Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր կանգնենք մեր անցյալին

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Հայրենասիրության չափանիշներով է որոշվում ազգի մեծությունը

Մենք՝ հայերս, ամեն տարի ցավով ենք հիշում ապրիլի 24-ը, սակայն Թուրքիան համառորեն աղավաղում է ցեղասպանության իրական պատմությունը, քաջ գիտակցելով, որ մենք Ծիծեռնակաբերդում ունենք Եղեռնի հուշարձան, որը օտարների համար նաեւ Թուրքիայի պատմության ամոթանքի հուշարձանն է:

Այսօր Ափյուռքը ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ազգանպաստ մեծ գործունեություն է ծավալել, սակայն այդ ամենի հետ մեկտեղ ճիշտ կլիներ, եթե մեր պետական այրերը այդ ուղղությամբ եւս միավորվեին եւ ստեղծեին գործունեության հստակ ծրագիր:

Բազմաթիվ պետությունների հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ, ուստի ճիշտ կլիներ, եթե այսուհետեւ մեր հարգարժան դեսպանները ամեն տարի ապրիլի 24-ին հեռուստատեսությամբ պարտադիր ելույթներ ունենան եւ տվյալ երկրի հասարակությանը իրազեկ պահեն բարբարոսության մասին: Իսկ մեզ մոտ Ծիծեռնակաբերդ եւ Սարդարապատ այցելող բոլոր օտարերկրացիներին հատկացնեն ցեղասպանությանը վերաբերող համապատասխան բուկլետներ:

Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում լավագույն առիթներից է նաեւ Եվրամիության հետ մեր համագործակցությունը: Նպատակահարմար է, որպեսզի կազմակերպենք թեմատիկ կոնֆերանս եւ Եվրամիության անդամ բոլոր պետություններից Երեւան հրավիրենք պատմաբաններ, լրագրողներ, որպեսզի որոշ անտեղյակ, շփոթված ազգեր մոտիկից ծանոթանան ցեղասպանության իրական պատմությանը: Իսկ Սփյուռքի մեր հայրենակիցները այդպիսի հավաք կազմակերպեն Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Այդ ուղղությամբ ազգանպաստ քայլ կլիներ, եթե մեզ մոտ տեղադրենք 20-րդ դարի միջազգային գրականության ասպարեզում ճանաչված եւ հարգված գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելի արձանը: Մի մարդու, որն իր «Մուսա լեռան քառասուն օրը» էպիկական վեպով առաջինը արձագանքեց ցեղասպանության մասին: Դեռեւս 30-ականներին, նրա վեպը բազմաթիվ լեզուներով շուրջ մեկ միլիոն տպաքանակով ներկայացվեց աշխարհին, ինչը հետագայում պատճառ հանդիսացավ, որ Թուրքիան միջազգային արենայում հայտնվի քաղաքական ճնշման ոլորտում: Ճիշտ է, նա օտարերկրացի է, սակայն իր մարդկային բարձր հատկանիշներից ելնելով, արժանի է այդ հարգանքին: Նրա վեպի շնորհիվ է, որ այսօր ԱՄՆ-ում մեր հայրենակիցները կինոնկարահանման գործունեություն են ձեռնարկել եւ մենք, կարծում եմ, ոչ թե մտովի պետք է հարգենք եւ գնահատենք նրա արժանիքները, այլ գործնականորեն, եթե, իհարկե, մարդկությունը գնահատել գիտենք եւ բարեկիրթ ազգ ենք համարվում: Այս ամենի հետ մեկտեղ, առանց կողմնակի մեկնաբանումների, կարծում եմ, որ ողջ հայությունը համամիտ կլիներ, եթե Երեւանում ունենանք նաեւ Հրանտ Դինքի արձանը, եթե ոչ, գոնե նրա անունը կրեր մայրաքաղաքի փողոցներից մեկը: Իսկ ավելի ճիշտ՝ երկուսն էլ, քանի որ Դինքը այն եզակի հայորդիներից էր, որ իր անմեղ մահով բացահայտեց այսօրվա Թուրքիայի երկրորդ՝ իրական դեմքը:

Վերջապես ժամանակն է, որ հայոց բնաշխարհի արքա Արարատ լեռան բնապատկերը վերադարձնենք զինանշան: Կարծում եմ, ոչ միայն զինանշանը, այլեւ օրհներգը եւ դրոշը, որպես ազգային խորհրդանիշ, պետք է լինեն ժողովրդի սրտով, այլ ոչ թե անհատների կամ կուսակցությունների ճաշակով:

Ի վերջո, որքան էլ որ վաղը եվրոպացի համարվենք եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք թուրք ժողովրդի հետ, միեւնույն է, հոգով հայ ենք մնալու եւ թեկուզ մեկ դար հետո Մասիսի տերն ու տիրականն ենք լինելու, միայն թե եկող սերնդի հայրենասիրական զգացմունքները չկոտրենք, որպեսզի երանության արժանանանք, հակառակ դեպքում՝ այդ ամենը ծովից-ծով Հայաստանի պես երազանք կմնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30