Պնդում է Շիրակի մարզի թիվ 36 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մուշեղ Սաղաթելյանը
– Ընդամենը 15 օր հետո կավարտվի ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլը: Ինչպիսի՞ն է ընտրատարածքում ստեղծված մթնոլորտը:
– Քարոզարշավն առայժմ ընթանում է օրենքի սահմաններում: Ես ինքս քարոզարշավի առաջին օրվանից սկսած հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ եւ շարունակելու եմ հանդիպել մինչեւ մայիսի 10-ը: Հիմնական ասելիքս, որ ուղղված է ընտրողներին, երկրում արդարության հաստատումն է:
– Կարգախոս ունե՞ք:
– Այո, «Ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես»: Դա ինչ-որ տեղ մեր ժողովրդին ուղղված միաբանության կոչ է, որ նման է «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» ասացվածքին: Հիմա ես գործ ունեմ հենց այդ «գյուղի» ազգաբնակչության, իմ ծննդավայրի ժողովրդի հետ, որի մեջ կա սթափություն ու սառը դատողություն, հարգանքի, վստահության եւ հավատի դաշտ: Հավատացեք, ամենեւին էլ այնպես չէ, որ բոլորը ծախված են կամ սպասում են, թե ով իրենց պիտի ձայնի դիմաց փող առաջարկի: Ես պատիվ ու հարգանք վայելող, հայրենիք սիրող ու հպարտ մարդ եմ, եւ այդպիսին են նաեւ այն մարդիկ, ում ես հանդիպել եմ: Ես գնում եմ գյուղեր ու ասում եմ, որ եկել եմ խնդրելու՝ փող չվերցնե՛ք: Տպավորությունս այն է, որ մենք՝ ես ու մեր ընտրողները, իրար հասկացել ենք: Ես հարգում եմ օրենքները եւ պահանջում եմ, որ իմ մրցակիցներն էլ հարգեն: Եթե տեսնում եմ, որ մարդիկ սկսում են օրենքը շրջանցել, նախ՝ զգուշացնում եմ, խնդրում ու բացատրում եմ, որ դա ընդհանուրի, պետության ու ժողովրդի շահի դեմ է: Առայժմ դա օգնում է օրինախախտումները զսպել, բայց եթե զգամ, որ հորդորներս տեղ չեն հասնում՝ հաջորդ քայլը կարող է լինել այն, որ կդիմեմ այլ միջոցների, նույնիսկ՝ ֆիզիկական ուժի:
– Այսինքն՝ մինչեւ հիմա ձեր ընտրատարածքում կաշառք չի՞ բաժանվել:
– Նման ցանկություններ ունեցողները շատ-շատ են, բայց ես արդեն սկսել եմ քաղել իմ կատարած բացատրական աշխատանքի արդյունքը՝ ընտրակաշառք վերցնողներն իրենք են հրաժարվում կաշառքը վերցնելուց, որովհետեւ հստակ գիտակցում են, որ հենց կաշառք վերցնելն է իրենց տունը քանդում: Ավելի քան 15 գյուղերում իմ ունեցած հանդիպումներից հետո մարդիկ ընտրակաշառք առաջարկողներին վռնդել են գյուղերից: Մարդիկ թասիբի են ընկել, եւ հիմա դա ձնագնդիի պես գլորվում է ողջ ընտրատարածքով մեկ: Ես ինքս երբեք չեմ ստորանա այն աստիճանի, որ մարդկանց ինձ ընտրելու համար փող կամ այլ բան առաջարկեմ: Իմ առաջարկն իմ ծրագիրն է:
– Իսկ ո՞րն է այդ ծրագիրը:
– Ես առաջին հերթին ուզում եմ, որ մարդիկ այս երկրում իրավազուրկ չլինեն, որ օրենքը բոլորի նկատմամբ հավասար կիրառվի: Իմ պայքարը դրա համար է: Իսկ դա ավելի կարեւոր է, քան մարդկանց սոցիալական վիճակը, որովհետեւ այսօրվա վիճակը օրենքը ոչ հավասար կիրառելու հետեւանք է: Եթե օրենքը ոչ բոլորի նկատմամբ է հավասար կիրառվում, եւ եթե կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ապա բնական է, որ մեկս կլինի վերեւում, մեկս՝ ներքեւում: Համոզված եմ, որ այսօր մեր երկրում ստեղծված անարդարության, սոցիալական անմխիթար վիճակի պատճառը միայն պետական կառավարման համակարգն է: Կենտրոնն այսօր հզորացել, դարձել է բռունցք եւ ներքեւում գտնվող մարդու ցավը չի զգում ու չի ուզում նրան մարդու տեղ դնել: Գդալը տվել են ՏԻՄ-ին, օրինակ՝ գյուղապետին, ճաշը չեն տալիս, որ ուտի: Արդեն 10-13 տարի է՝ համայնքի ղեկավարը ոչ մի կերպ չի կարողանում իր ղեկավարած տարածքի վրա գտնվող սեփականության տիրոջ հետ համաձայնության գալ ու համայնքի համար որեւէ բան կազմակերպել: Համայնքի ղեկավարը չունի միջոց իր տարածքը կառավարելու՝ մարդկանց աշխատանքով ապահովելու համար, օգնելու, որ մարդիկ կարողանան իրենց հողը մշակել եւ ստացված արտադրանքն իրացնեն: Ո՞վ է մեղավոր սրա համար, եթե ոչ պետական համակարգը կամ պետական չինովնիկը: Այսօր տնտեսական ոլորտում այս կամ այն արտադրանքի ներկրման մենաշնորհից զատ, մոնոպոլիզացվել է նաեւ պետական կառավարման համակարգը, իսկ դա վտանգավոր է: Այս վիճակից դուրս գալու միակ ձեւը պետական կառավարման համակարգի արմատական փոփոխումն է, եւ ես դրա կողմնակիցն եմ: Եթե օրենքը գործի եւ գործի հավասար բոլորի համար, էլ ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ բան: Դրանք հեքիաթներ են: Ո՞նց կարող է կոռուպցիայով զբաղվող մարդը պայքարել կոռուպցիայի դեմ, կամ կոռուպցիան ի՞նչ է, որ դրա դեմ պայքարելու հանձնաժողովներ ու կառույցներ են ստեղծվում: Այդ պայքարի ձեւերը գրված են ՀՀ Քր. օր.-ում, որոնք այսօր չեն գործում: Թող իշխանություններն օրենքները կիրառեն, տեսեք՝ կոռուպցիա կլինի՞, թե՞ չի լինի: Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, ո՞վ է ծնել դա, ես ու դո՞ւ: Ոչ: Ծնել է նա, ով կանգնած է կոռուպցիայի գլխին, ու հիմա դրա դեմ պայքարի ձեւերն էլ ինքն է ընտրում ու որոշում:
– Ֆինանսական ռեսուրսներն ընտրությունների ժամանակ մեծ դեր ունեն: Ձեզ հաջողվո՞ւմ է մրցակցել մյուս երկու թեկնածուների հետ, ովքեր պատկառելի ֆինանսական ռեսուրս ունեն:
– Թող ընտրություններն օրենքի շրջանակներում լինեն, պարզ կդառնա, թե այդ ֆինանսը որքան ազդեցություն ունի ընտրությունների ժամանակ: Հետո, ինչո՞ւ եք մոռացել, որ պատիվն ու հարգանքն ավելի մեծ ռեսուրս են, քան փողը: Ես հարգանք ունեմ, իրենք՝ փող, հենց այդ երկուսի միջեւ էլ ընթանում է մեր մրցակցությունը:
– Ձեր ընտրատարածքում միայն դուք եք, որ ընկալվում եք որպես ընդդիմադիր թեկնածու: Դա ձեզ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:
– Ցանկացած խելոք մարդ կպատասխաներ՝ օգնում է: Բայց ես երբեւէ ընդդիմադիր եւ իշխանամետ հասկացությունը չեմ ընդունել, որովհետեւ, իմ կարծիքով, ամեն մեկս մեր չափով մեղավոր ենք Հայաստանում ստեղծված վիճակի համար: Ամեն մի հայ մարդ, որը չի մասնակցում իր երկրի կառուցմանը, լռում է՝ տեսնելով անարդարություններ իր, իր հարեւանի, փողոցով անցնող անծանոթ մարդու նկատմամբ՝ չզգալով դիմացինի ցավը, մեղավոր է:
– Դուք հայտնի եք նրանով, որ համարձակվել եք բարձրաձայն հայտնել ձեր համոզմունքը «Հոկտեմբերի 27»-ի առնչությամբ՝ կասկած հայտնելով այդ հանցագործությանը երկու իշխանավորների առնչության մասին, նաեւ դատապարտվել եք դրա համար: Նրանցից հարվածներ սպասո՞ւմ եք:
– Չեմ սպասում. դա կարող է շուռ գալ հենց հարվածողի դեմ: Չեն անի: Ոչ ոք խելագար չի, որ ձեռքը տանի ու մեղվի բունը քանդի: «Հոկտեմբերի 27»-ը մեղվի բուն է: Դա ամենասարսափելի բանն էր, որ տեղի ունեցավ մեր երկրում եւ մեր ազգի ճակատին դարձավ «վասակության» խարան:
– Իշխանությունները ձեզ չե՞ն խանգարում:
– Ոչ, բացարձակ, առայժմ: Բայց ես զգոնությունս չեմ կորցնի մինչեւ վերջին պահը, այնքան ժամանակ, մինչեւ ընտրություններն ավարտվեն: Ես զգույշ եմ, բայց հնարավոր խոչընդոտների դեմ պայքարելու ձեւերն էլ գիտեմ:
– Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն քվե կստանաք:
– Համոզված եմ, որ եթե արդար ընտրություններ լինեն, 50 տոկոսից ավելի:
– Ձեր ընտրատարածքում ընտրություններն արդա՞ր կլինեն:
– Ոչ 100 տոկոսով, բայց ժողովրդի հետ շփվելուց հետո համոզվեցի, որ արդար ընտրություններ անցկացնել հնարավոր է: