Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ու Գեղամյանը՝ Գյումրիում

Ապրիլ 25,2007 00:00

Դաշնակցականներին լսելու էին եկել մարզի հիմնարկների աշխատակիցները, \"\"իսկ Գեղամյանին՝ բողոքավոր ծերունիները:

ՀՅԴ եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները շաբաթ օրը Գյումրիում քարոզարշավ էին կազմակերպել: Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում դաշնակներին «բալետ» անելու էին եկել Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի «պատվին» դաշնակցական դարձած հիվանդանոցների ու դպրոցների գործադիր տնօրենները՝ իրենց աշխատակիցներով: Դահլիճում ձեւի համար ոչ մի կողմնակի մարդ չկար. բոլորը դաշնակներ էին, որոնք եկել էին ոչ թե ՀՅԴ անդամներին հարցեր տալու, նախընտրական ծրագիրը լսելու, այլ՝ ամեն մի ելույթից հետո ծափահարելու եւ «ուռա» գոռալու համար: «Դաշնակցությունը օլիգարխների կուսակցություն չէ, այլ ինքնուրույն քաղաքական ուժ, որը ձգտում է իշխանության գալ ոչ թե ժողովրդին իշխելու, այլ միասին ճանապարհ գնալու, երկրում հավասարություն ապահովելու ու փողոցային իշխանությունից՝ թաղային հեղինակություններից, թիկնապահների գռեհիկ ներկայությունից ձերբազատվելու համար»,- այսպես ներկայացրեց կուսակցության ծրագիրը ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: Դաշնակցական Արմեն Ռուստամյանն էլ վստահեցնում էր, որ իրենք ԱԺ-ում լուրջ ծրագրեր են իրագործելու եւ ամենեւին էլ ԱԺ չեն մտնում՝ սեփական շահերի համար. «Պատգամավորների մեծ մասը խորհրդարան է գալիս ոչ թե օրենսդիր գործունեություն ծավալելու, այլ պատսպարվելու այդ տանիքի տակ, բիզնեսը փրկելու: Եթե այսօր նայենք՝ կտեսնենք, թե քանի պատգամավոր է իրականում գործ անում խորհրդարանում, 25- 30 հոգու անուն կարող ենք տալ, ավելին հնարավոր չէ: Մենք միշտ ձգտում էինք պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանափակել, բայց մենակ մնացինք այդ հարցում ու Սահմանադրության մեջ մեր առաջարկը չմտավ: Սակայն Դաշնակցությունը շարունակելու է պայքարել կոռուպցիայի, անարդարությունների դեմ»:

Օրվա երկրորդ կեսին դրամատիկական թատրոնի նույն դահլիճում ազգափրկիչ այլ ծրագրով՝ իշխանափոխության առաջարկով իր ընտրազանգվածի հետ հանդիպեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Նա վերլուծելով երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակը՝ կոչ արեց այլեւս չհանդուրժել «կոռումպացված նախարարների ու «ազգային ջոջերի» թալանը. «Գյուղերում տղամարդ չի մնացել, դոլարն արհեստականորեն արժեզրկվում է, տնտեսության 40 տոկոսը ստվերում է: Չպետք է թույլ տալ, որ նման իշխանությունը նորից վերարտադրվի, դուք պետք է լավ ապրեք, հայ ապրեք, որպեսզի վերանա արտագաղթը, աշխատի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ձեր ձայնը տվեք «Ազգային միաբանությանը»:

Գյումրիի ծերունիների մի հոծ զանգված անհամբեր սպասում էր, թե երբ է Գեղամյանը ելույթն ավարտելու, որպեսզի մոտենային ու իրենց դարդ ու ցավից պատմեին, սակայն պարոն Գեղամյանը ծերունիներին հիասթափեցրեց. նա ելույթն ավարտելուն պես հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել