Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞Ց ՊԵՏՔ Է ԱՄԱՉԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Ապրիլ 25,2007 00:00

\"\"Թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Վահրամ Բաղդասարյանը թանգարանի համար նախատեսված տարածքը դարձրել է սուպերմարքեթ, «Արտեկ» ճամբարը՝ խոզանոց, իսկ միակ կինոթատրոնը՝ հացի փուռ:

1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարչապետ էր, հունվարի 16-ի խորհրդակցության ժամանակ քննարկվել էին աղետի գոտու որոշ շենքեր ու շինություններ սոցիալ-մշակութային նշանակությամբ օգտագործելու մասին հարցեր: Ըստ մեր տրամադրության տակ եղած փաստաթղթի, Ռ. Քոչարյանը մշակույթի նախարարությանը հանձնարարական էր տվել Լոռու մարզպետի եւ մյուս իրավասու մարմինների հետ ուսումնասիրել ու մեկամսյա ժամկետում կառավարությանն առաջարկություն ներկայացնել Վանաձորի գավառագիտական թանգարանի բարելավման նպատակով տեղի «Մանուշակ» ռեստորանի շենքը թանգարանին տրամադրելու մասին: Այսօր, սակայն, նշյալ ռեստորանը դարձել է «Վա-Բա» սուպերմարքեթ, որը պատկանում է թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր առաջադրված Վահրամ Բաղդասարյանին: Ինչ վերաբերում է Գավառագիտական թանգարանին, որն այժմ կոչվում է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան, այն գոյատեւում է 1988-ի երկրաշարժից հետո ստեղծված տնակներում:

Ի դեպ, պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանն իր գովազդային տեսահոլովակներում ներկայանում է «դասական» եղանակով՝ որպես բարեգործ ու համայնքում լիքը գործ արած մեկը եւ ասուլիսներում էլ հայտարարում է, թե ընտրողներից ամաչելու ոչինչ չունի:

Նրանից հեռախոսով հետաքրքրվեցինք՝ չի՞ ամաչում, որ, օրինակ, թանգարանին հասանելիք տարածքը կոպեկներով գնել եւ սուպերմարքեթ է դարձրել, Վանաձորի՝ նախկինում համամիութենական նշանակության «Արտեկ» ճամբարը վերածել է գոմի՝ բառիս բուն իմաստով, իսկ տեղի միակ՝ «Երեւան» կինոթատրոնը դարձրել է փուռ: Պրն Բաղդասարյանն ի պատասխան ծիծաղեց, հետո էլ ասաց. «Նման անհեթեթ հարցերի չեմ պատրաստվում պատասխանել»: «Ժողովրդի հետ, նրա հետ հավասար՝ ոչ բարձր լինես, ոչ ցածր» կարգախոսով պատգամավորության թեկնածուն վերջերս ասուլիսի ժամանակ հայտնել էր, թե ինքը բարեգործություն անում է արդեն 12 տարի՝ պատգամավոր եղած ողջ ընթացքում:

Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանի «բարեգործությունը» յուրօրինակ դրսեւորումներ ունի, ասենք, Վանաձորում իբրեւ ընտրակաշառք բաժանվող բաղնիքի կտրոնների կամ կանանց միամսյակի առիթով՝ ուսուցիչներին ու բուժաշխատողներին տրված նվերների եւ այլնի տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել