Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ), որի նախագահն է Տիգրան Ուրիխանյանը (լուսանկարում), «Առավոտին» է փոխանցել հատված ՀԱԿ վարչության արտահերթ նիստի արձանագրությունից, որում ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս. թ. մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրանց արդյունքը ունենալու են բացառիկ նշանակություն մեր երկրի ապագայի համար, ինչպես նաեւ ուրվագծելու են նախագահական ընտրությունների խճանկարը՝ Հայաստանի առաջադիմական կուսակցության վարչության արտահերթ նիստի ժամանակ որոշվեց բեւեռացնել բոլոր ուժերը երկրի կայունությունն ու աստիճանական առաջընթացը ապահովելու ամենաընդունակ առանցքի շուրջ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության: Հայաստանի առաջադիմական կուսակցությունը դուրս է գալիս համամասնական մրցավազքից՝ իր բոլոր համախոհներին ու համակիրներին կոչ անելով ընտրելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: ՀԱԿ-ի մոտ 7500 անդամների եւ նրանց ընտանիքների անդամների ու համակիրների մոտ 12.000 ստորագրություններ օրերս կհանձնվեն ՀՀԿ-ի շտաբին»: Այսպիսով, ընտրապայքարում մնացին 23 կուսակցություն եւ մեկ դաշինք: