Շաբաթ եւ կիրակի օրերին ԲՀԿ անդամները, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպումներ ունեցան Երեւանի Դավիթաշեն եւ Արաբկիր համայնքների բնակիչների հետ:
Երկու դեպքում էլ հրապարակները բառացիորեն հեղեղված էին մարդկանցով, ԲՀԿ դրոշներով, երաժշտությամբ: Ընտրողներն առաջին հերթին եկել էին Գագիկ Ծառուկյանին անձամբ տեսնելու, սեղմելու նրա ձեռքը եւ ողջագուրվելու: Հանդիպումը վարողները շարունակ հնչեցնում էին՝ «Բարգավաճ ծափեր ԲՀԿ-ին» արտահայտությունը, եւ հավաքված մարդիկ հուսախաբ չէին անում, բուռն ծափերով ողջունում էին բոլոր ելույթ ունեցողներին: «Գագիկ Ծառուկյան հիմնադրամը» «Արաբկիր» բժշկական կենտրոնին նախապես նվիրատվություն էր կատարել երկու շտապօգնության մեքենա, որոնք կիրակի օրը հանձնվեցին կենտրոնին: ԲՀԿ քարոզարշավի առանձնահատկություններից մեկն այն է, որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին հիսուն հոգին անպայման մասնակցում են հանդիպումներին եւ բոլորն էլ բարձրանում են հարթակ, ներկայանում ընտրողներին: Հանդիպումներին մասնակցում են նաեւ տվյալ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ԲՀԿ անդամ թեկնածուները: Արաբկիրցիների հետ հանդիպման ժամանակ իր ընտրողներին առաջինը ողջունեց թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հայրապետ Հայրապետյանը: Նա ասաց, որ տեղյակ է արաբկիրցիների հոգսերին եւ ունի դրանք լուծելու հստակ ծրագրեր. «Մենք ձեզ հետ միասին ոչ թե խոսքերով, այլ գործով կկառուցենք բարգավաճ Արաբկիր եւ բարգավաճ երկիր»:
Մեկ այլ արաբկիրցի՝ «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Մխիթար Մնացականյանը արաբկիրցիներին հիշեցրեց Արաբկիրի երբեմնի փառքն ու աշխատատեղերը եւ հայտարարեց, որ ԲՀԿ-ն ի վիճակի է վերականգնել ոչ միայն արաբկիրցու, այլեւ ամբողջ ժողովրդի արժանավայել կյանքը: Մեկ այլ արաբկիրցի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը իր հերթին հայտարարեց. «Ես հավատում եմ այս մարդուն՝ Գագիկ Ծառուկյանին, կարելի է, չէ՞, մի երկու գովեստի խոսք ասել իր ներկայությամբ (հավաքվածները ոգեւորված ծափահարեցին- Մ. Ե.). այս գիգանտ մարդուն նայեք, գիգանտ՝ իր հասակով, իր ուժով, գիգանտ՝ իր մտածելակերպով, գիգանտ՝ բարություն անելու պատրաստակամությամբ: Եվ նայեք նրա աչքերին եւ նրա հիանալի ժպիտին. մի՞թե կարելի է նման մարդուն չհավատալ («ո՜չ»,- արձագանքեցին արաբկիրցիները- Մ. Ե.)»: Գուժ Մանուկյանը, սակայն, այսքանով չէր ավարտել եւ լրացրեց Նարեկացուց մի մեջբերումով. «Եղեք սրտերով վստահ, ոգով՝ բժշկված, հանցանքից՝ մաքուր, անպարտ, ազատված մեղքի կապանքից եւ վեհառատորեն արցունքներ բխեն, սրանով բոլորիդ աչքերից»,- եւ հավելեց արդեն իր խոսքով. «Եթե երբեւէ ձեր աչքերը պետք է արցունքոտվեն, ապա թող արցունքոտվեն ոչ թե ցավից ու տառապանքից, այլ՝ երջանկությունից, ուրախությունից, որը պարգեւելու է ձեզ «Բարգավաճ Հայաստանը»: Հավաքվածները կարծես համամիտ էին, քանի որ ծափերը չէին դադարում: