Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԵՔՎԻԵՄԸ ԶՈՒՏ ՄԱՀԵՐԳ ՉԷ»

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Ըստ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, այն նաեւ մահին հաղթելու կոչ է

Ազգային օպերային թատրոնում ապրիլի 24-ին Հայաստանի երիտասարդական նվագախմբի, Պետական ակադեմիական երգչախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը առաջին անգամ կղեկավարի մոնումենտալ այս ստեղծագործությունը, իսկ ակադեմիական երգչախմբի երկացանկում համաշխարհային երաժշտական գրականության բարձրարժեք ռեքվիեմները (Մոցարտ, Վերդի, Բեռլիոզ, Ֆորե) նորություն չեն: Ժամանակին տարբեր նվագախմբերի հետ Հայաստանում եւ արտերկրում դրանք հնչել են Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Ինչ վերաբերում է երիտասարդական նվագախմբին, վերջինիս առաջին բեմելը կայացել է 2006թ. հունվարին՝ գլխավոր դիրիժոր Ս. Սմբատյանի ղեկավարությամբ: Հարկ է առանձնացնել այդ տարվա ընթացքում նվագախմբի՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «…Ի հիշատակ» ծրագիրը, Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում՝ Չայկովսկու անվան մեծ համերգասրահում եւ հոկտեմբերին Փարիզի «Opera Garnier»-ում՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման համերգները:

«Առավոտը» հանդիպեց դիրիժոր Ս. Սմբատյանին: Նա տեղեկացրեց, որ «Ռեքվիեմի» սոլո պարտիաների կատարմամբ հանդես կգան երիտասարդ մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցո սոպրանո), Սուրեն Մկրտչյանը (տենոր) եւ Վազգեն Ղազարյանը (բաս):

Հարցին՝ տարիներ շարունակ «Առավոտին» հետաքրքրել է, թե ինչո՞ւ հայ հեղինակների ռեքվիեմները գոնե մեզ մոտ չեն կատարվում, դուք ինչո՞ւ չանդրադարձաք հայ հեղինակի, դիրիժորը հայտնեց, որ այս թեմայով ինքը զրուցել է իր պրոֆեսորի՝ Յուրի Դավթյանի հետ եւ համակարծիք է վերջինիս մտքին, թե Մոցարտի, Վերդիի եւ մյուս հանճարեղ կոմպոզիտորների այս գործերը գրված են ավանդական «ռեքվիեմական» օրենքներով. «Մեր նվագախումբը երիտասարդական է եւ, ինչպես պրոֆեսորս ասաց, նախ մենք պետք է դաստիարակվենք աշխարհահռչակ նման երաժշտությամբ, հետո անցնենք մեր հեղինակների գործերին: Հայ հեղինակների՝ Եղեռնին նվիրված ստեղծագործություններ, իհարկե, կան: Իսկ որպես ռեքվիեմի դասական օրինակ, գոնե ինձ, հայտնի են միայն Ալեքսանդր Հարությունյանի երկու ռեքվիեմները, մեկը՝ գրված երգչախմբի, մյուսը՝ նվագախմբի համար: Վերջինին մեր նվագախումբն անպայման կանդրադառնա»: Ըստ երիտասարդ դիրիժորի, ռեքվիեմները միայն անունով են մահերգ, իրականում երաժշտական այս կտավներում հնչում է մահվան մերժումը եւ բոլոր ռեքվիեմներում՝ առաջին հնչյունից մինչեւ վերջինը, հեղինակները փորձում են հաղթել մահին: «Տարբեր ժամանակներում կատարված ողբերգությունները եւ այսօր էլ աշխարհում տեղի ունեցող ժողովրդասպանությունը չի կարող միայն մեկ ժողովրդի վիշտը լինել, դա համամարդկային է: Այնպես որ, միայն առիթներով չէ, որ պետք է անդրադառնալ ռեքվիեմներին: Դրանց հաճախակի հնչեցնելը գուցե սթափեցնի սպանդ, պատերազմ հրահրողներին: Իսկ դասական երաժշտությունը ի զորու է դա անել»,- վստահեցրեց դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30