Ապրիլի 16-ին եւ 17-ին Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերությունը (GTZ) Ստամբուլում անցկացրեց դատավորների միջազգային գիտաժողով:
Գիտաժողովի թեման էր «Ճանապարհ դեպի Եվրոպա. արդարադատության վիճակը եւ հեռանկարները Հարավային Կովկասի երկրներում»: Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ GTZ-ի կողմից այս տարի առաջին անգամ Անդրկովկասից դուրս՝ Ստամբուլում անցկացվող դատավորների միջազգային կոնֆերանսը հանդիսանում էր նախկինում Թբիլիսիում անցկացվող գիտաժողովների շարունակությունը:
Կոնֆերանսն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ներգործությանը՝ ազգային դատական պրակտիկայի եւ օրենսդրության վրա: Գիտաժողովի հաջորդ թեման էր մասնակից պետությունների վարչական իրավունքի բարեփոխումները, ինչպես նաեւ դատական պրակտիկայի բարելավման հարցերը: «Առաջին անգամ գիտաժողովին մասնակցում էր նաեւ հարեւան Թուրքիան: Ընդհանուր առմամբ կոնֆերանսին ներկա էին դատավորներ եւ դատական համակարգի ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից եւ Գերմանիայից, ինչպես նաեւ ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից եւ Անդրկովկասից երեք դատավոր, ովքեր աշխատում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- ասաց Ա. Ենգոյանը:
Գիտաժողովի ավարտից հետո ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը ամփոփիչ հարցազրույց է տվել «Ակոս» թերթին, որում, մասնավորապես, նշել է. «Միջոցառումն իր էությամբ քաղաքական չէ, այն նախատեսված է գիտական եւ դատական շրջանակների համար, իսկ Հայաստանի Հանրապետության այցելությունը չի համարվում պաշտոնական, սա ուղղակի գիտական եւ իրավաբանական մասնագիտական փորձի փոխանակում է Հարավային Կովկասի պետությունների հետ: Նախորդ չորս նմանատիպ միջոցառումների արդյունքում մշակվել են որոշակի երաշխավորություններ, որոնք հետագայում հիմք են հանդիսացել մեր օրենսդրության փոփոխության համար, մասնավորապես, մի շարք երաշխավորություններ այսօր Հայաստանում արդեն դարձել են իրականություն եւ ընդունվել օրենքների մակարդակով: Ես կարծում եմ, որ այս անգամ եւս մենք, ամփոփելով մեր աշխատանքները, կմշակենք առանձին երաշխավորություններ, որոնք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի եւ թե՛ Թուրքիայի իրավական ու դատական համակարգերի համար կարող են օգտակար լինել եւ օգտագործվել որպես ներպետական օրենսդրության կատարելագործման եղանակներ: Այս կոնֆերանսի ընթացքում մենք հիմնականում քննարկեցինք դատական համակարգի գործունեության արդյունավետության հիմնախնդիրը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո: Սա է պատճառը, որ այս գիտաժողովը Հայաստանի համար շատ արդիական եմ համարում: Նմանատիպ միջոցառումներին իմ ակտիվ մասնակցության ձգտումը պայմանավորված է դատական համակարգի արդյունավետության բարձրացման մտահոգությամբ»:
Հայկական պատվիրակությունը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցելով «Ակոս» թերթի խմբագիր եւ հասարակական մեծ գործիչ Հրանտ Դինքի հիշատակին, այցելեց նրա գերեզմանին եւ հանդիպեց ընտանիքի անդամներին:
Հովհաննես Մանուկյանի գնահատմամբ՝ իրենց այցելությունը պաշտոնական չէր: