Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Ապրիլ 27,2007 00:00

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅՑԵԼԵՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կասկածում, որ մայիսի 13-ին իր կուսակցությունը խորհրդարանում կկազմի մեծամասնություն:

Երեկ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն չէին ներկայացել նույնիսկ բողոքավոր ծերերը, որոնք կուսակցական որեւէ լիդերի տեսնելուն պես՝ պարտադիր բողոք-նամակը ձեռքներին կանգնեցնում են նրանց ու երկար-բարակ իրենց հոգսերից խոսում: Այս անգամ իրենց կուսակից ընկերներին «պադեռշկա» անելու նպատակով եկել էին որոշ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ ու նաեւ՝ երեխաներ: Րաֆֆի Հովհաննիսյանը իր լսարանի սակավաթիվ լինելը բացատրեց այսպես. «Մենք չենք սպասում, որ մարդիկ հավաքվեն, ինքներս ենք գնում դեպի ժողովուրդը, բոլոր թաղամասերով անցնում ենք, հարց ենք տալիս, առաջարկ, նկատողություն ակնկալում մարդկանցից: Այնպես որ, ամեն ինչ չէ, որ դատարկ կամ լեցուն հրապարակներով է որոշվում»: Փաստորեն, փոքրիկ լսարանը ամենեւին էլ չազդեց կուսակցության նախագահի տրամադրության վրա. նա ոգեւորված բավականին երկար ներկայացրեց իր ծրագիրը:

«Ժառանգությունը եկել է Ձեզ մոտ ոչ որպես հերթական կուսակցություն, այլ որպես հանձնարարություն վերցրած հասարակական-քաղաքացիական ուժ, որը մայիսի 12-ից հետո մեծամասնություն է կազմելու խորհրդարանում: Մենք չենք եկել աղաչելու՝ ձայն, քվե, ընտրություն: Դուք որոշեք՝ ներկաներ, բացականեր, մեզ հետեւողներ, դուք որոշեք՝ ո՞ր Հայաստանն է, ո՞ր Գյումրին է, ո՞ր Շիրակն է, որ ուզում եք ժառանգել ձեր երեխաներին, այդ հարցի պատասխանը ձերն է. ոչ ոք՝ նախագահ, քաղաքապետ, գյուղապետ, ընդդիմադիր չի տալու ձեր փոխարեն: Եթե ուզում եք շարունակվի անիրավ, անօրեն Հայաստանը, որտեղ իրավունքը պատկանում է մի փոքր խմբակի, բայց ոչ ժողովրդին, թող տանը մնա ընտրողը, ասի՝ գործ ունեմ ու չմասնակցի ընտրությանը, բայց եթե ուզում եք կերտենք իրավունքի, օրենքի, աշխատատեղի, արժանապատվության հայրենիք, պետք է քննել, ընթերցել կուսակցության ծրագիրը: Մի բան հստակ կարող ենք ասել՝ «Ժառանգությունը» երբեւէ ձեզ մոտ չի գալու փոքրիկ ծրարներով, պարկերով: Մենք գալիս ենք օրենքով ու իրավունքով, ամբողջացված բյուջեով: Մայիսի 13-ին էդ բոլոր կուսակցական վահանակներն ու դրոշները իջնելու են, էս ի՞նչ խայտառակություն է, ի՞նչ անամոթություն է, որ մարզիկն ու երգիչը բարձրացնում են կուսակցական դրոշները. մեզ մոտ կա միայն մի դրոշ՝ Եռագույնը»,- Րաֆֆի Հովհաննիսյանը նման ապագա էր խոստանում ընտրողներին: Անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարից բացի, «Ժառանգությանը» պաշտպանելու էր եկել նաեւ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը՝ Լարիսա Ալավերդյանը: Վերջինս էլ նշեց, որ աղետի գոտին ոչ թե չի վերականգնվում այն պատճառով, որ երկիրը ունի կամ չունի հնարավորություն, ֆինանսներ կամ «կախարդական փայտիկ», այլ չկա ցանկություն: «Հայաստանը աղքատ երկիր չէ, այլ աղքատացված երկիր է, եւ մենք արժանի չէինք այսպիսի վիճակի. հանկարծ Հայաստանը հայտնվում է աղքատ երկրների ցուցակում, այնպիսի երկրների շրջանակում, որոնց անունները շատերս չգիտենք, ինչպե՞ս է ստացվել, որ հայը աղքատ է միայն Հայաստանում՝ մենք պակաս ընդերք կամ տաղանդներ ունե՞նք, ուրեմն փոփոխությունների ժամը հասել է, կասեի՝ անցել է»,- ասաց տիկին Ալավերդյանը։

Հ. Գ. «Ժառանգության» քարոզարշավային երթուղին, բացի Գյումրիից, անցավ նաեւ Թալինով, Արթիկով, Մարալիկով, Ախուրյանով, Ամասիայով, Արագածոտնի ու Շիրակի մարզերի մի շարք այլ բնակավայրերով: Նույն օրը «Ժառանգության» կամավորներն աշխատում էին երեւանյան փողոցներում ու բակերում, որտեղ բաժանում էին կուսակցության շրջաբերականները, բրոշյուրները եւ այլ քարոզչանյութեր: Իսկ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկնի Բելգիա՝ մասնակցելու «Բրյուսելյան ֆորում-2007»-ին, որտեղ հանդես կգա ելույթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել