արտաշես Գեղամյանի դեմ ցույցն օդանավակայանում՝ ԵԽԽՎ-ում նրանց ելույթներից հետո: Նրանց էլի մեղադրում էին դավաճանության մեջ.- Ա. Ի.): Իմ համոզմամբ, երկրի նկատմամբ դավաճանություն են անում բոլոր նրանք, ովքեր կատարում են ընտրական հանցագործություններ եւ խայտառակ են անում երկիրը միջազգային կառույցներում: Ես պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում բաց խոսել այդ թերթում տպագրված՝ իմ կողմից արծարծված յուրաքանչյուր չաղավաղված հարցի շուրջ, եւ թող հանրությունն ունենա իրական տեղեկություններ, այլ ոչ թե հիմք ընդունի այդ թերթի անհիմն մեկնաբանությունները: Ի վերջո, ինչպես բազմիցս ասել եմ՝ ոչ ոք չի կարող ինձ հանդիմանել իմ հայրենիքին լավագույնը ցանկանալու համար: Իսկ իմ պատկերացրած հայրենիքը ժողովրդավարության եւ օրենքի իշխանության վրա կառուցված երկիրն է եւ ոչ թե գաղտնալսումների միջոցով այլակարծությունը խեղդող վախի մթնոլորտի սերմանումը»:

Նշենք, որ այս գաղտնալսմանն առնչվող հարցերը հետաքրքրում էին միայն լրագրողներին: Երեկ ո՛չ Արմավիրում, ո՛չ Էջմիածնում հանդիպումների որեւէ մասնակից անգամ ակնարկ պարունակող հարցադրում չհնչեցրեց անցած շաբաթվա ընթացքում լրատվամիջոցներով ամենաշատն արծարծվող այս թեմայի վերաբերյալ: Ահա թե ինչ էին ասում Արմավիրում հանդիպումից հետո մարդիկ Արթուր Բաղդասարյանին: Մի տղամարդ պատմեց, թե իր մոտ պահում է դեռ ԱԺ նախագահ եղած ժամանակ Արթուր Բաղդասարյանի պատասխանն ավանդների վերաբերյալ իր նամակին. «Երկրորդ նամակն էլ գրեցի Թորոսյանին՝ էնի հակառակը պատասխանեց»: Մեկ այլ տղամարդ ՕԵԿ ղեկավարին հորդորեց. «Էնպես արա՝ բանվորն ապրի: Ես ուրիշ բան չեմ ասում: Քո ցավն էլ տանեմ, Արթուր ջան՝ աշխատիր, որ բանվորի համար լավ ըլնի»: Մի կին ուղղակի հաջողություն մաղթեց:

ՕԵԿ նախագահն ու փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ իրենց ելույթներում ուղղակիորեն չէին անդրադառնում այս պատմությանը: Նրանք սովորականի պես՝ խոսում էին իրենց նախընտրական ծրագրերի, երկրում տիրող անարդարությունների մասին, կոչ անում մայիսի 12-ին անպայման մասնակցել ընտրություններին, հիշեցնում ընտրախախտումների համար քրեական պատասխանատվության մասին եւ այլն:

Իսկ անուղղակի անդրադարձը վերնագրում մեջբերված գնահատականն է, որը հանդիպումների ընթացքում հնչեցրեց Հեղինե Բիշարյանը: Ընդ որում, երբ նա Արմավիրում հայտարարեց, թե ժողովրդի 30 տոկոսն ընչազուրկ է. «Մի՞թե սա դավաճանություն չէ ազգի նկատմամբ: Իհարկե, դավաճանություն է»՝ մի ծերունի գոռաց. «Ապրե՛ս»: Արթուր Բաղդասարյանն Էջմիածնում հանդիպման ժամանակ ասաց. «Այսօր փորձում են կեղտոտ տեխնոլոգիաներ կիրառել «Օրինաց երկիր» կուսակցության դեմ, վարկաբեկել ու սեւ քարոզչություն իրականացնել: Միեւնույն է՝ սա դատապարտված է, քանի որ մարդիկ լավ գիտեն՝ ով ով է. ով է թալանել, ով է գռփել, ով է երկիրը բերել-հասցրել սոցիալ-տնտեսական նման ծանր վիճակի: Գո՞հ եք այսօր ձեր կյանքից՝ գնացեք, քվեարկեք ՀՀԿ-ի, մյուս իշխանական կուսակցությունների օգտին»: Եվ հավելեց. «Մենք հստակ ու վճռական ասում ենք՝ Հայաստանում պետք է անցկացվեն արդար ընտրություններ: Իսկ եթե կեղծվեն՝ պետք է լինեն շատ կոշտ գնահատականներ ե՛ւ մեր ժողովրդի, ե՛ւ միջազգային հանրության կողմից, քանի որ այս ընտրություններն ունեն վճռորոշ նշանակություն մեր ազգի, մեր ապագայի եւ մեր վաղվա զարգացումների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել