Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՓՈՐՁԵՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԵՐ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Հարցազրույց թիվ 22 ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու, «Գրեյթ Վելլի» ընկերության խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի հետ:

– Այս օրերին պատգամավոր դառնալու հավակնություններ ունեցող գործարարին հաճախ են հարցնում, թե ինչու են նրանք ուզում, գոնե ֆորմալ առումով, թողնել իրենց շահավետ գործը, մտնել խորհրդարան եւ քաղաքականությամբ զբաղվել: Հետաքրքիր կլիներ լսել նաեւ Ձեր պատասխանը:

– Մի քիչ տարօրինակ է, որ լրագրողները պատգամավոր դառնալ ցանկացող գիտնականին, սպորտսմենին կամ արվեստագետին նման հարց սովորաբար չեն տալիս։ Մինչդեռ գործարարին, այն էլ խոշոր, որի բիզնեսի շրջանառությունը կամ վճարված հարկերի ծավալն էական նշանակություն ունեն երկրի պետական բյուջեի համար, այդ հարցն ուղղում են: Այնպես է ստացվել, որ անկախության հռչակումից հետո՝ 90-ականների սկզբից սկսած, առաջինը գործարար մարդիկ կարողացան իրենց աշխատասիրությամբ, գիտելիքների, մարդկային եւ գործնական կապերի շնորհիվ ինչ-որ բանի հասել, իրենց տեղը գտնել քաղաքական եւ տնտեսական նոր համակարգում: Բնականաբար, այս տարիների ընթացքում գործարարների, առավել եւս հաջողակների մոտ մենեջմենթի, ժամանակակից մեթոդներով եւ տեխնոլոգիաներով աշխատելու հսկայական փորձ է կուտակվել: Նրանցից յուրաքանչյուրն անգամ մի քանի հազար աշխատատեղ է ստեղծել, եւ ինքնին հասկանալի է, որ ձեռնարկությունների կառավարման նրանց փորձը երկրի տնտեսաքաղաքական զարգացման ինչ-որ փուլում պետք է օգտակար լինի նաեւ մեր երկրի պետական կառավարման համակարգում: Եվ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում, որ 90-ականների վերջին բիզնեսում որոշակի հաջողությունների հասած գործարարներն ակտիվ դիրքորոշումներ սկսեցին դրսեւորել նաեւ քաղաքական ասպարեզում, մասնավորապես՝ օրենսդիր իշխանության մեջ: Համոզված եմ, որ բանիմաց գործարարների մուտքից խորհրդարան՝ մեր երկրի օրենսդիր մարմինը միմիայն շահեց:

– Գուցե եւ այդպես է, բայց ինչո՞ւ են մեր գործարարները ձգտում անձամբ ներկա լինել պառլամենտում, այլ ոչ թե, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է ընդունված, իրենց շահերը պաշտպանել կա՛մ քաղաքական կոնկրետ ուժերի միջոցով, կա՛մ ուղղակի աջակցել պատգամավորության որեւէ թեկնածուի:

– Դուք բերեցիք երկրների օրինակներ, որոնք ժողովրդավարական ավանդույթների, անգամ հարյուրամյակների փորձ ունեն: Չեմ կարծում, որ մի քանի տասնամյակ առաջ այնտեղ մոտավորապես այնպես չէր, ինչպես մեզ մոտ է: Լոբբիստական ինստիտուտների կայացման համար ժամանակ է պետք: Բացի այդ, գործարարները նույնպես պետք է աստիճանաբար իրենց մտածելակերպը եւ մոտեցումները փոխեն, որպեսզի ոչ թե բոլոր հարցերը փորձեն անձամբ լուծել, այլ համապատասխան քաղաքական կառույցների եւ լոբբիստական կազմակերպությունների միջոցով։ Հավաստիացնում եմ, որ դրա ժամանակն էլ հեռու չէ: Եվ, ի դեպ, կարծում եմ՝ մենք վերջին գումարման Ազգային ժողովում առաջին հաջողված օրինակներն ունենք: Բացի այդ, այն, որ նույն գործարարները կամ այլ գործունեություն ծավալող հեղինակավոր մարդիկ սկսել են անդամագրվել կամ բացեիբաց աջակցություն ցուցաբերել այս կամ այն քաղաքական ուժին (ես, օրինակ, Հանրապետական կուսակցության անդամ եմ), արդեն իսկ վկայում է, որ որոշ չափով այդ մարդիկ իրենց շահերի պաշտպանությունը սկսում են վստահել քաղաքականությամբ զբաղվող պրոֆեսիոնալ կառույցներին եւ գործիչներին:

Բայց կուզենայի անդրադառնալ հարցի նաեւ մյուս կողմին. այսօր, ցավոք, մեր երկիրը եւ մասնավորապես իմ հարազատ Գավառը դեռ սոցիալ-տնտեսական այն մակարդակը չունի, որպեսզի պատգամավորը, տվյալ դեպքում՝ գործարար պատգամավորը միայն իր շահերի մասին մտածի: Առանձնապես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորից ընտրողները պահանջում են այնպիսի գործունեություն ծավալել, որը հնարավորինս կարճ ժամանակահատվածում կնպաստեր իրենց կենսամակարդակի շեշտակի բարելավմանը: Առանձնապես իմ ասածը վերաբերում է Գավառին. ես բազմիցս եմ ասել, որ այդտեղ սոցիալական վիճակը, Հայաստանի այլ վայրերի հետ համեմատած, ավելի վատ է։ Իրավիճակը փոփոխելուն է ուղղված լինելու իմ՝ որպես Գավառից եւ շրջակա գյուղերից ընտրված պատգամավորիս, գործունեությունը:

– Եվ ի՞նչ եք նախապատրաստվում այս ուղղությամբ անել:

– Նախ եւ առաջ կփորձեմ խորհրդարանով անցկացնել մեր մարզի զարգացմանն ուղղված հատուկ սոցիալ-տնտեսական մի ծրագիր, այն կներառի ինչպես աշխատատեղերի ստեղծման խնդիրներն արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում, այնպես էլ կնպաստի մասնավորապես Գավառում ճանապարհների շինարարության եւ այլ ենթակառույցների նպատակային զարգացմանը: Ինքս՝ որպես պատգամավոր եւ բնիկ քյավառցի, շատ լավ հասկանալով եւ տեսնելով, որ իմ «փոքր հայրենիքում» ամենից սուր խնդիրն աշխատատեղերի ստեղծման հարցն է, նպատակ եմ դրել իմ հնարավորությունների չափով ստեղծել այդ նոր աշխատատեղերը, վերագործարկել Գավառի կարի ֆաբրիկան, հյութերի արտադրություն հիմնել եւ այլն: Բնականաբար, կշարունակեմ նաեւ զբաղվել արդեն մի քանի տարի իրականացվող բարեգործական աշխատանքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել