Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ը ԳՈՌԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ

Ապրիլ 26,2007 00:00

\"\"Պնդում է Միավորված աշխատանքային կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր
Գրիգոր Ղոնջեյանը

Օրերս ասուլիսում խոսելով ԱԺ անցնելիք կուսակցությունների մասին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը որպես «թարմ անուն» մատնանշել էր «Ժառանգություն» կուսակցությանը եւ համեմատություն անցկացնելով «Ժառանգության» ու ՄԱԿ-ի միջեւ՝ ասել, թե «ՄԱԿ-ն այնքան էլ թարմություն չբերեց ԱԺ, քանի որ շատ հարցերում այդ կուսակցության դիրքորոշումները չէին տարբերվում իշխանությունների տեսակետներից: Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանն, այս առումով, հաճելիորեն տարբերվում է եւ թարմություն հաստատ կբերի»: Մինչեւ մայիսի 12-ը ՀՀԿ-ն եւ ՄԱԿ-ը դեռ դաշնակիցներ են: Եվ իրենց դաշնակցի այս գնահատականը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ Գրիգոր Ղոնջեյանը նշեց, թե սկզբունք ունեն առանձնապես չանդրադառնալ այլոց ասածներին. «Մենք խոսում ենք միայն մե՛ր արածների եւ անելիքների մասին: Բացի այդ՝ որպես ազատական կուսակցության ներկայացուցիչ՝ հարգում եմ Սամվել Նիկոյանի իրավունքը սեփական կարծիք ունենալու եւ գնահատականներ տալու: Սակայն նաեւ կասեմ՝ այդ կարծիքը, մեղմ ասած, չի համընկնում ոչ միայն մեր, այլ նաեւ մեր ընտրողների ու համախոհների կարծիքին: Հակառակը՝ բոլորն իրենց գնահատականներում որպես ՄԱԿ-ի դրական կողմ են նշում հենց այն, որ կուսակցությանը հաջողվեց զգալի թարմություն մտցնել ու շատ կարեւորագույն, սկզբունքային հարցերում առաջարկել այլընտրանք: Եվ իհարկե, բոլորն էլ գիտեն, որ ՄԱԿ-ի 6 հոգանոց խմբակցությունն անհամեմատ մեծ ազդեցություն ուներ քաղաքական գործընթացների, խորհրդարանական գործունեության եւ մթնոլորտի ձեւավորման վրա: Իսկ թարմության կամ ոչ թարմության կապակցությամբ ուղղակի հիշեցնեմ մեր մի քանի նախաձեռնությունները՝ այլընտրանքային սահմանադրական փոփոխությունների փաթեթ (այն լավագույնը համարվեց փորձագետների կողմից), լրջագույն այլընտրանք՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծ, որտեղ հեղափոխականի հասնող առաջարկներ էին ներառված»: Գրիգոր Ղոնջեյանը շարունակեց թվարկումը՝ գնաճի խնդրի օրենսդրական կարգավորում, ավանդների ապահովագրում եւ այլն, եւ հավելեց. «Բոլոր նրանք, ովքեր թարմության կոչ են անում, թող, ասենք, հիշեն, որ իրե՛նք մերժեցին մեր կանոնակարգը, որը նոր շունչ էր եւ գործնական կոչ՝ փոխելու ԱԺ աշխատանքի ոճը, ձեւը եւ բովանդակությունը: Սակայն պետք է նաեւ նշեմ, թե մեր գործընկեր Սամվել Նիկոյանը դեռ Հանրապետական կուսակցությունը չէ, եւ նրա կարծիքը ՀՀԿ-ի պաշտոնապես հռչակած դիրքորոշումը չէ: Ու հավելեմ, եթե պրն Նիկոյանին լրացուցիչ թարմություն է պետք, ապա, ըստ երեւույթին՝ նա այդ թարմության աղբյուրը պետք է փնտրի սեփական, այլ ոչ թե այլ կուսակցությունների գործունեություններում»:

ԱԺԿ ցուցակում ընդգրկված՝ Կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանն էլ օրերս նշել էր, թե ՄԱԿ-ը «շատերի համար անհայտ ու անհասկանալի անուն է»: Գրիգոր Ղոնջեյանից հետաքրքրվեցինք՝ քարոզչական հանդիպումների ընթացքում ստանո՞ւմ են նույն տպավորությունը, թե մարդկանց անծանոթ է ՄԱԿ-ի անունը. «Չենք բացառում, որ գուցե ընտրողների մի հատվածին կարող է շատ բան չասել ՄԱԿ-ի անունը: Բայց մեր հանդիպումները եւ տեղական կառույցներից անընդհատ ստացվող տեղեկատվությունը վկայում են, որ ժողովրդի քաղաքականապես ակտիվ մասը շատ լավ գիտի մեզ ու տարբերում է մյուսներից: Եվ ինչը մեզ շատ է ուրախացնում՝ ոչ թե ընդհանուր կարգի սոցիալական-պոպուլիստական հարցեր են տալիս մեզ, այլ շատ որոշակի հարցեր, որոնք առնչվում են մեր խորհրդարանական գործունեությանը: Այնպես չէ, թե բոլորն են դրանով հետաքրքրվում: Բայց մեր ընտրազանգվածը միատարր չէ»:

ՄԱԿ-ի քաղխորհրդի անդամը նաեւ նշեց. «Մեր քարոզարշավը մեր գործի շարունակությունն է: Ինչպես չենք գոռացել աշխատելու ժամանակ՝ այնպես էլ չենք գոռում հիմա: Ես բազմամյա փորձ ունեմ դասավանդման. դասախոսները հաճախ են քննության ժամանակ ասում՝ սեմեստրի ընթացքում էր պետք պարապել եւ ոչ սեսիայի վերջին օրերին փորձել ամեն ինչ կարդալ, հասկանալ, գլուխն ուռեցնել եւ այդ աջափսանդալն ուղեղում՝ գնալ քննության, խառնելով ամեն ինչ: ՄԱԿ-ն աշխատել է սեմեստրի ողջ ընթացքում, ուստի այժմ՝ քննաշրջանից առաջ, ո՛չ գոռալու կարիք ունենք, ո՛չ էլ շատ սուր հարցեր հնչեցնելու: Ոչ մի սթափ մարդ չի կարող հավատալ, թե ինչ-որ մեկը 4 տարի պասիվ է եղել Ազգային ժողովում, իսկ հիմա շատ ակտիվ քարոզարշավ է անում, որ… ի՞նչ, հետո ինչո՞ւ պիտի ակտիվ լինի 5 տարի»:

Քարոզարշավի ընթացքում իրականացվող խախտումների մասին զրուցելու մեր փորձն այսպիսի արձագանքի արժանացավ՝ պրն Ղոնջեյանը հիշեցրեց. «2003-ի նախընտրական արշավի ժամանակ մեզ բոլորն ասում էին՝ առանց սկանդալի, առանց պոպուլիզմի, առանց ճչացող հայտարարությունների՝ դուք չեք մտնի Ազգային ժողով: Մտա՛նք: Ասում էին՝ եթե չճչաք, չգոռաք, չվիրավորեք, չհայհոյեք՝ տեսանելի չեք դառնա: Դարձա՛նք՝ առանց այդ ամենի: Սա մեր աշխարհայացքից բխող կեցվածք է, որ մանավանդ ընդգծված է հիմա: Բացի այդ՝ ամեն ինչի համար ունենք պատասխանատուներ: Եվ քարոզարշավի խախտումները վերահսկելը մեր ուղղակի գործառույթը չէ: Թող ամեն կառույց զբաղվի իր գործով. պրոֆեսիոնալիզմի կոչ ենք ուզում անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել