Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ոսպ ու բրինձ չենք»

Ապրիլ 27,2007 00:00

Երգիչ Համլետ Գեւորգյանի կարծիքով՝ երգիչներն իրենց երգով չեն կարող որեւէ կուսակցության կողմն ուղղորդել ժողովրդին:

Երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիս էին հրավիրել երգիչ Համլետ Գեւորգյանը եւ փարիզաբնակ ճանաչված դուդուկահար Լեւոն Մինասյանը, թեման՝ ապրիլի 27-28-ին կայանալիք նրանց համատեղ համերգն էր: Լ. Մինասյանը հպարտացավ, որ նվագելու է Երեւանում ու հատկապես ժողովրդական երգի ժանրում եւ հույս հայտնեց, որ դեռ ամբողջ աշխարհը ունկնդիր կդառնա իր եւ Հ. Գեւորգյանի համատեղ համերգին: Դուդուկահարը լրագրողներին տեղեկացրեց նաեւ մեկ ամիս առաջ Փարիզում տեղի ունեցած իրենց համերգի մասին՝ ավելացնելով. «Եկել ենք այն համոզման, որն ֆրանսիացիները պատրաստ են մեր ժողովրդական նվագն ու երգը լսել»: Հ. Գեւորգյանն էլ հիշեցրեց, որ դուդուկահարը հանդես է եկել հայտնի երգիչների հետ ու նրա երաժշտությունը հնչում է մի շարք ֆիլմերում, ինչպես, օրինակ, Անրի Վերնոյի «Մայրիկում»: Երգիչը շեշտեց, որ իրենց երեւանյան համերգը բոլորովին կապված չէ ընտրությունների հետ եւ խնդրեց ոչինչ չքաղաքականացնել. «Իմ համերգի նպատակը ժողովրդին կենդանի կատարում նվիրելն ու ճանաչված դուդուկահարի հետ ծանոթացնելն է»:

Համերգի ընթացքում հնչելու են ինչպես հայ գուսանների՝ Ջիվանու, Հավասու, Շերամի, այնպես էլ ժամանակակից երգահանների երգեր, որոշները իր կատարմամբ՝ առաջին անգամ: Հ. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մենահամերգով հանդես կգա նաեւ Գյումրիում, Սյունիքում ու մյուս մարզերում: Երգիչը մտադիր է համերգային նույն ծրագրով այցելել Հայաստանի կալանավայրեր եւս: «Առավոտի» հարցին՝ թե ո՞ր քաղաքական ուժի քարոզարշավին է երգելու, Հ. Գեւորգյանը պատասխանեց. «Մինչեւ հիմա առաջարկներ չեմ ստացել ու չեմ զբաղվել նման հարցերով՝ զբաղվածությանս պատճառով: Բայց չեմ էլ բացառում, թե կերգեմ»:

Իսկ ՀՀԿ-ի քարոզարշավին մասնակցող իր կոլեգաների մասին էլ ասաց. «Եթե երգիչները որոշել են երգել քարոզարշավների ժամանակ, դա իրենց ընտրությունն է: Երգը քաղաքական բնույթ չի կրում: Մենք՝ երգիչներս, ո՛չ զրահամեքենա ենք, ո՛չ բրինձ, ո՛չ ոսպ ու ո՛չ էլ փող: Երգով մարդկանց չես ուղղորդի ոչ մի կուսակցության կողմն անցնել: Եթե երգեմ Շերամի «Բաղեն թռած բլբուլ ես» երգը, մի՞թե այն որեւէ կուսակցության կողմն անցնելուն կտրամադրի: Քաղաքականությունը ոչ մի կերպ չի խառնվի երաժշտության հետ»: Իսկ միջազգային՝ «Եվրատեսիլ» մրցույթում Հայկոյի մասնակցության մասին էլ Համլետ Գեւորգյանն ասաց, որ կարեւորում է Հայաստանի ներկայացված լինելու փաստը. «Մեզանից ով էլ այդ հեղինակավոր մրցույթին մասնակցի, բոլորս պետք է լինենք նրա կողքին: Չպետք է անհարկի քննադատություններ անել: Ի վերջո, այդ մրցույթի արդյունքներն ու չափանիշները ոչ մեկիս համար էլ հասկանալի չեն»:

Դուդուկահար L. Մինասյանն էլ ասաց, որ Հայկոյի երգը դեռ Ֆրանսիայում է լսել: Նրա կարծիքով, եթե ուզում ենք հաղթել նմանատիպ մրցույթներում, ապա պետք է ամենապատրաստվածին ուղարկենք: Իսկ երգչին, ով գնում է «Եվրատեսիլ», պետք է անպայման պրոֆեսիոնալները ընտրեն: Թե հատկապես ինչ նկատի ուներ՝ «փակագծերը» չբացեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել