Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄՊԻՉՄԵՆԹԸ» ԻՋԵՎԱՆՈՒՄ ԷՐ

Ապրիլ 26,2007 00:00

\"\"«Քաղաքացի է նա, ով գիտի իր իրավունքները պաշտպանել: Քաղաքացին ստրուկից հե՛նց դրանով է տարբերվում: Մենք ստրուկ չենք, էդ բառը մեզ չի էլ սազում: Մոռացեք վախը»,- իջեւանցիներին կոչ էր անում «Իմպիչմենթը»:

«Իմպիչմենթ» դաշինքն իր քարոզարշավի շրջանակներում ապրիլի 21-ին հյուրընկալվեց Իջեւան քաղաքում՝ ճանապարհին չնախատեսված կանգառներ անելով նախ Հաղարծին գյուղում, ապա նաեւ Դիլիջան քաղաքում: Մինչեւ Իջեւան հասնելը՝ տեղի ունեցած բոլոր մինի-հանրահավաքների ժամանակ ակնհայտ էր մի քանի բան՝ մարդիկ դժգոհ են իշխանություններից եւ իրենց սոցիալական վիճակից, բայցեւ հիասթափված են պառակտված ընդդիմությունից: Դիլիջանի մատույցներում հավաքվածները պնդում էին՝ «վատ ենք ապրում, գործ չունենք, սնանկացած ա սաղ ժողովուրդը, պարապ-սարապ ժողովուրդը ո՞նց տի ապրի: Մեկս մեկին խաբելով, խանութները նիսյա ընգնելով՝ ապրում ենք, էլի»: Իսկ հույս կա՞, որ լավ կլինի: Մեր այս հարցի պատասխանները տարբեր էին՝ «դե, հույսեր ունենք, եթե ստացվի սրանց (իշխանություններին- Ն. Մ.) քշել»: Ո՞վ պիտի քշի: «Մենք, մենք՝ ժողովուրդը: Մենք պտի խելքի գանք: Մի ծաղկով գարուն չի գա»,- հարցին պատասխանեց դիլիջանցի մի տարեց տղամարդ: Դիլիջանում, գոնե նրանք, ում հետ մենք զրուցեցինք, բոլորն էին պատրաստ ընտրությունների գնալ: «Գնալու եմ անպայման, 100 տոկոսով: Բայց Նիկոլը (խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին էր- Ն. Մ.) ինչքան ուզում ա թող գոռա, առանց մեզ բան չի լինի, մենք պտի կանգնենք, որ մի բան լինի: Մենք պատրաստ ենք կանգնել, թող Երեւանի երիտասարդությունը պատրաստ ըլնի»,- հավելեց մի թոշակառու տղամարդ:

Իսկ Իջեւանում հանրահավաքը մարդաշատ էր՝ չնայած այն բանին, որ ինչպես իջեւանցիներն ասացին, տեղական իշխանիկները ամեն ինչ արել էին, որ դաշինքի հանրահավաքին մարդ չգնա: Իհարկե, հանրահավաքի նախաձեռնողների եւ բոլոր ելույթ ունեցողների համար էլ ակնհայտ էր՝ մարդիկ, ովքեր նույնիսկ հանդգնել էին գալ «Իմպիչմենթի» հանրահավաքին, մեկ է՝ վախեցած էին ու պասիվ: Հանրահավաքը վարող Վահագն Խաչատրյանը նախ ներկայացնելով «Իմպիչմենթ» դաշինքի նպատակները՝ ասաց. «Մենք չենք ասում՝ ընտրեք մեզ, մենք չենք ասում՝ մենք լավն ենք: Այսօր մենք մի խնդիր ունենք՝ Հայաստանի զարգացում: Հայաստանի ապագան միմիայն մի բանալի ունի՝ իմպիչմենթ, որը նշանակում է ոչ թե Քոչարյանի հրաժարական կամ հեռացում, այլ՝ Քոչարյանի վարչակարգի, այն բոլոր մարդկանց հեռացում, ովքեր Քոչարյանի կողքին են՝ Սերժ Սարգսյան, նախարարներ, այն բոլոր չինովնիկները, ովքեր այսօր փոխանակ երկիր կառուցեն՝ զբաղված են թալանով: Հիմա էդ մարդիկ սկսել են նախընտրական քարոզչություն անել ու նորից փորձում են համոզել, որ ընտրեք իրենց: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այդ մարդիկ կարող են նորից ընտրվել: Դուք կընտրե՞ք իրենց»: «Ոչ»,- եղավ զուսպ արձագանքը: «Իրենք շատ լավ գիտեն, որ ժողովուրդն իրենց չի ընտրելու, եւ դրա համար փոխանակ ընտրություններ կազմակերպեն՝ ընկել են ընտրակաշառք են բաժանում: Իշխանությունն ասում է՝ եկեք արդար ընտրություն անենք: Կանե՞ն: Չեն անի, որովհետեւ արդար ընտրության դեպքում իրենք գնալու են եւ գիտեն, թե այդ դեպքում իրենց ինչ է սպասվում՝ իրենց պիտի հարցնեն, որ այսքան հարստություն եք կուտակել, այսքան սպանություններ են եղել, էդ ինչպե՞ս է եղել: Ինչպե՞ս է պատահել, որ մեր երկրում բոլոր գործարարներն ու օլիգարխներն իշխանությունների բարեկամներն ու յուրայիններն են»,- շարունակեց Վ. Խաչատրյանը: Նա հիշեցրեց Չիլիի բռնապետ Պինոչետի ճակատագիրը՝ ասելով, որ Չիլիի ժողովուրդը, այնուամենայնիվ, դատեց իր բռնապետին անգամ 20-25 տարի անց, երբ նա արդեն զառամյալ ու հիվանդ ծերունի էր. «ամեն մի իշխանավոր ու քաղաքացի պետք է գիտակցի, որ ամեն մի հանցագործություն պատժելի է»:

Իջեւանցիներն ամենաջերմն, իհարկե, ընդունեցին իրենց համերկրացիների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Վարդան Մալխասյանի ելույթները, որոնք ժամանակ առ ժամանակ ընդհատվում էին ծափահարություններով: Վարդան Մալխասյանը նախ ողջունեց իր համաքաղաքացիներին, «որ արիական սիրտ են ունեցել եւ հավաքվել են, որովհետեւ էս մեր վասալ, նազիր-վեզիրները երեկվանից չարչարվում են, որ միտինգը ձախողեն, մանկավարժներին, ուսանողներին ահաբեկելով, որ միտինգին չմասնակցեն: Թող չարչարվեն, գործ է՝ թող անեն, սաղ օրը պարապ են: Մենք, անձամբ ես, ինչո՞ւ ենք նորից հրապարակ դուրս եկել: Անձամբ իմ մասին եմ ասում: Ես մտածեցի, որ գործն արեցինք ու կիսատ թողեցինք, պետք է շարունակենք, որ կարողանանք ժողովրդին օգնել, որ մարդն իր հողի վրա կարողանա էլի մարդավարի ապրել: Դուք էն նույն մարդկանց, նույն կլանին, որը կոչվում է կոալիցիա, ովքեր այսօր դարձել են բարեգործներ, բժիշկներ են ման ածում, գյուղացու համար են «մտածում», որեւէ անգամ հարց տալիս եք՝ էս 5 տարի ա՝ նույն էդ հանցախմբի հետ դուք թալանում եք, բա էդ 5 տարվա մեջ էդ ինչի՞ չէիք անում: Եկավ ընտրությունների ժամանակը՝ նո՞ր եք հիշում, որ ժողովուրդը հիվանդ է կամ սերմացու չունի: Մեկը բարգավաճ ա խաղացնում՝ կարտոշկա ու սերմացու բաժանելով, վերջում էլ տուկի թել ա տալիս, որ ուտենք՝ կշտանանք, էդ թելով էլ մեզ կախ անենք: Ես խնդրում եմ, մենք ոնց որ եղել ենք 19 տարի առաջ, նույն իջեւանցիները լինենք, ոնց որ դիմակայեցինք ոսոխին, ընդունեցինք մեր փախստական հայրենակիցներին, այսօր նույն զարթոնքն ապրենք: Ոչ մի վախ: Վախը տանում է դեպի մահ: Ով որ վախենում է, ընդհանրապես պետք է չխոսի: Այսօր մարզը բաժանվել է, իրար մեջ փայ-փայ են արել: Փայի կռիվ է գնում, իսկ մեր երիտասարդը, որ ավարտում է, որ բանակից ետ է գալիս՝ տեղ չունի ապրելու: Ստիպված քոչը կապում, գնում է: Ինչի՞ պիտի տենց լինի: Համախմբվենք, ասենք՝ էդ հողը մերն ա, թալանչինե՛ր, դուք ռադ եղեք, գնացեք, թողեք ապրենք»:

Հանրահավաքից հետո իջեւանցիները վստահեցնում էին, թե տպավորված են հանրահավաքից, որովհետեւ, նրանց ասելով, «էս մի անգամ ա, որ ճիշտ բառ լսեցինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել