Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԵՐՆ ԱՎԵԼՈՐԴ ԵՆ

Ապրիլ 25,2007 00:00

\"\"Ստրասբուրգում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բոլոր սպասելիքները գերազանցած Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն այս գիշեր Երեւան ժամանեց որպես Եվրոպայի թիմային չեմպիոն:

Տղամարդկանց առաջնությունում ամենադիտարժան մրցակցությունը ծավալվեց, թերեւս, մինչեւ 77 կիլոգրամ քաշայինների մեջ, որտեղ «ոսկու» եւ «արծաթի» համար պայքարն ընթանում էր հայաստանցիներ Գեւորգ Դավթյանի, Արա Խաչատրյանի եւ Աթենքի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, թուրք Թաներ Սագիրի միջեւ: Եթե հաշվի առնվեին մարզական բարձրագույն նվաճումները, անվիճելի առաջատարը, անտարակույս, պետք է լիներ Սագիրը (նա Աթենքում օլիմպիական «ոսկին» նվաճել էր աննկարագրելի վստահ, որին տողերիս հեղինակը հենց դահլիճում վկա է եղել): Սակայն Ստրասբուրգ մեկնելուց առաջ «Առավոտին» տարբեր օրերի տված բացառիկ հարցազրույցներում թե Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, թե ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն ու երկրորդ մարզիչ, աշխարհի կրկնակի ռեկորդակիր Խաչատուր Քյափանակցյանը վստահեցնում էին, որ մինչեւ 77 կգ քաշային կարգում առաջատարի տիտղոսները ոչ ոքի չեն զիջելու: Ու, ինչպես տեսանք, Ստրասբուրգի մրցահարթակում տղաները ֆեդերացիայի նախագահի ու մարզիչների խոստումներն իրականություն դարձրին:

Ծավալելով տակտիկապես ճիշտ ընտրված մարտավարություն, Արան պոկում վարժությունն սկսեց 159 կիլոգրամից, որին Սագիրի բանակը պատասխանեց 160 կիլոգրամով: Հետո հայ մարզիկը պատվիրեց 163 կգ ու կրկին հաջող ավարտեց մոտեցումը: Այդ քաշը առաջին իսկ փորձից հնազանդվեց նաեւ պայքարին միջամտած Գեւորգ Դավթյանին: Սագիրը եւ նրա թիմը, հավանաբար, ցանկանալով կոտրել մեր ծանրորդների ոգին, գնացին 164 կիլոգրամի, բայց հասանելիք երկու մոտեցումները ձախողեցին: Դրա փոխարեն Արան իր կամքին ենթարկեց 165 կիլոգրամը՝ նվաճելով այդ մրցաձեւում փոքր արծաթե մեդալը, իսկ Գեւորգը երրորդ մոտեցումով բարձրացրեց 166 կգ՝ «փոքր ոսկի»:

Հրում վարժությունում թուրք ծանրորդը «չարձագանքեց» Ա. Խաչատրյանի մեկնարկային 191 կիլոգրամին՝ որոշելով ճակատամարտ տալ գլխավոր մրցակցին՝ Գեւորգ Դավթյանին: Սակայն նրա այս ռազմավարությունն էլ դատապարտված էր: Նրա առաջին փորձն անհաջող ստացվեց: Ծանրաձողը ենթարկվեց միայն երկրորդ մոտեցումով: Դրա փոխարեն հայ մարզիկն այնուհետեւ բարձրացրեց 195 կգ-ն, հետո 197-ը ու երկամարտի 363 կիլոգրամով օլիմպիական չեմպիոնին դրեց անելանելի վիճակի մեջ: Չեմպիոն դառնալու համար Թաներ Սագիրն արդեն պետք է պատվիրեր առնվազն 207 կգ, մի ծանրություն, որը նրա ուժերից անհամեմատ վեր էր: Դրա համար էլ նա հարկադրված ընդհանրապես հրաժարվեց երրորդ մոտեցումից:

Իսկ ինչ վերաբերում է Արա Խաչատրյանին, նա էլ իր հերթին հերթականությամբ բարձրացրեց 194 եւ 196 կիլոգրամները եւ երկամարտի 361 կիլոգրամով կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին՝ Սագիրին թողնելով միայն բրոնզե մեդալը:

85 կգ քաշային կարգում Սիդնեյի օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր Արսեն Մելիքյանը, ով բավականին երկար ժամանակ հանդես չէր գալիս նմանատիպ պատասխանատու մրցումներում, պոկում վարժությունում ցույց տվեց 160 կգ (8-րդ արդյունք), հրումում՝ 190 կգ (9-րդ), երկամարտի 350 կիլոգրամով հանգրվանեց 9-րդ հորիզոնականում, իսկ 105 կգ քաշային Ռաֆիկ Չախոյանը բավարարվեց 8-րդ տեղով՝ 175+200=375 կգ: Սակայն նրանք բավականաչափ միավոր վաստակելով նպաստեցին, որպեսզի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Ստրասբուրգից տուն վերադառնա ոչ պաշտոնական հաշվարկով՝ Եվրոպայի չեմպիոնի կոչումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել