Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԵԼ Է ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓՈԽԱՐԵՆ

Ապրիլ 26,2007 00:00

\"\"Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ Հակոբ Հակոբյանը գտնում է, որ էջմիածինցի Հակոբ Հակոբյանի համար ամեն ինչ դեռ կորած չէ եւ ցանկության դեպքում 2012-ին կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն:

– Պարոն Հակոբյան, ի՞նչ քաղաքական կենսագրություն ունեք, բացի այն, որ այսօր Արաբկիրի թաղապետի գլխավոր խորհրդականն եք:

– Ես 1988-ից ակտիվ մասնակցել եմ արցախյան շաժմանն ու Հայաստանի սահմանների պաշտպանությանը: 1994-ից ԱԺՄ կուսակցության անդամ եմ եղել, 1999-ից՝ ՀԺԱՄ կուսակցության անդամ, վարչության անդամ մինչեւ 2007-ը: 2007-ից Հանրապետական կուսակցության անդամ եմ:

– Ինչո՞ւ որոշեցիք ձեր թեկնածությունն առաջադրել հենց Էջմիածնում, հաշվի առնելով այն, որ դուք Էջմիածնում որեւէ գործունեություն չեք ծավալել, իսկ քաղաքացիներն էլ ձեզ չեն ճանաչում:

– ՀԺԱՄ կուսակցության ժամանակ ղեկավարում էի ներկայիս թիվ 19 ընտրատարածքի Վաղարշապատի ՀԺԱՄ կուսակցության նախընտրական շտաբը եւ այնտեղ մենք ունենք բազմահազարանոց համախոհներ ու ընտրազանգված: Այդ ընտրատարածքում ես ունեմ շատ ընկերներ եւ համախոհներ թե՛ կուսակցական, թե՛ այլ բնագավառներում: Եվ այդ պատճառով որոշեցի իմ թեկնածությունն առաջադրել թիվ 19 ընտրատարածքում:

– Առաջադրման հենց սկզբից ձեր անունը կապվեց նույն տարածքի պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ -Գ. Բ.) հետ: Ձեր անուն-ազգանվան նույնությունը պատահականությո՞ւն էր, թե՞ ի սկզբանե վերեւներում այդպես էր որոշված:

– Միանշանակ պնդում եմ, որ դա պատահականություն էր, քանի որ ես Հակոբ Վարշամի Հակոբյանն եմ, իսկ մեր մյուս թեկնածուն՝ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը: Մեր հայրանունները տարբեր են եւ ակնհայտ է, որ մեր ընտրողները հաստատ դա չէին շփոթի:

– Ե՞րբ գլխի ընկաք, որ Հակոբ Հակոբյանը կեղծ ստորագրություններ է ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողովին եւ ինչո՞ւ նրա գրանցումը չեղյալ համարելու պահանջով դատարան դիմելու նախաձեռնությունը հենց դուք ցուցաբերեցիք:

– Գլխի ընկա, երբ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է գրանցեր 4 թեկնածուներին: Ընտրատարածքային հանձնաժողովում կային քաղաքացիների դիմում-բողոքներ՝ այն մասին, որ իրենց ստորագրություններն ինչ-ինչ պատճառով հայտնվել են թեկնածուների նախաձեռնող խմբի ստորագրությունների փաստաթղթերում: Ակնկալում էի, որ այդ հարցը հանձնաժողովի որոշելու խնդիրն էր, որ կդնեին եւ քվեարկությամբ կորոշեին այդ հարցի լուծումը: Իմ կարծիքով, ընտրատարածքային հանձնաժողովը, երբ ստացել է այդ դիմում-բողոքները, պետք է այդ թեկնածուներին չգրանցեր, պետք է դիմեին դատափորձաբանական քննության, որպեսզի պարզեին իրականում ստորագրությունները կե՞ղծ են, թե՞ ոչ, նոր միայն գրանցեին: Ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է քվեարկության դներ եւ ձայների 2/3-ով որոշեր, թե այդ դեպքի հետ կապված ինչ անեն: Իրենք 2/3-ը, որը 6 ձայն է անում, չհավաքեցին ու թեկնածուներին գրանցեցին՝ արհամարհելով դիմում-բողոքները: Մենք սպասում էինք, որ մեր փոխարեն դատարան կդիմեր ընտրական հանձնաժողովը՝ ելնելով սահմանադրական նորմերից, սակայն չդիմեցին եւ դա արեց իմ լիազոր-ներկայացուցիչը: Դատարանի պարզելուց հետո արդեն բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ փաստաթղթերում կային կեղծված ստորագրություններ:

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Հակոբ Հակոբյանի քաղաքական կենսագրությունն այսպիսի ավարտ ունեցավ:

– Պարոն Հակոբ Հակոբյանն ինձ համար դեռ մեր տարածաշրջանի պատգամավորն է: Այս պահին ինքը համարվում է պատգամավոր եւ չեմ կարծում, թե ինչ-որ ավարտ է տեղի ունեցել: Ի՞նչ է պատահել որ, 2012-ի ընտրություններին կդնի իր թեկնածությունը եւ, հուսով եմ, կառաջադրվի: Ինքն այդ փորձն ունի, նորից ժողովրդի վստահությանը կարժանանա: Այնպես չէ, որ այս անգամ դուրս է մնացել՝ մյուսին չի կարող առաջադրվել: Ժամանակի մեջ ամեն ինչ իր տեղը կընկնի:

– Հակոբ Հակոբյանն արդեն կորցրե՞լ է ժողովրդի վստահությունը:

– Նա որպես Ազգային ժողովի պատգամավոր եւ որպես էջմիածինցի, Զվարթնոցի բնակիչ, ժողովրդի մեջ ունի բավականին լավ վստահություն եւ մինչ այս պահը այդ վստահությունը շարունակվում է:

– Ինչքա՞ն եք գնահատում ձեր ընտրվելու հնարավորությունները, երբ Սեյրան Սարոյանը բացահայտ վայելում է իշխանությունների աջակցությունը:

– Ես իմ ընտրվելու հնարավորությունները գնահատում եմ բավականին լավ:

– Հավատո՞ւմ եք, որ ընտրություններն արդար են անցնելու:

– Անշուշտ, հավատում եմ եւ հակված եմ: Ունեմ մեծ ցանկություն, որպեսզի թիվ 19 ընտրատարածքում ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է:

– Ի տարբերություն հակառակորդ թեկնածուի, դուք Էջմիածնում այս պահին էլ ճանաչված չեք, ձեր քարոզչությո՞ւնն է կաղում, թե՞ կան այլ հանգամանքներ:

– Ամեն օր ունենում եմ բակային 2-3 հանդիպում: Իմ շտաբն այս պահին շարժական է, քանի որ գյուղեր էլ ենք այցելում: Հանդիպումները նորմալ կայանում են, եւ քարոզարշավն ամուր հիմքերի վրա է դրված:

– Իսկ ինչո՞ւ Էջմիածնում չունեք ձեր տարածքային շտաբը:

– Կոնկրետ շտաբներ ես ունեմ, դրանք մարդկանց կողմից ինձ անհատույց են տրամադրվել: Իմ ընտրողներն ինձ գտնելու համար ոչ մի խնդիր չունեն, ինձ գտնում են, հանդիպումները կայանում են եւ ակտիվ քննարկումներ ենք ունենում:

Հ. Գ. Մեր տեղեկություններով՝ Հակոբ Հակոբյանը մինչեւ վերջ ընտրապայքարին չի մասնակցելու. նա մոտ օրերս իր թեկնածությունը հանելու է: Չնայած դրան, պարոն Հակոբյանը պնդում էր, որ ինքը վճռական է տրամադրված. «Գնալու եմ մինչեւ վերջ ու հաղթելու եմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել