Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Ապրիլ 25,2007 00:00

Սա է ԱԺ պատգամավոր, թիվ 40 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Միքայել Վարդանյանի նախընտրական կարգախոսը:

Անմիջականորեն մասնակից լինելով երկրի տնտեսական ոլորտի զարգացմանը, երիտասարդ գործարարը քաջատեղյակ է դրա բոլոր նրբություններին, ոլորտին առնչվող խնդիրներին ու բարդություններին: Եվ նախորդ գումարման խորհրդարանում լինելով ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անմիջական մասնակցություն է ունեցել շատ օրենքների մշակմանն ու բարեփոխմանը: Հաջող բիզնեսի գրավականը նա համարում է ազնիվ եւ արդար մրցակցությունը, օրենքների սահմաններում աշխատելը, պարտաճանաչ հարկատու լինելը: Նրա համոզմունքի վառ օրինակն է «Գրանդ Տոբակոյի» ստեղծման ու կայացման պատմությունը: Տասը տարի առաջ մասնավորեցնելով «Հայծխախոտը»՝ փլուզված վիճակում, վարկային գումարների միջոցով ներդրումներ կատարելով, ձեռնարկությունը զինվում է նոր սարքավորումներով, տեխնիկայով: Այս ճանապարհն են անցել «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող բոլոր ձեռնարկությունները: Դժվարությունների հաղթահարման կամքով ստեղծվել ու զարգանում են այնպիսի ձեռնարկություններ, որոնք այսօր հայաստանյան շուկայի առաջատարներից են եւ աշխատանքով ապահովում են հազարավոր մարդկանց: Իսկ նրանց արտադրանքը նվաճել է նաեւ միջազգային շուկան: Ըստ պարոն Վարդանյանի, երկրում գործարար ոլորտը զարգացնելու համար կան բարենպաստ պայմաններ՝ թեեւ նա չի ժխտում նաեւ որոշ ոլորտներում կլանների առկայությունը, որոնց հետագա վերացման խնդրում վստահ է: Հարցին, թե ինչու է իր թեկնածությունն առաջադրել հենց թիվ 40 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի եւ Լոռու մարզերի բնակավայրերը, պատգամավորը պատասխանում է, որ դա պայմանավորված է արդեն երկար տարիների՝ բնակիչների հետ աշխատանքային համագործակցությամբ եւ այդ տարածքների համար խոշոր տնտեսական ծրագրի առկայությամբ: «Գրանդ Հոլդինգը» ոչ միայն այդ համայնքների կողմից արտադրված ծխախոտի մշտական գնորդն է, այլեւ իր տարաբնույթ օգնություններով նպաստել է գյուղացիների հոգսերի հնարավորինս թեթեւացմանը. ոռոգման եւ խմելու ջրերի ցանցերի համար խողովակների հատկացում, գազիֆիկացման աշխատանքների օժանդակում, կրթօջախների, ամբուլատորիաների եւ սպորտային պալատների վերանորոգում եւ գույքով ապահովում: Ասֆալտապատվել են միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհներ: Բնակչությանը ցուցաբերվել է նաեւ սոցիալական օգնություն: Միքայել Վարդանյանի բարեգործությունների աշխարհագրության ծավալը մեծ է եւ չի սահմանափակվում այս կամ այն մարզով:

Երիտասարդ գործարարը խորհրդարանում անելիքներ դեռ շատ ունի: Նա կարեւորում է օրենսդրական դաշտի բարելավումը, քանի որ, ըստ թեկնածուի, շատ օրենքներ պարզեցման կարիք ունեն եւ հակասում են իրար: Իսկ այդ ամենը վերացնելու համար ժամանակ է պետք: Կարեւորելով նաեւ երկրի սահմանների անվտանգության ապահովումը եւ սահմաններում բնակչության կենսամակարդակի բարձրացումը, առաջնահերթ է համարում աշխատատեղերի ստեղծումը մարզերում: Սահմանամերձ գյուղերում ծխախոտի իրացումը հեշտացնելու եւ արդյունավետ դարձնելու նպատակով նախատեսվում է ավելացնել չորացման խցիկները, որոնք հնարավորություն կտան ծխախոտը չորացնել՝ պահպանելով որակական հատկանիշները: Իսկ սա ավելի շահավետ է գյուղացուն, քանի որ նրան ծխախոտի չորացման հոգսից ազատում է: Նկատի ունենալով, որ տարածքում զարգացած է պտղաբուծությունը, իսկ դրանց իրացումը դժվար է գյուղացու համար, նախատեսում է ստեղծել սառնարանային տնտեսություն, որը թույլ կտա գյուղացուց ընդունել բերքը եւ արտահանել: Այսօր ուսումնասիրվում է դեպի Վրաստան գյուղմթերքի արտահանման հնարավորությունը: Մարզում մեծացվելու են ծխախոտագործության ծավալները, զարկ է տրվելու պտղաբուծությանը, որի նախադրյալներն այդ տարածքում կան: Սա մի խոշոր տնտեսական ծրագիր է, որը մշակվել է տարիների ընթացքում: Այս ծրագրի իրականացման համար Միքայել Վարդանյանը գնում է խորհրդարան:

Նա գտնում է, որ գյուղատնտեսության սուբսիդավորման միջազգային առաջավոր փորձի ներդրումը Հայաստանում մեր գյուղատնտեսությունը կբարձրացնի զարգացման նոր մակարդակի: Գյուղմթերքը միջազգային շուկայում կունենա մրցունակ գին: Նա մատնանշում է նաեւ սուբսիդիաների ֆինանսավորման աղբյուրները: Օրինակ, եթե սիգարետի կամ ոգելից խմիչքների գնին ավելացվի, ասենք՝ տասը դրամ հարկ, որն էապես չի ազդի շուկայում այդ ապրանքների գնի վրա, ապա այդ գումարների հաշվին կարելի է ձեւավորել սուբսիդավորման հիմնադրամ: Այս օրենսդրական նախաձեռնությամբ Մ. Վարդանյանը մտադիր է հանդես գալ հաջորդ գումարման Ազգային ժողովում:

Երիտասարդ պատգամավորը իր մասնագիտական փորձառությունը, բացի գործնական շփումներից, ձեռք է բերել նաեւ շնորհիվ համապատասխան բարձրագույն կրթության՝ սովորելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում եւ Կանադայի Կոնկորդիայի համալսարանի միջազգային բիզնեսի ֆակուլտետում: Միքայել Վարդանյանը համոզված է, որ Հայաստանը նույնպես կարելի է դարձնել այնպիսի բարեկեցիկ երկիր, ինչպիսին Կանադան է, իսկ մեր կյանքում այնպիսի բացասական երեւույթները, ինչպիսիք են կոռուպցիան, կլանային տնտեսությունը՝ ժամանակավոր են եւ վաղ թե ուշ կհաղթահարվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել