Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 23,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք չորրորդ

Գլուխ տասնյոթերորդ

ՌՈՒԲԻԿՈՆ ՊԼՅՈՒՍ

– Ես գնամ էն գործերով,- Ռոլանդին ասաց Գագոն:- Ընդունարանում ահագին մարդ ա սպասում:

– Թող սպասեն,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Ռոլանդը.- իրավունք չունե՞մ ախպորս հիսունամյակի օրը մի բաժակ բան խմեմ:

– Էն կլյաուզնիկն էլ ա սպասում,- ասաց Գագոն.- դրա հավեսն ունե՞ս:

– Որ շատ համը հանի, Արմոյի մեդալը կտանք իրան՝ միանգամից ձենը կկտրի,- ասաց Ռոլանդը:

– Էդ կլյաուզնիկն ո՞վ ա,- հարցրի ես:

– Կարեւոր չի,- ասաց Ռոլանդը:

– Բա չիմանա՞մ՝ մեդալս ում եք տալի,- ասացի ես:

– Ուզում եմ ասեմ՝ մարդիկ կան, որ էդ մեդալների համար իրանց կոտորում են,- ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- կոնկրետ քո մեդալն էսօր հետս կտանեմ տուն, կպահեմ:

– Բա ասում ես՝ էդ կլյաուզնիկին ես տալու,- ասացի ես:

– Հանաք էի անում,- ասաց Ռոլանդը:

– Էդ մեդալից լիքը ունենք,- ծիծաղեց Գագոն.- ընենց որ, չկարծես՝ մեծ բանից ես հրաժարվել:

– Որ մեծ բան ըլներ՝ դժվար թե ինձ հասներ,- ասացի ես:

– Արդեն նեղացնում ես,- նեղսրտեց Ռոլանդը.- էդ մեդալից մենակ Ջիգարխանյանն ու Էգոյանն ունեն: Հա. մեկ էլ՝ Միլիտոնյան Էդոն:

– Ես գնամ,- ասաց Գագոն:

– Մերսի, Գագո ջան,- ասացի ես:

– Ինչի՞ համար,- զարմացավ Գագոն:

– Որ էդ մեդալից ինձ ազատեցիր,- ասացի ես:

– Էդ մեդալից իզուր ես էդքան վախենում,- ասաց Գագոն.- էդ մեդալից մինչեւ հիմի ոչ մեկին ոչ մի բան չի պատահել:

– Հա,- ասաց Ռոլանդը.- Ջիգարխանյանն ու Էգոյանը մինչեւ հիմի սաղ են:

– Էդոն էլ էսօր գործի էր էկել,- ծիծաղեց Գագոն:

– Բան չունեմ ասելու,- ասացի ես:

– Դե լավ, ես գնամ,- ասաց Գագոն:- Չմոռանաք՝ էդ վաթսունամյակին ինձ էլ հրավիրեք:

– Հա,- ասաց Ռոլանդը՝ մեդալը սեղանի վրայից վերցնելով եւ գրպանը դնելով.- կտանեմ տուն, աչքիս լույսի պես կպահեմ ու վաթսունամյակիդ օրը կկախեմ դոշիդ:

– Էդ արդեն չտեսնված վարիանտ ա,- ասացի ես:

– Հաջող,- ասաց Գագոն:

– Հաջող,- ասացի ես:

– Ես էլ իմ արեւին մտածում էի՝ հիսունամյակիդ նվեր եմ անում,- ասաց Ռոլանդը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- բայց հիմի լրիվ ուրիշ բան եմ մտածում:

– Ի՞նչ ես մտածում:

– Մտածում եմ՝ որ իմ տեղը դո՛ւ նախարար ըլնեիր ու ինձ էս մեդալից տայիր, կարող ա ես է՛լ հրաժարվեի:

– Ես քեզ ըտենց վատություն չէի անի:

– Ինձ թվում էր՝ լավություն ա:

– Լավությունը լավություն ա, բայց՝ նայած ում համար:

– Բա ծնունդիդ ի՞նչ նվեր տամ,- ասաց Ռոլանդը, հետո տեղից վեր կացավ, սենյակից վճռական դուրս եկավ ու քիչ անց ինչ-որ տուփ ձեռքին վերադարձավ եւ տուփն ինձ տալով՝ ասաց.- էս ծնունդիդ նվեր:

– Էս ի՞նչ ա,- ոսկեզօծ տուփը զննելով՝ հարցրի ես:

– Գրիչներ են,- տուփը բացելով՝ ասաց Ռոլանդը.- կարող ա՞ սրանից էլ հրաժարվես:

– Սրանից չեմ հրաժարվի,- ասացի ես.- շա՜տ շնորհակալ եմ:

– Բարով վայելես,- ասաց Ռոլանդը.- էս գրիչներով ուժեղ բաներ կգրես:

– Կյանքումս ըսենց թանկանոց գրիչով չեմ գրել,- ասացի ես:

– Կփորձես,- ասաց Ռոլանդը.- կարող ա ստացվի:

– Աղջկերքիս կտամ,- ասացի ես:

– Մեծացե՞լ են,- հարցրեց Ռոլանդը:

– Մեծս իններորդ ա, փոքրս՝ ութերորդ:

– Հա,- ասաց Ռոլանդը.- մեջներիցս դո՛ւ ուշ ամուսնացար: Հիմի էլ՝ էս մեդալից ես հրաժարվում:

– Մեդալից հրաժարվելն ի՞նչ կապ ունի,- զարմացա ես:

– Ուզում եմ ասեմ՝ մի գլուխ հաշվարկներ ես անում,- ծիծաղեց Ռոլանդը:

– Ե՛ս եմ հաշվարկներ անում, բայց դո՛ւք եք մինիստր դառնում,- ծիծաղեցի ես:

– Գիտես թե՝ լավ բան ա՞:

– Որ լավ բան ըլներ՝ մի անգամ էլ մենք կդառնայինք:

– Մեկը նեղանում ա, որ մեդալ չես տալի, մյուսը մեդալից ա հրաժարվում, երրորդը Նոբելյան մրցանակ ա ուզում:

– Քեզանից ե՞ն Նոբելյան ուզում:

– Հա. էդ տեսակ մարդ էլ կա:

– Չեն հասկանո՞ւմ, որ Նոբելյան տվողը դու չես:

– Ասում են՝ դու ներկայացրու, ստանալը մեր վրա:

– Ըտենց հիմարներ էլ կա՞ն:

– Ավելի բեթարներ է՛լ կան:

– Ավելի բեթարը ո՞րն ա:

– Որ մեդալից հրաժարվում են:

– Մեդալի հարցն արդեն փակել ենք:

– Ո՞նց ենք փակել. տասը տարուց հանձնելու եմ,- ասաց Ռոլանդը.- կարող ա՞ էդ վախտ էլ հրաժարվես:

– Հաստատ չեմ հրաժարվի,- ասացի ես:

– Ես լրիվ լուրջ եմ ասում,- ասաց Ռոլանդը:

– Ես էլ եմ լրիվ լուրջ ասում,- ասացի ես:

– Ծնունդդ շնորհավոր,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Ռոլանդը.- Աստված տա՝ էդ օրվան հասնենք:

– Մերսի,- գրիչների տուփը վերցնելով՝ ասացի ես:- Ես գնամ:

– Ո՞ւր ես վռազում,- հարցրեց Ռոլանդը:

– Չեմ վռազում,- ասացի ես.- ընդունարանում լիքը սպասողներ կան:

– Էս ամեն ինչից ահավոր հոգնել եմ,- ասաց Ռոլանդը:

– Մեծացել ենք,- ասացի ես:

– Էս պաշտոնն ա մեծացնում,- ասաց Ռոլանդը:

– Ես պաշտոն չունեմ, բայց ես է՛լ եմ մեծացել:

– Էնքան ես մեծացել, որ արդեն մեդալից ես հրաժարվում:

– Հրաժարվես չհրաժարվես՝ մեծանում ես:

– Ես է՛լ քո տեղն ըլնեի՝ երեւի հրաժարվեի,- ասաց Ռոլանդը.- բայց մարդ կա՝ էս մեդալի համար դոշ ա տալի:

– Թոռ ունենայի՝ էս մեդալը կտանեի տուն, կխաղար:

– Էս արվեստագետներն է՛լ են էրեխի պես բան. խաղալիք շատ են սիրում:

– Մանավանդ դերասանները:

– Դրա համար էլ ջահել են մնում:

– Մենք շատ բան տեսանք,- ասացի ես:

– Իրանք է՛լ են տենում, բայց չտենալու են տալի,- ասաց Ռոլանդը:

– Էդ է՛լ ա ձեւ:

– Էն էլ ի՜նչ ձեւ ա,- ասաց Ռոլանդը.- բայց պիտի կարենաս էդ ձեւը բանացնես:

– Գնամ,- ասացի ես.- քեզ գործից կտրում եմ:

– Փաստորեն, ե՛ս եմ քեզ գործից կտրել: Կներես, որ ծնունդիդ օրով քեզ դիվադադար արեցի: Հիմի երեւի տնեցիք ու հյուրերդ քեզ են սպասում:

– Ոչ մեկն էլ չի սպասում,- ասացի ես.- ծնունդս նշելու սովորություն չունեմ:

– Գիտեմ,- ասաց Ռոլանդը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- ուզո՞ւմ ես՝ իրիկվա կողմ մի տեղ հավաքվենք, տղերքին էլ իմաց անենք՝ էս հիսունամյակդ միասին մի տեղ նշենք:

– Չէ,- ասացի ես.- չեմ ուզում:

– Սաղ ծախսերն իմ վրա,- ասաց Ռոլանդը:

– Առանց էդ էլ քեզ ծախսի տակ գցեցի,- գրիչների տուփը ցույց տալով՝ ժպտացի ես:

– Չես ամաչո՞ւմ,- կարմրեց Ռոլանդը.- որ ինձնից կախված ըլներ, պետական մրցանակ էլ կտայի:

– Լավ ա, որ քեզնից կախված չի:

– Խի՞:

– Որովհետեւ պետական մրցանակից է՛լ կհրաժարվեի:

– Հասկացա,- ծիծաղեց Ռոլանդը.- դու էլ ես Նոբելյան ուզում:

– Ուզողներից ինչո՞վ եմ պակաս,- ծիծաղեցի ես:

– Պարոն նախարար, երեկվա էն կինն է եկել,- դուռը բացելով՝ ասաց քարտուղարուհին:

– Ի՞նչ կին,- հարցրեց Ռոլանդը:

– Կոնսերվատորիայի դասախոսը,- ասաց քարտուղարուհին.- ասում է, որ ձեզ հետ պայմանավորվածություն ունի:

– Սյուզի՞ն,- հարցրեց Ռոլանդը:

– Այո,- ասաց քարտուղարուհին.- ժամը երկուսին պայմանավորվել եք. հիմա արդեն երկուսն անց է:

– Ուրիշ սպասողներ էլ կա՞ն,- հարցրեց Ռոլանդը:

– Լիքը,- ասաց քարտուղարուհին.- մի մասը հույսը կտրեց գնաց, բայց նորերն են եկել:

– Ես դրանց ձեռը կգժվեմ,- հառաչեց Ռոլանդը:

– Էդ կնոջն ի՞նչ ասեմ,- հարցրեց քարտուղարուհին:

– Տասը րոպեից թող մտնի,- ասաց Ռոլանդը:

– Ես գնամ,- ասացի ես, երբ քարտուղարուհին արդեն դուրս էր եկել:

– Մի րոպե սպասի՛,- ասաց Ռոլանդն ու հարցրեց.- Սյուզիին չես հիշո՞ւմ:

– Ի՞նչ Սյուզի:

– Կոնսերվատորիայի:

– Ի՞նչ կոնսերվատորիա:

– Էն էրկու աղջկերքին չես հիշո՞ւմ:

– Ի՞նչ աղջկերք:

– Էն՝ որ հետներս Աշնակ էինք տարել:

– Ո՞նց չեմ հիշում,- ասացի ես.- Դանիկի ասածն է՛լ եմ հիշում:

– Հա,- ասաց Ռոլանդը.- Դանիկի ասածը աշխարհով մեկ տարածեցիր:

– Դու է՛լ պակաս չէիր տարածում:

– Ինձ ով տենում էր, հարցնում էր՝ էդ պատմությունը ճիշտ ա՞, ու որ հարցնում էի՝ ո՞վ ա պատմել, ասում էին՝ Արմենը:

– Ախր պատմելո՛ւ բան էր,- ասացի ես:

– Էրեկ Սյուզին մի հարցով մոտս էր էկել,- ասաց Ռոլանդը:

– Սյուզին ո՞ր մեկն էր. չա՞ղը, թե՝ նիհարը:

– Նիհարը Եվգենյան էր:

– Լավ էլ հիշողություն ունես: Ի՞նչ հարցով էր էկել:

– Կոնսերվատորիայում ժամերը կրճատել են, համարյա բան չեն թողել:

– Դասախոս ա՞:

– Հա: Էրեկ իրան խոստացա, որ էդ ժամերի հաշվով Սմբատյան Արմենին կզանգեմ, բայց մոռացա. հիշողություն չի մնացել:

– Որ Սյուզիի ու Եվգենյայի անունները հիշում ես, ուրեմն՝ հիշողությունդ լավ էլ տեղն ա:

– Բայց չեմ հիշում՝ Սյուզին ի՞մն էր, թե՞ քոնը,- ծիծաղեց Ռոլանդը:

– Ես է՛լ եմ մոռացել,- ծիծաղեցի ես:

– Մենակ հորս ասածն եմ լավ հիշում,- ծիծաղեց Ռոլանդը:

– Սմբատյան Արմենին որ Սյուզիի համար բարեխոսես, իմ անունից է՛լ խնդրի:

– Հա,- ծիծաղեց Ռոլանդը.- կասեմ՝ Արմոյի յարն ա:

– Բա խի՞ են ժամերը կրճատել:

– Եսիմ: Խեղճ աղջիկը մարդուց բաժանվել ա, երկու էրեխեն վզին, ժամերից էլ բան չեն թողել:

– Մարդո՞ւց խի ա բաժանվել:

– Շատ ես ուզում իմանաս, մնա՝ իրան հարցրու:

– Չէ. ես գնամ:

– Չես ուզո՞ւմ իրան տենաս:

– Շատ ա՞ փոխվել:

– Մնա՝ տես: Որ ճանաչես՝ լավ ա:

– Ավելի ա՞ չաղացել:

– Չաղանալը չի չաղացել, բայց մինչեւ չհիշացրեց՝ տեղը չբերի:

– Լավ օրեր էին:

– Ջահել էինք:

– Ոնց որ էրեկ ըլներ:

– Աչքդ թարթում ես՝ տարին թռնում ա: Մի տարի առաջ էլ ե՛ս հիսուն դառա. մի հատ չեկար՝ ախպորդ շնորհավորեիր:

– Մինիստր մարդ ես. շատ դժվար ա մոտդ մտնել:

– Ձեւը լավ էլ գտել ես:

– Ինչի՞ ձեւն եմ գտել:

– Ասում ես՝ մինիստր ես ու յան ես տալի: Բա հիմա ո՞նց մտար:

– Վարիանտ չունեի. էդ մեդալը շատ սխալ բան էր:

– Մեդալի հարցը տասը տարով հետաձգեցինք:

– Ես գնամ,- տեղիցս վեր կենալով՝ ասացի ես:

– Գնա,- տեղից վեր կենալով՝ ասաց Ռոլանդն ու ավելացրեց.- շատ դարդ մի արա. հիսունն էնքան էլ շատ չի:

– Հաջող, ախպե՛ր,- ասացի ես եւ դուրս եկա Ռոլանդի աշխատասենյակից:

Երբ դուրս եկա, հենց դիմացս Սյուզին էր, եւ եթե Ռոլանդն ասած չլիներ՝ հաստատ իրեն չէի ճանաչի, բայց ինքն ինձ անմիջապես ճանաչեց, ժպտաց ու ասաց՝ «բարեւ, Արմեն», եւ ես նույնպես ժպտացի ու ասացի՝ «բարեւ, Սյուզի ջան», եւ ինքը երեւի իրեն լավ զգաց, որ ո՛չ միայն իրեն եմ հիշում, այլեւ՝ անունը, եւ քարտուղարուհին Սյուզիին ասաց՝ «նախարարը ձեզ է սպասում», եւ Սյուզին վերստին ինձ ժպտաց ու Ռոլանդի կաբինետ մտավ:

Ես դուրս եկա նախարարությունից եւ չգիտեի՝ ուր գնամ, եւ հատկապես տուն չէի ուզում գնալ, քանի որ, էլի եմ ասում, ծնունդս նշելու սովորություն չունեմ, որովհետեւ ծնունդս նշելու հետ կապված վատ հիշողություն կա, ու էդ է հիմնական պատճառը, որ միշտ ձգտել եմ անաղմուկ անցկացնել ծննդյանս օրերը, իսկ վատ հիշողություն որ ասում եմ, էն է, որ 1953 թվականի մարտի 28-ին՝ բուն ծննդյանս օրը մերոնք ազգականներով հավաքվել, տանը զուռնադհոլով քեֆ են սարքել՝ մոռանալով, որ դեռեւս չի լրացել ժողովուրդների հոր քառասունքը, եւ էդ իսկ պատճառով էդ օրը մեր ազգուտակից հինգ հոգու, ուրեմն, բռնել ու տարել էին, բայց հաջորդ իսկ առավոտ բաց էին թողել, որովհետեւ ողջ Մետաքսի սարսափ թաղային Խունկիանոսը մեզ խնամի էր գալիս, եւ, չնայած մերոնց ողջ ու անվնաս բաց էին թողել, հիշողությունն ու սարսափը մնացել են, ու հիմնականում էդ հանգամանքն է պատճառը, որ շարունակաբար խուսափում եմ ծնունդս նշել, ու նաեւ դա էր պատճառը, որ երկու հազար երեք թվականի մարտի քսանութին է՛լ տնից շուտ դուրս եկա ու մեդալիս հարցը լուծելուց հետո չգիտեի՝ ուր գնամ, բայց իմ բախտից էդ օրը միտինգ կար, այսինքն՝ օրն սպանելու հիանալի հնարավորություն կար, ու ես մեդալիցս ազատվելով ու Ռոլանդի մոտից դուրս գալով՝ նախ մտա «Արտբրիջ» սրճարան, որտեղ ամեն ինչից բացի նաեւ գրքեր են վաճառում, եւ Ազատուհուց գերագույն հաճույքով տեղեկացա, որ «Անտիպոեզիայիս» բոլոր հինգ օրինակներն էլ վաճառվել են, ընդ որում՝ երեք հատը հենց էդ օրն էին առել, ու Ազատուհին ասաց, որ երեքն էլ ինչ-որ ջահել աղջիկ է առել. ամեն օրինակի հազար դրամն իմն էր, իսկ հինգ հարյուրը՝ սրճարանինը, ու ես ինձ հասանելիք հինգ հազար դրամը վերցնելով՝ ճանապարհին շարունակ Սարոյանին էի հիշում, որովհետեւ, անկախ ամեն ինչից, ես Սարոյանի է՛ն պատմվածքներն եմ ամենից շատ սիրում, որոնց մեջ մեծ գրողն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է իր գրքերի վաճառքի հանգամանքները, չնայած, երբ իր էդ պատմվածքները կարդում էի, էն ժամանակ ոչ գիրք էի գրում եւ ոչ էլ գիրք էի ծախում, բայց շատ էի սիրում իր էդ պատմվածքները, ու էդ օրը, երբ միտինգավորները մանրից հավաքվում էին, ես մանրից մտածում էի, որ իմ գրքերն էլ Սարոյանի գրքերի պես մանրից ծախվում են, ու էդպես էի մտածում, որովհետեւ շատ հաճելի էր հենց էդպես մտածելը, բայց շուտով միտինգավորներն ինձ սկսեցին խանգարել, որովհետեւ նրանցից ոմանք կարդացել էին էդ օրվա «Հայկական ժամանակը» եւ մոտենում ու շնորհավորում էին ինձ, ու ես, որպեսզի շարունակեի մտածել ու Սարոյանի հետ համեմատվել, շարժվեցի դեպի Պոլիտեխնիկի հետեւի փակուղին, որտեղ, ճիշտ է, Ստեփան Կարենիչի ձենը լավ չէր լսվում, բայց իմ շրջապատից մարդ չկար, ու ես, չենթարկվելով Դեմիրճյանի «կարգ ու կանոն» հրահանգին, մտքիս մեջ ազատորեն շարունակում էի համեմատվել Սարոյանի հետ, ու էդ պատճառով ժամանակը շատ արագ թռավ, ու երթն սկսվեց, եւ ես արդեն երթի մեջ էի, եւ երթով ու պրոսպեկտով իջանք դատախազություն, որպեսզի ազատել տայինք նախորդ միտինգից կալանավորվածներին, բայց ես հետները մտադիր չէի մինչեւ վերջ գնալ, որովհետեւ էդ օրը «Հայ արտի» կլորներում պարսիկ մոդեռնիստների ցուցահանդեսի բացումն էր, ու ես անձամբ տնօրեն Նորոյի կողմից էի հրավիրված, բայց, այդուհանդերձ, անկախ ինձանից կլորների խաչմերուկից երթի մասնակիցների հետ Մարքսով թեքվեցի դեպի դատախազություն, որովհետեւ դիմացիցս ջինսե քիփ շալվարով, եղնիկի կազմվածքով ու քայլվածքով մի ջահել աղջիկ էր գնում, ու մի պահ ինձ թվաց՝ ամբողջ երթն էդ աղջկա հետեւից է գնում, բայց դատախազության մոտից եղնիկը երթից զատվեց ու մտավ բուլվար, եւ դատախազության դեմդիմաց երթը կանգ առավ, իսկ իմ աչքը շարունակ եղնիկի կողմն էր, իսկ եղնիկն արդեն բուլվարի բացօթյա սրճարանում իր սուրճն էր խմում, ու դատախազության դիմացի մայթով Գեւորիկը վճռական գնում ու գալիս էր, ու ես համարձակվելով՝ գնացի նստեցի եղնիկի սեղանի մոտ հիմնականում հետաքրքրասիրությունից, որովհետեւ եղնիկն իր հագուկապով ու ամեն ինչով երթին չէր բռնում, չնայած համարձակվելու խնդիր չկար էլ, որովհետեւ այլ ազատ սեղան չկար, ու բոլոր սեղաններն արդեն զբաղված էին երթի հոգնած մասնակիցների կողմից, բայց, բոլոր դեպքերում, ես եղնիկից նստելու թույլտվություն խնդրեցի ու ստացա, ինչպես նաեւ՝ մատուցողուհուց սուրճ խնդրեցի ու ստացա, իսկ միտինգավորների չհոգնած մասը շարունակում էր «ազատություն» գոռգոռալ, եւ հենց էդ պահին եղնիկը մարդկային լեզու առավ ու ինձ նայելով ասաց՝ «լավ էլ կազատեն. ընենց չեն հաբռգել տականքները», ու հետո, առանց արձագանքիս սպասելու, բայց վերստին ինձ նայելով շարունակեց՝ «քրոջս հետ խանութ էինք աշխատացնում. ձեռներիցս նագլիով խլեցին», ու շարունակեց ինձ նայել, ու պայուսակի միջից բջջայինը զնգզնգաց, ու պայուսակից բջջայինը հանեց, բջջայինով ինչ-որ անհասկանալի բաներ ասաց, իսկ կիսաբաց պայուսակի մեջ, ո՜վ զարմանք, «Անտիպոեզիայիս» երեք օրինակներն էին ու «Հայկական ժամանակ» թերթը, եւ երբ բջջայինն անջատեց, ես, ապուշ կտրած, նրանից խնդրեցի «Հայկական ժամանակը», չնայած էդ թերթի նույն էդ համարից մի հատ էլ գրպանումս կար, ու ես իրենից թերթը վերցնելով՝ դիտմամբ քառյակներիս էջը շրջանցեցի ու վերջին էջի աստղագուշակին նայեցի, որի ամենասկզբում սեւով սպիտակի վրա գրված էր՝ «ԽՈՅ.- Մեծ է հավանականությունը, որ այսօր կսիրահարվեք հերթական անգամ», եւ ես, որ սովորաբար աստղագուշակներին լուրջ չեմ վերաբերվում, սրտի տագնապով իսկույն վերադարձրի թերթը՝ վերստին հմայվելով «Անտիպոեզիայիս» երեք օրինակներով, որ պայուսակի մեջ բջջայինին մերձ դարսված էին, եւ դարձյալ՝ բջջայինի ծլվլոցը, եւ դարձյալ ծույլ ու մեղրածոր իր ձայնը՝ «ես հիմի միտինգի տեղում եմ. չէ, ոտով եմ, մի քսան րոպեից ըտեղ կըլնեմ. հա՛, տաքսով», հետո ինձ՝ «էս միտինգներից խելքս բան չի կտրում. սրանք իշխանություն տվող չեն. ըսենց որ գնաց՝ սաղս բոմժ ենք դառնալու», ու ես ասացի՝ «հա», որովհետեւ չգիտեի՝ ինչ ասեմ, եւ ինքը տեղից վեր կենալով ասաց՝ «հաջողություն ձեզ», ու ես ասացի՝ «հաջողություն, շատ հաճելի էր», ու ապշահար հայացքով հետեւեցի եղնիկի վարգին, իսկ դիմացի մայթի երկայնքով Գեւորիկը հոնքերը կիտած՝ Իլյիչի քայլվածքով շարունակում էր գնալ ու գալ, եւ Բազեյանը ներկաներին շարունակ բացատրում էր, որ ամեն ինչ պիտի սահմանադրական ճանապարհով արվի, եւ Գեւորիկը Բազեյանի յուրաքանչյուր «սահմանադրականից» ցնցվում ու թարս-թարս նայում էր դատախազության կողմը, եւ արդեն ահագին մթնել էր, եւ սահմանադրական միջոցներն էլ էին հետզհետե մարում, ու ժողովուրդը քիչ-քիչ ցրվում էր, ու էդ ամենի մեջ միակ սփոփիչն էն էր, որ եղնիկն իր սուրճի համար մոռացել էր վճարել, եւ ես ամենայն սիրով ու գոհունակությամբ վճարելով երկուսիս սուրճերի համար էլ՝ շարժվեցի դեպի «Հայ արտ» ու ճանապարհին, չգիտես ինչու, հիշեցի Համո Սահյանի ասածը՝ «էս գժերն ու բոզերը որ չըլնեն՝ մեզ ո՞վ ա կարդալու», ու Համո Սահակիչի էդ ասածը, փաստորեն, միանգամայն անտեղի հիշեցի, որովհետեւ եղնիկի դեպքն իր խորհրդավորությամբ հանդերձ՝ Սահակիչի ասածի հետ որեւէ կապ չուներ, ու էս բաները մտածելով՝ համարյա վազելով հասա «Հայ արտ», ուր տնօրենի սենյակում սեղանն արդեն գցված էր, եւ, փաստորեն, հենց ինձ էին սպասում, որովհետեւ, ինչքան հասկացա, պարսիկ կոնցեպտուալիստներին վերաբերող բոլոր կենացները խմված էին, եւ արդեն ոտի վրա ճանապարհում էին պարսիկներին, ու Վիոլետը պարսիկ կոնցեպտուալիստներին հավասար պարսկերեն դայլայլում էր, ու պարսիկներին հրաժեշտի ընթացքում գլխի ընկա, որ Նորոն հիսուն ամյակս միանգամայն լրջորեն է նկատի ունեցել, որովհետեւ սեղանը դեռեւս քանդուքարափ չէր, ու հրավիրյալները՝ Ռոբը, Վալոդը, Վահանը, Գոհարը, Վահրամը, Լյովիկն ու նույնիսկ Վիոլետն ավելի շատ ինձ հետ առնչություն ունեին, քան՝ պարսիկ նորարարների, եւ, բացի այդ, Նորոն ու բոլորը մի գլուխ իմ կենացն էին խմում՝ ինձ մաղթելով եւս հիսուն տարվա կյանք, ու չնայած հաստատ էի որոշել ծնունդս չնշել, բայց, փաստորեն, այն սկսվել ու տեղի էր ունենում, չհաշված որ՝ Ռոբն ու Վալոդը, նախքան հարբելը, հաջորդ օրվա վրա բոլորիս ժամադրեցին ու հրավիրեցին Գնունու վրայի կոմպյուտերների իրենց խանութ՝ նորից, վերստին ու իսկականից հիսուն ամյակս նշելու, ու հաջորդ օրն իսկապես նշեցինք, իսկ մինչ այդ Նորոյի կաբինետում մի գլուխ կենացս էին խմում, ու ես, ինչպես միշտ, նեղվում էի կենացս լսելիս, բայց իմ բախտից Վալոդն իր կենաց խոսքում ինձ, Վահանին, Վահրամին ու Վիոլետին մաղթեց, որ Սերո Խանզադյանի պես սիրված ու ճանաչված գրող դառնանք, եւ երբ Վահրամն իր ու մեր անունից Վալոդին բացատրեց, որ դա հայ գրականության մեջ անցած էտապ է, եւ երբ Վալոդը կատաղած գոռաց՝ «Սերո Խանզադյանը ձեզանից հազար անգամ ուժեղ գրող ա», ես էդ պահին Վալոդի կատաղի թափահարվող ձեռքի ժամացույցին տեսա, որ արդեն տասնմեկն անց է, եւ անմիջապես հիշեցի, որ «Այբ-ֆեի» սրբագրիչն եմ եւ առնվազն երկու ժամ առաջ պիտի գործիս տեղում լինեի, ու մինչ Վահրամը կփորձեր Վալոդին գրականագիտական հակահարված տալ, ես Նորոյի կաբինետից ծլկեցի զուգարանի պատրվակով, քանի որ մարդ արարածն այլ պատրվակով չի կարող իր հիսունամյակի սեղանը լքել, եւ, փաստորեն, ես այլ տարբերակ չունեի, եւ երբ վազելով հասա «Այբ-ֆե»՝ որ «Հայ արտից» երկու քայլի վրա էր, տեսա, որ Վասակն ու մյուսները նեղացած են ո՛չ թե գործից ուշանալուս համար, այլ որ՝ այնտեղ եւս սեղան էր գցված, ու, փաստորեն, ինձ էին սպասում, ու ես, որ հաստատ որոշել էի ծնունդս չնշել, էդտեղ արդեն երրորդ անգամ էի նշելու, եւ Զուրաբյան Արարատը, որ էդ պահին «Ա1+»-ում ՀՀՇ-ի նախընտրական կլիպն էր նկարահանում, արագ կողմնորոշվելով՝ չգիտես որտեղից մի սիրուն ու թանկանոց գրիչ հայտնագործեց, եւ դա, փաստորեն, հիսնամյակիս առաջին հրապարակային նվերն էր, չնայած համարյա նույն էդ գրիչից բաճկոնիս գրպանում էլ կար, որ Ռոլանդից էի ստացել մշակույթի նախարարության ոսկեջուր մեդալից հրաժարվելուս շնորհիվ, եւ, հիմա հիշեցի, որ նախորդ օրն էլ «Ազատությունում» հարցազրույց էի տվել Ռուզանին ու Վաչոյից «Ազատություն» դրոշմով զարմանազան բաժակներ էի նվեր ստացել, ինչպես նաեւ՝ նախորդ իրիկուն Ազատի բերած ճռճռան հարյուրդոլարանոցը, ինչպես նաեւ՝ քրոջս ու քենուս առավոտվա նվերներն ու Րաֆֆիի շնորհավորական չափազանց շքեղ ու ռազմավարական բլանկով բացիկը, բայց, այդուհանդերձ, Արոյի էդ թանկանոց գրիչն առաջին հրապարակայինն էր ու երեւի դրա համար էր աչք ծակում, բայց լավն էն էր, որ կենացներ չկային, քանի որ Արարատը կար, եւ նախընտրական փուլ էր, այսինքն՝ խոսակցությունը հիմնականում քաղաքականության շուրջ էր, եւ երբ կարծիք հայտնեցի՝ որ ՀՀՇ-ն դժվար թե հինգ տոկոսի սահմանն անցնի, Արոն ինձ նիզաշտո կպավ, եւ երբ նիզաշտո հիշեցրի, որ երբեւէ Արոյից որեւէ բան չեմ ստացել, ներկաներն ինքնաբերաբար նայեցին սեղանին դրված շքեղ գրչատուփին, ու ես Արոյի նվերը հետ չվերադարձրի, որպեսզի հետագայում ՀՀՇ-ի հինգ տոկոս չհավաքելն իմ նաֆսին չվերագրվեր, չնայած բոլորն ու հատկապես ներկաները լավ գիտեին, որ հայաստանյան ընտրություններում ընտրակաշառքը կտրում է ցանկացած նաֆս, բայց, բոլոր դեպքերում, թույլ տեղը ես էի, եւ, ուրեմն, ինձ վրա էր կոտրվելու, ու էդ պահին ինքս խոսակցությունը շեղեցի, որովհետեւ Մելսի կաբինետի ժամացույցն ակնհայտ ցույց էր տալիս, որ տասներկուսն անց է, այսինքն՝ ես ավելի քան հիսուն տարեկան էի, եւ դա բախտորոշ էր, որովհետեւ հիսուն ամյակիս նախորդող ամիսներին ու օրերին մեջս անասնական վախ ու տագնապ կար՝ թե հիսունի սահմանը չեմ անցնելու, եւ ահա՝ հիսունիս սահմանը բարեհաջող ու ողջառողջ անցած, ի՛նքս առաջարկեցի խմել իմ իսկ կենացը, եւ առաջինն իմ բաժակին Արարատը խփեց, եւ ես ուրախ էի ու գիտեի, որ իմ էդ ուրախությունը շարունակություն է ունենալու, որովհետեւ հաջորդ օրը ժամը չորսին Վալոդի ու Ռոբի խանութում նորից ու վերստին նշելու էինք հիսուն ամյակս՝ էս անգամ արդեն իսկականից, որովհետեւ արդեն վերջնականապես անցել էի ռուբիկոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30