Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԺԿ-ն է ընդդիմադիրներից ընդդիմադիրը

Ապրիլ 27,2007 00:00

Այդպես են կարծում ՀԺԿ-ականները

ՀԺԿ քարտուղար, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխանությունն ունի առավելագույնը 20% ձայն, իսկ ընդդիմությունը՝ 80%: Բայց ընդդիմությունը, ըստ պարոն Զաքարյանի, խնդիր ունի այդ 80%-ի մասնակցությունն ընտրություններին ապահովելու եւ ժողովրդի հավատը վերականգնելու, որովհետեւ մարդիկ չեն հավատում, որ իրենց ձայնը կարող է որոշիչ լինել:

Ստեփան Զաքարյանն անդրադարձավ նաեւ ՀԺԿ-ից Գյումրիի կառույցի մի քանի անդամների դուրս գալու փաստին: Ըստ նրա, ՀԺԿ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը դուրս է եկել կուսակցությունից այն պատճառով, որ իրեն չեն նշանակել նախընտրական շտաբի պետ: Փոխարենը՝ նշանակվել է «Ազգային վերածնունդ» կուսակցության Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարը, քանի որ կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ՀԺԿ-ի համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Չենք վստահել մեր կառույցի ղեկավարին եւ չենք նշանակել շտաբի պետ, հիմա համոզվեցինք, որ ճիշտ ենք արել»,- ասաց Ստեփան Զաքարյանը:

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի թանգարանի բացումը, որին մասնակցեց եւ խոսք ասաց վարչապետ Սերժ Սարգսյանը: Ոմանք այդ կապակցությամբ մեղադրեցին ՀԺԿ-ին, թե ինչու է թույլ տվել, որ Սերժ Սարգսյանը բացի թանգարանը: Երեկ հակադարձելով այդ մեղադրանքներին, Ստեփան Զաքարյանը նախ տեղեկացրեց, որ թանգարանը պետական է, ոչ թե՝ ՀԺԿ-ի սեփականությունը, ապա նույն տրամաբանությամբ շարունակելով ասաց. «Կամ եթե այս պետությունը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանի գերեզմանի շուրջ ցանկապա՞տ դնեին, որ անցանկալի մարդիկ չայցելեին կամ չայցելեն: Կամ եթե այս պետությունը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է, պետք է թողնենք գնա՞նք մեր երկրից»: «Իմպիչմենտ» դաշինքի գործիչները շարունակ սպառնում են, ոչ չեն խնայի մյուս ընդդիմադիրներին եւ կներկայացնեն նրանց իրական դեմքը, եթե վերջիններս իրենց չմիանան: Այս կարգի բաներ ասողներին Ստեփան Զաքարյանը համարում է իշխանության ջրաղացին ջուր լցնողներ. «Մենք էլ դեմ չենք լինի, որ մեր հանդիպումներին մյուս քաղաքական ուժերն էլ մասնակցեն, բայց մենք չենք ստիպում կամ պարտադրում»: Ստեփան Զաքարյանը վերջում կրկնեց իր միտքը՝ եթե ՀԺԿ-ն ընդդիմություն չի, ուրեմն Հայաստանում ընդդիմություն ընդհանրապես չկա:

Հ. Գ. ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ այցելել էր Մարտունի եւ Վարդենիս: Մարտունիում հանդիպմանը մասնակցել է շուրջ 1000 հոգի, թեպետ տեղական իշխանություններն ամեն կերպ փորձել են խոչընդոտել հանդիպումը, հոսանքազրկել են տարածքը, մարդկանց նախորդ օրը համոզել եւ վախեցրել են չգնալ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպմանը, բաժանել են նպաստները եւ կենսաթոշակները, հորդորելով, որ մարդիկ այսօր մասնակցեն Հանրապետականների հետ հանդիպմանը: Սակայն այդ մեթոդները կարծես չեն ազդել: Աննախադեպ թվով մարդ է հավաքվել նաեւ ավանդաբար դեմիրճյանական համարվող Երանոս գյուղում, այս հանդիպումը ոչնչով չի տարբերվել 2003-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի հանդիպումներից: Երեկ ՀԺԿ-ից մեզ տեղեկացրին, որ իշխանությունը շարունակում է իրեն բնորոշ խուլիգանական մեթոդներով խոչընդոտել ընդդիմությանը եւ իրենք այս եւ նման կարգի միջադեպերը ներկայացնելու են ԵԱՀԿ եւ ԵԽ դիտորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել