Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ»

Ապրիլ 27,2007 00:00

\"\"Երեկ այսպես է արձագանքել ՕԵԿ նախագահի եւ բրիտանացի դիվանագետի զրույցի գաղտնալսմանն ու դրա հրապարակմանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսման եւ վերջերս մամուլում դրա ձայնագրության որոշ մասերի հրապարակման փաստը սպառնում է վերածվել միջազգային սկանդալի: Համենայնդեպս՝ նման միտումներ կան, մանավանդ, եթե նկատի ունենանք երեկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ շեշտված է նաեւ, որ գաղտնալսման բովանդակությունը հրապարակման մեջ խեղաթյուրված է: Տեղի ունեցածը քննարկման առարկա է դարձել նաեւ քաղաքական գործիչների կողմից: Օրինակ՝ ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանը Ա. Բաղդասարյանի արածը երեկ գնահատել է որպես «ազգի դավաճանություն», որովհետեւ, իր գնահատմամբ՝ «դրսներում պապա ման գալ կամ խոնարհվել օտար պետությունների ներկայացուցիչների առաջ չի կարելի»: ԺՈՒԿ նախագահը միաժամանակ նկատել է, թե տեղի ունեցած այդ «բացահայտումը» ամենեւին էլ կապ չունի ԱԺ առաջիկա ընտրությունների հետ. «Իշխանությունները դրանով ցանկանում են եկող տարվա նախագահական ընտրություններից առաջ չեզոքացնել իրենց մրցակից թեկնածուին»:

Իսկ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի դիտարկմամբ էլ, դա սեւ «PR» է ՕԵԿ-ի դեմ: Ըստ նրա, եթե այդ գաղտնալսման համար դատարանի որոշում չի եղել, ապա «դա չի նպաստի մեր երկրի քաղաքական մշակույթի ձեւավորմանը»:

Թերեւս, անբնական ոչինչ չկար գաղտնալսման եւ դրա մանրամասների հրապարակման վերաբերյալ իշխանական կուսակցությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հայտնած տեսակետների իրարամերժ լինելու մեջ: Երեկ մեր հեռախոսային զրույցի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, թե իրենց կուսակցությունը խիստ բացասաբար է վերաբերվում նման երեւույթներին՝ համարելով դրանք քաղաքացու իրավունքների կոպիտ խախտում, մանավանդ, երբ դա տեղի է ունենում առանց դատարանի որոշման: Այդ դեպքում անիմաստ էր համապատասխան օրենքներ ընդունել. «Ավելին, կարող ենք փաստել, որ դեռ մեկ տարի առաջ մեզ էլ են գաղտնալսել, եւ մենք՝ նման կասկածներ ունենալու համար հիմքեր ունենալով, հայտարարցինք ու հատուկ դիմեցինք նաեւ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին եւ պատկան այլ մարմիններին՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք մեր ենթադրությունները ճի՞շտ են, թե՞ ոչ: Մենք այդպես էլ որեւէ պատասխան չստացանք»:

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանն ի պատասխան մեր այն հարցի, թե ինքն ապահովագրվա՞ծ է, որ իրեն չեն գաղտնալսում՝ ասաց. «Ես ինձ շա՜տ ապահովագրված եմ զգում, որովհետեւ հստակ գիտեմ, որ հենց հիմա էլ ձայնագրում են, բայց որեւէ խնդիր չեմ տեսնում ու գիտեմ, որ դրա համար որեւէ միջոց չի խնայվում: Որ տեղի ունեցածն աննորմալ երեւույթ է՝ անկասկած, բայց ես դրա իմաստը չեմ տեսնում: Եթե դրա նպատակը մինչ այս տեղեկատվություն ստանալն էր, ապա հիմա դա դարձել է բնավորություն: Բայց երբ այդ գաղտնալսումները հայտնվում են մամուլում, եւ երբ դա առնչվում է նաեւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին՝ դա արդեն միանշանակորեն հարվածում է երկրի վարկանիշին»: Ա. Կարապետյանը միաժամանակ ասաց, թե մնում է այն կարծիքին, «որ Հայաստանի խնդիրները Հայաստանում են լուծվում»:

Իսկ ահա իշխանական ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները չշտապեցին տեղի ունեցածին միանշանակ գնահատական տալ: ՀՅԴ ԳՄ անդամ եւ լրագրող Գեղամ Մանուկյանն, օրինակ՝ ասաց. «Ե՛վ մեր երկրի շարքային բոլոր քաղաքացիների, ե՛ւ երկրի անվտանգությունը Հայաստանի բոլոր մարմինների թիվ մեկ խնդիրն է: Անվտանգություն ասելով նկատի ունեմ ե՛ւ քաղաքացիների ազատությունները, ե՛ւ անվտանգությունը»: Ավելին հեռախոսով ասել եւ գնահատական տալ նա չցանկացավ՝ նկատելով. «Ես տեղյակ չեմ՝ ով է ձայնագրել, որտեղից է հայտնվել այդ ձայնագրությունը, ինչպես է դա պատահել: Գաղտնալսման համար ՀՀ-ում կան հատուկ օրենքներ»:

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը շտապեց դատապարտել ոչ թե գաղտնալսման եւ դրա հրապարակման փաստը, այլ՝ ՕԵԿ նախագահին. «Ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր մտահոգված են Ա. Բաղդասարյանի հանդիպումներով դեռ մինչեւ այս վերջին սկանդալը, որովհետեւ այդ հանդիպումները, ըստ իս, անցնում են շատ ոչ թափանցիկ պայմաններում, խորհրդավոր են ու ծպտված: Այդ բանակցությունների բովանդակության մասին հայ հանրությանը որեւէ տեղեկություն չէր հաղորդվում: Կարծում եմ, հասարակությունը պետք է իրազեկված լիներ, թե ինչ տեսակի խոսակցություններ եւ բովանդակային ինչ շեշտադրումներ կան արեւմտյան եւ օտարերկրյա ինստիտուտների հետ մեր քաղաքական գործիչների հանդիպումների ընթացքում: Իհարկե, շատ պարսավելի երեւույթ է, երբ չապավինելով սեփական ժողովրդին եւ հույս չունենալով նրանից ստանալ համապատասխան վստահության քվե՝ փորձում են գործի դնել տարաբնույթ ազդեցության լծակներ, մահակներ, ինչը միշտ չէ, որ տեղավորվում է ՀՀ օրենսդրության եւ միջազգային դիվանագիտական աշխատանքի տրամաբանության շրջանակներում»,- սլաքը դեպի ՕԵԿ նախագահն ուղղելով՝ ասաց ՀՀԿ ներկայացուցիչը: Նա նաեւ կասկած հայտնեց, որ «այսպես կոչված՝ գաղտնալսումն արվել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ, կամ որ դա հատուկ ծառայությունների «ձեռագիրն» է»: Նա չբացառեց, որ զրույցի արտահոսքը կարող էր կազմակերպվել ոչ հայկական աղբյուրի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել