Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ ՕԼԻԳԱՐԽԸ՝ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ապրիլ 25,2007 00:00

\"\"Ռեժիսոր Արսեն Ասլանյանի՝ Հայաստանի մասին պատմող նոր ֆիլմը կնկարահանվի ոչ հայի միջոցներով

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնի լեփլեցուն դահլիճում կայացավ ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու նրա անցած խրթին ուղուն: «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը մի յուրօրինակ ձոներգ է Հայաստան աշխարհին, նրա պատմությանն ու մշակույթին: Նկարահանումները կատարվել են Հայաստանով մեկ սփռված եկեղեցիներում ու վանքերում՝ Էջմիածնում, Օշականում, Օձունում, Հաղպատում, Սանահինում, Տաթեւում, Գեղարդում, Խոր Վիրապում, Արցախում եւ այլուր: Ֆիլմի օպերատորն է Արման Օրդյանը, սցենարի հեղինակը՝ Նարինե Թուխիկյանը, իսկ պրոդյուսերը՝ Գոռ Ղազարյանը: Երաժշտության գործիքավորումը կատարել է Արա Գեւորգյանը:

«Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, ֆիլմի բյուջեն կազմել է շուրջ $50000, ինչը ռեժիսոր Ա. Ասլանյանը չհերքեց: Նա նշեց, որ ֆիլմով շահույթ հետապնդելու նպատակ չունի. «Կարիերայիս ընթացքում երբեք չեմ ցանկացել շահարկելով երկրիս անունը՝ փող աշխատել, թեեւ գումարը կարեւոր է գործունեությանս համար»:

«Քրիստոնյա Հայաստանում» պատմիչին մարմնավորել է ճանաչված դերասան Վլադիմիր Մսրյանը: Նա երբ ֆիլմի ընթացքում հնչեցնում է «Հայր մերը», կայծակ է ճայթում, մարդկանց դեմքերը լուսավորվում են, ու ժողովուրդը Տերունական աղոթքի օգնությամբ հասնում է խաչին:

Ա. Ասլանյանին հարցրինք՝ ժամանակին եղել է հեռուստատեսային օպերատոր, ապա ռեժիսոր, իսկ 1999-ից անցել կինովավերագրությանը՝ նկարահանելով «Սա Հայաստանն է-1», «Սա Հայաստանն է-2» փաստավավերագրական ֆիլմերը, զուգահեռ աշխատել է «Կռունկ», «Ինչ կա-չկա» հեղինակային ծրագրերի վրա, չի՞ կարծում, որ «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը կոմերցիոն նպատակ չի կարող հետապնդել: Պարոն Ասլանյանը հայտնեց. «Մինչ երեւանյան պրեմիերան, ֆիլմի անոնսային տարբերակը ցուցադրվել է Ամերիկայում, Ավստրալիայում, Չեխիայում, Ռուսաստանում եւ այլուր: Այդ երկրներից ունենք ֆիլմը ցուցադրելու առաջարկ, իսկ մեր երկրից, որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը, դեռեւս ոչ մի արձագանք: Նշեմ, որ մեր ֆիլմի օպերատոր Արման Օրդյանը հանրահայտ PARAMONT PICTUERS ընկերությունից ստացել է 6-ամսյա կատարելագործման եւ 5 տարով աշխատելու հրավեր»: Հետաքրքրվեցինք՝ հայաստանյան TV-ները ի՞նչ գումարով կարող են այն գնել: «Ով մեծ գումար կառաջարկի՝ նա էլ իրավունք կստանա ցուցադրել»,- ասաց արվեստագետը:

Ա. Ասլանյանից «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց՝ ֆիլմը կունենա՞ շարունակություն եւ առաջիկայում կներկայացվե՞ն Արեւմտյան Հայաստանի եկեղեցիները: Ռեժիսորը հայտնեց, որ առանց իրավունքի, թաքնված տեսախցիկով չի կարող նկարահանել Արեւմտյան Հայաստանի եկեղեցիները, որովհետեւ այդկերպ պրոֆեսիոնալ մակարդակ չի ապահովվի, հետեւաբար ինքը բանակցություններ է վարել ֆիլմը հավանության արժանացրած անգլիացի կինեմատոգրաֆիստների հետ՝ նրանց անունից Թուրքիայում պրոֆեսիոնալ նկարահանումներ կատարելու համար: Հաջորդ ֆիլմի ֆինանսավորումը իր վրա է վերցրել մի ռուս օլիգարխ, որի անունը Ա. Ասլանյանը չհրապարակեց: Ռեժիսորը գոհ է իր այս աշխատանքից. «Քրիստոնյա Հայաստանը» ավելի շատ բան է ասում, քան պատգամավորության թեկնածուների ծրագրերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել