Իտալական հանրահայտ քառյակը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում
«Առավոտը» տեղեկացրել է ապրիլի 20-ից հունիսի 12-ը Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում 3-րդ անգամ անցկացվող «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնի մասին: Փառատոնի առաջիկա համերգին՝ մայիսի 2-ին, դասական արվեստի, մասնավորապես կամերային երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան առաջին անգամ Հայաստանում հանդիպել եվրոպական ճանաչված քառյակներից մեկին՝ «Պրոմեթեոյին»:
Համերգին կմասնակցի նաեւ ճանաչված երգչուհի Աննա Մայիլյանը:
Ժամանակին երգչուհին «Առավոտի» հետ կիսելով իր տպավորությունները Իտալիա կատարած համերգային շրջագայության մասին, նշել էր «Պրոմեթեո» քառյակի մասին: Ա. Մայիլյանին խնդրեցինք մինչ քառյակի ժամանումը Հայաստան՝ ներկայացնել երաժիշտներին: Երգչուհին նախ տեղեկացրեց, որ քառյակի հետ իր առաջին հանդիպումը կայացել է 1997թ., Վենետիկում, Մոցարտյան փառատոնի շրջանակներում, իսկ երկրորդ անգամ արդեն քառյակի երաժիշտներն իրեն են հրավիրել Իտալիա՝ մասնակցելու «Կվարտետո Պրոմեթեո» միջազգային փառատոնին:
Քառյակի երաժիշտներ Մարկո Ֆիոլինին (առաջին ջութակ), Ալդո Կամպանիալին (երկրորդ ջութակ), Կարմելո Ջաոլոմբարդոն (ալտ) եւ Ֆրանչեսկո Դիլոնը (թավջութակ) աշխատելով «Orchestra Giovanile Italiana» նվագախմբում, համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ դասական եւ ժամանակակից երաժշտության երկացանկի բացառիկ նմուշներ տարածելուն, 1993թ. հիմնադրել են քառյակը եւ կարճ ժամանակահատվածում միջազգային լայն ճանաչում ստացել: Մասնակցել են տարբեր փառատոների, մրցույթների, մրցանակներ շահել համաշխարհային դասականների՝ լարային քառյակի համար գրված ստեղծագործությունների լավագույն կատարման համար: «Օրինակ՝ 1998թ. «Պրոմեթեոն» ստացել է հատուկ մրցանակ՝ Մոցարտի 590-րդ քառյակի մեկնաբանման համար»,- հայտնեց երգչուհին: Նա չհիշեց անունը, բայց հավաստիացրեց, որ քառյակի թավջութակահար Ֆրանչեսկո Դիլոնի պրոֆեսորներից մեկը եղել է հայազգի:
Ա. Մայիլյանը նշեց նաեւ, որ քառյակի հետ 2006թ. Իտալիայում ունեցել է 2 համերգ. «Մեկ համերգին ամբողջությամբ հնչեցրինք Կոմիտասի երկերը՝ Ռուբեն Ալթունյանի մշակմամբ: Երեւանյան համերգում էլ մեր ունկնդրին, այլ երկերի թվում, առաջին անգամ կներկայացնենք դրանցից մի քանիսը»:
Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ բացի իրենից, քառյակը համագործակցե՞լ է այլ հայ կատարողի հետ եւ երաժիշտներն ի՞նչ չափով են ծանոթ մեր մշակույթին: Ա. Մայիլյանն ասաց. «Առայժմ միայն ես եմ հանդես եկել քառյակի հետ: Ապրելով գերհագեցած մշակութային կյանքով՝ մի երկրում, ինչպիսին Իտալիան է, երաժիշտները, բնականաբար, պետք է ծանոթ լինեին մեր երեւելիներին: Հուսով եմ, որ այս անգամ այցելելով մեր երկիր, իրենց խառնվածքով պրպտող արվեստագետները ցանկություն կհայտնեն ծանոթանալ հայ ժամանակակից, մասնավորապես՝ կամերային ժանրում ստեղծագործող կոմպոզիտորների հետ եւ կհամագործակցեն: Ինչ վերաբերում է ընդհանրապես հայ մշակույթին, հիշում եմ, որ նրանց երազանքն էր տեսնել մեր եկեղեցիներն ու խաչքարերը, ինչը, կարծում եմ, կապահովեն փառատոնի կազմակերպիչները»: