Պնդում է ՀՅԴ նախընտրական ծրագիրը մշակող հանձնախմբի անդամ Արծվիկ Մինասյանը
– ՀՅԴ ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող բաժնի որոշ առաջարկություններ ձեր կոալիցիոն գործընկերների կողմից զարմանքով են ընդունվում եւ ասվում է, որ դրանք իրատեսական չեն: Երկրի բյուջեի հնարավորությունները թո՞ւյլ են տալիս, որ դուք ձեր ներկայացրած թվերը իրական դարձնեք, ասենք՝ նվազագույն աշխատավարձը հասցնեք 50 հազարի, ինչպես պնդում եք հանդիպումների ժամանակ:
– Չմոռանանք, որ ՀՀ պետական բյուջեն՝ ե՛ւ 2006-ին, ե՛ւ այս տարի, համարվել է սոցիալական բյուջե, եւ դա բխում է առաջին հերթին այն ռազմավարական փաստաթղթից, որը կոչվում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր: 2003-ից սկսված՝ այս գործընթացում բյուջեի էական բարձրացում կա եւ շոշափելի է սոցիալական ուղղվածությունը: Դաշնակցությունը երբեք հանդես չի գալիս իր կոալիցիոն գործընկերոջը մեղադրելու, դափնիները վերցնելու եւ անհաջողությունները ուրիշին թողնելու տեսանկյունից: Ընդհակառակը՝ Դաշնակցությունը տեր է ե՛ւ հաջողություններին, ե՛ւ անհաջողություններին: Սակայն մենք տեսնում ենք, որ մեր տնտեսությունը պետք է անցնի որակական նոր մակարդակի: Այսօր կարեւոր է իրականացնել անցումը նոր տնտեսական քաղաքականության, եւ դրա համար է, որ առաջարկում ենք հավաքվել Դաշնակցության առանցքի շուրջ՝ իրականացնելու այնպիսի ծրագիր, որը կփոխի մարդու կյանքը։ Եթե Դաշնակցությունը հնարավորություն ստանա կառավարություն ձեւավորելու, ապա 2008-ի հունվարի 1-ից կարող է նվազագույն աշխատավարձերը դարձնել 50 հազար դրամ, որը պետական բյուջեի համար մեծ բեռ չի լինելու, դա չի գերազանցի 11-12 միլիարդ դրամը: Հետեւողական քաղաքականության արդյունքում մենք կարող ենք նվազագույն կենսաթոշակը սահմանել 30 հազար, միջինը՝ 50 հազար դրամ: Դաշնակցությունը գտնում է, որ նպաստները չեն կարող լինել ավելի ցածր, քան կենսապահովման նվազագույն զամբյուղը: Ներկա բյուջեի սահմաններում դա հնարավոր չէ, դրա համար էլ նոր տնտեսական քաղաքականության համատեքստում նոր արդյունաբերական քաղաքականություն եւ ստվերի դեմ ակտիվ պայքարի ծրագիրն ենք առաջարկում, որը պետք է բերի համարժեք եկամուտների հավաքագրում: Ստվերի կրճատման դեպքում 2012-ին, լավատեսական սցենարի դեպքում, այսինքն՝ եթե ամբողջ՝ ե՛ւ պետական համակարգը, ե՛ւ հանրային կառավարման համակարգը աշխատի Դաշնակցության առաջարկած ծրագրով, ապա մենք կունենանք 27,9 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ՀՆԱ, որը մեր երկիրը կդարձնի մրցունակ նույն Ադրբեջանի, Վրաստանի տնտեսությունների հետ:
– Այնուամենայնիվ, նույն սոցիալական ոլորտը ձեզ էր վստահված արդեն 4 տարի, աշխատեիք, ո՞վ էր ձեր ձեռքը բռնել:
– Որեւէ մեկը մեր ձեռքը չէր բռնել, բայց չմոռանանք, որ սոցիալական ոլորտը պահանջարկ ներկայացնող ոլորտ է, այսինքն՝ մենք բյուջեին ներկայացնում ենք հայտ՝ սոցիալական ծախսեր իրականացնելու համար: Ասվում էր, որ այդքան գումար չկա: Իսկ գումարների հավաքագրման մակարդակում Դաշնակցությունը չի ունեցել լծակներ:
– Սրանից հետեւո՞ւմ է, որ դուք ենթադրում եք ստանալ հարկային ծառայությունը, ֆինանսների նախարարությունը եւ ա՞յլն:
– Մենք մասնակցում ենք քարոզարշավին՝ ամբողջական պատասխանատվություն վերցնելու գիտակցությամբ: Այսինքն՝ այն ծրագիրը, որ առաջարկում է Դաշնակցությունը, դա ամբողջական պատասխանատվություն իրականացնելու ծրագիր է: