Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԻՏԱԿԸ՝ ԱՌԱՆՑ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ

Ապրիլ 27,2007 00:00

Այստեղ իրավիճակն այնքան հանգիստ է, որ անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչը տեղյակ չէ, թե ովքեր են առաջադրված մեծամասնական ընտրակարգով:

Սպիտակը եւ Վանաձորի մի հատվածն ընդգրկող թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ապրիլի 25-ի նիստում որոշվել է, որ հնգօրյա ժամկետում պիտի պատասխանեն այս ընտրատարածքում առաջադրված «Դաշինքի» թեկնածու Վահան Մադաթյանի դիմումին: Նա պահանջում է անվավեր ճանաչել իր մրցակցի՝ «Սլավ-Դերժավա» ընկերության նախագահ Արկադի Համբարձումյանի գրանցումը՝ վերջինիս եկամուտների վերաբերյալ տվյալների անհամապատասխանության պատճառով: Նշենք, որ այս թեկնածուին առաջադրել է ՀՀԿ-ն, թեեւ Արկադի Համբարձումյանը, որը ոչ վաղ անցյալում ՕԵԿ խմբակցության անդամ էր, այժմ անկուսակցական է: Թիվ 29 ԸԸՀ-ի նախագահը նամակներ է ուղարկել Սպիտակ, նաեւ մի քանի գյուղեր, որտեղ Արկադի Համբարձումյանն, իր բուկլետի համաձայն՝ անձնական միջոցներով բարեգործություն է արել: Եթե այդ համայնքների ղեկավարները պատասխանեն, թե Արկադի Համբարձումյանն այդ բարեգործությունները կատարել է անցած մեկ տարում, ապա կստացվի, որ Վահան Մադաթյանի դիմումը հիմնավոր է, եւ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն իսկապես թաքցրել է իր եկամուտները: Այդ ժամանակ «Դաշինքի» թեկնածուն կմնա միայնակ այս ընտրատարածքում, քանի որ ՀՀՇ-ն ներկայացնող Անանիկ Նիկողոսյանն ավելի վաղ էր ներկայացրել ինքնաբացարկ: Սակայն հազիվ թե մասնավորապես Սպիտակի հանրապետական քաղաքապետ Վանիկ Ասատրյանը տա նման տեղեկություն, որը հիմք կդառնա ՀՀԿ-ի թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու համար:

Իսկ մինչ պարզ կդառնա՝ արդյոք կիրականանա՞ մեր կանխատեսումը, երեկ առանց որեւէ կուսակցության ուղեկցության՝ այցելեցինք Սպիտակ, պարզելու, թե ինչպես է ընթանում քարոզարշավը: Այստեղ ամեն ինչ այնքան հանգիստ էր, որ առանձին կուսակցությունների (անգամ ՀՅԴ-ի) նախընտրական շտաբները նույնիսկ փակ էին: Թեեւ ինչպես մեզ ուղղեց գրասենյակներից մեկի պատասխանատուն՝ «Շտաբը փակ չէ: Ուղղակի դուռն է փակ»:

Այլ զարմանալի մեկնաբանություններ ստացանք «Հանրապետություն» կուսակցության Սպիտակի նախընտրական շտաբի պետ Լիսանդիր Մարգարյանից, որը մեզ հայտնեց. «Ընտրարշավը նորմալ է անցնում, հանգիստ, ժողովուրդն ինքնուրույն կողմնորոշվում է: Մոտենում են, կարդում են»: Վերջին ակնարկը վերաբերում էր «Հանրապետության» քարոզչական նյութերին, որոնք շարված էին այս կուսակցության լիովին դատարկ գրասենյակի լուսամուտագոգին: Երբ «Հանրապետության» տարածքային պատասխանատուին հայտնեցինք, որ բողոքներ ենք լսել, թե անձնագրեր են հավաքում, ընտրակաշառք բաժանում՝ առարկեց. «Չէ, մեզ մոտ այդ կարգի գործընթաց չկա: Մեզ մոտ ամեն ինչը նորմալ է, կաշառք գոյություն չունի: Մարդիկ իրենց խղճի, հասկացողությամբ ու նվիրումով՝ ում որ ցանկանում են… ստիպողություն չկա: Շատ հանգիստ է ամեն ինչ: Եվ ընդհանրապես՝ ընտրությունների պահը չի կեղծվում: Ընտրությունները շատ ճիշտ են ընթանում: Կեղծիքը երեւի ընտրություններից հետո է տեղի ունենում»: Նկատենք, թե Լիսանդիր Մարգարյանն իր իրազեկությամբ մեզ զարմացրեց նաեւ այնժամ, երբ հետաքրքրվեցինք՝ Սպիտակում, բացի Արկադի Համբարձումյանից՝ է՞լ ով է առաջադրված: Նա սկզբում փորձեց համոզել, թե ուրիշ թեկնածու չկա, իսկ հետո մտաբերեց՝ «Սերժ Սարգսյանն է դրել թեկնածությունը: Հա՛, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ»:

Անձնագրեր հավաքելու մասին լուրերը մեզ փոխանցել էր «Ազգային միաբանության» Սպիտակի տարածքային կազմակերպության եւ նախընտրական շտաբի ղեկավար Գագիկ Մաթեւոսյանը: «Ես իմ աչքով չեմ տեսել, բայց ժողովուրդն ասում է, թե անձնագրեր են հավաքում կամ համարները գրում: Թե գրում են՝ ի՞նչ անեն»: Հարցին, թե հատկապես ո՞ր ուժերն են հավաքում՝ ԱՄ տեղական ներկայացուցիչը պատասխանեց. «Կարելի է ասել, թե բոլորն էլ հավաքում են, բացի ընդդիմադիրներից: Այդպես են ասում, բայց թե որքանով է ճիշտ՝ չգիտեմ»: Գագիկ Մաթեւոսյանը բողոքեց նաեւ ընդդիմության համար ստեղծված պայմաններից. «Չենք կարողանում հանգիստ հանդիպումներ անցկացնել, խանգարում են՝ մանավանդ այստեղի ղեկավարները, քաղաքապետը: Ապրիլի 19-ին Արտաշես Գեղամյանը պետք է հանդիպում ունենար սպիտակցիների հետ: Խանգարում էին, մարդկանց ասում՝ պետք չի, գնացեք տուն, անձրեւ է գալու, Գեղամյանն էլ չի գալու»:

ՀՀԿ-ի Սպիտակի տարածքային կազմակերպության ղեկավար եւ նախընտրական շտաբի պատասխանատու Հովհաննես Սահակյանը, բնականաբար, հերքեց, թե Հանրապետական կուսակցությունն անձնագրեր է հավաքում. «Առաջին անգամ չէ, որ նման պնդումներ են լինում, եւ նման երեւույթների մասին խոսում են հատկապես ընդդիմադիրները: Բայց ասեմ, որ մեր կողմից նման դեպք բացառվում է՝ միանշանա՛կ, քանի որ վստահ ենք մեր ուժերին: Այսօր ՀՀԿ-ի Սպիտակի տարածքային կազմակերպության եւ հատկապես մեծամասնական ընտրակարգով առաջադրված մեր թեկնածու Արկադի Համբարձումյանի շուրջ հավաքված են քաղաքի բոլոր քիչ թե շատ հարգված եւ ընդունված քաղաքական ու գործարար ուժերը: Նման պարագայում բացառվում է, որ մենք պետք է անձնագրեր հավաքենք կամ լինեն նման արատավոր երեւույթներ: Բացի այդ՝ մեր ղեկավարությունը շատ խիստ զգուշացրել է, որ եթե նման երեւույթներ նկատեն ոչ միայն մեր, այլ նաեւ այլ քաղաքական ուժերի կողմից՝ պարտավոր ենք անհապաղ տեղեկացնել իրենց: Եվ եթե կա որեւէ որոշակի տվյալ՝ որպես տարածքային կազմակերպության ղեկավար՝ պատրաստ եմ այդ փաստը հաստատվելու դեպքում, հրապարակայնորեն պատժել մեր ներկայացուցչին»:

Զրուցեցինք նաեւ սպիտակցիների հետ: «Արկադիից բացի՝ ուրիշ թեկնածու չգիտենք»,- ասում էին նրանք: «Աղա տղա է, մեր Սպիտակ քաղաքում Արկադին չի էլ ապրում՝ կողքի գյուղերից էլ»,- սա էլ շուկայի մի սրամիտ վաճառող էր, որն իր անուն ազգանունը հայտնեց, սակայն չենք հրապարակում՝ մարդուն չվնասելու նպատակով: Քանզի շատ խոսուն էր նրա մի խոստովանությունը. «Մենք ընտրող չենք՝ մենք ընդամենը ծափ տվող ենք: Այ՝ Սերժն էլ անցած շաբաթ եկավ, ծափ տվեցինք: Աղետի գոտի է՝ անհարմար չզգայինք, երեւի ոչ միայն ծափ տայինք, այլ նաեւ զուռնա դհոլով էլ կդիմավորեինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30