Ազնվություն, թափանցիկություն, անկախություն՝ այս պարզ կանոններին պետք է ենթարկվի բլոգով զբաղվող յուրաքանչյուր անհատ:
Նորագույն հաղորդակցման միջոցների կիրառման պայմաններում գնալով ավելի մեծանում է քաղաքացու լսելի լինելու հնարավորությունը: Ավանդական դարձած լրատվամիջոցների՝ թերթերի, ամսագրերի, ռադիոյի եւ հեռուստատեսության կողքին, որոնք դյուրությամբ են վերահսկվում տվյալ երկրի կառավարության կողմից եւ որոշակի սահմանափակումներ մտցնում առկա խնդիրների լիարժեք լուսաբանման համար, ինտերնետը տալիս է մի նոր, այլընտրանքային հնարավորություն՝ քաղաքացուն հուզող խնդիրները ներկայացնելու եւ լայն լսարաններ ներգրավելու գործում: Լրատվամիջոցների այդ արդի գործիքը կոչվում է weblog, կրճատ՝ blog: Բլոգները կարող են լինել եւ՛ անհատական առ-ցանց (on-line) օրագրեր, եւ՛ ընդգրկուն կայքէջեր: Սկզբնական շրջանում բլոգների մեծամասնությունը գրվում էր մեկ մարդու կողմից իր ընկերների եւ ընտանիքի անդամների ընթերցանության համար, իսկ հետագայում դրանք սկսում են հաղորդել եւ վերլուծել տարբեր բնագավառի նորություններն ու իրադարձությունները, արտահայտում բլոգի հեղինակի տեսակետը եւ քննարկման հնարավորություն ընձեռում այլ բլոգերների համար: Որպես ազատ արտահայտման գոտի՝ դրանք ներառում են տարբեր խնդիրներ. մամուլի ազատության սահմանափակում, մարդու իրավունքների ոտնահարում, ընտրական կեղծիքների վերհանում եւ այլն: Բլոգները հեշտացնում են կապի հաստատումը, հաճախակի նորացվում են նրանցում տեղադրված լուրերը եւ քննարկումների ու փոխգործակցության հնարավորություն են տալիս: Ունենալով մեծ լսարան ու կիրառում հատկապես Արեւմուտքում՝ բլոգինգը ենթադրում է մի շարք տերմինների օգտագործում, որն ավելի է մեծացնում դրանից օգտվելու հնարավորությունը: Այդ տերմիններից մեկը blogosphere-ն է (բլոգերների վիրտուալ համայնք), որի նպատակն է նկարագրել բլոգների աշխարհը: Technocrati նշանավոր հետազոտական ծառայությունը (www.tecհnocrati.com) հաշվում է մոտ 36.8 միլիոն վեբկայքեր եւ բլոգներ՝ 2006 թվականի ապրիլի դրությամբ, սակայն այս թիվը ճիշտ պատկերը չի արտացոլում, քանի որ շատ բլոգներ գրվում են այնպիսի երկրներում ու լեզուներով, որոնք այդ ծառայության կողմից հետազոտված չեն: Ռուսական blogosphere-ը բաղկացած է ռուսերենով Ռուսաստանի մասին կամ Ռուսաստանում հիմնված բլոգներից, հայերենով blogosphere-ը հայտնի է տարբեր թեմաների մասին հայերենով գրված բլոգներով, ընդ որում՝ մի բլոգը կարող է լինել տարբեր blogosphere-ների մի մասը: Մյուս տերմինը bridgeblogs (բլոգ-կամուրջ), որը կապում է բլոգային համայնքները, ընդգծում առաջնային թեմաների ու տեսակետների կարեւորությունը ամբողջ աշխարհում՝ կենտրոնանալով Հյուսիսային Ամերիկայից ու Արեւմտյան Եվրոպայից դուրս գտնվող երկրների ու համայնքների վրա, ուր լսելի լինելու խնդիրն առավել արդիական է: Վերջին տարիներին ավանդական լրատվամիջոցների հետաքրքրությունը բլոգի ու բլոգերների նկատմամբ գնալով մեծանում է: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ բազում բլոգներ, քննարկելով լրատվամիջոցների կողմից պարբերական քննադատության արժանացող ընթացիկ հարցեր, վեր են հանում հաղորդվող լրատվության ամբողջականության բացակայությունը, մատնանշում անճշտությունները, ի ցույց դնում ոչ օբյեկտիվությունը: Բլոգերներից շատերն ուշադրությունը սեւեռում են այն իրադարձությունների վրա, որոնք չեն հրապարակվում ավանդական լրատվամիջոցներում:
Լրագրողների ու բլոգերների ոչ պաշտոնական եւ պաշտոնական համագործակցությունը գնալով ընդլայնվում է, նույնիսկ լրագրողներն են հեղինակում սեփական բլոգները՝ հաճախ տեղադրվելով այն կայքերում, որոնց համար նրանք աշխատում են:
Բլոգի լայնածավալ կիրառումը կարող է իր նպաստավոր ազդեցությունն ունենալ նաեւ ընտրական բլոգի ասպարեզում, հատկապես նախընտրական այս փուլում: Ընտրությունների թեմայով բլոգինգը, որպես քաղաքական ակտիվության դրսեւորում, բլոգների կիրառման նոր քայլ է: 2004-ի ԱՄՆ նախագահական ընտրությունն առաջինն էր, որ արժանացավ բլոգերների մանրամասն լուսաբանմանը: Այժմ ողջ աշխարհում լայնորեն կիրառվում է ընտրությունների բլոգինգը, որտեղ բլոգերները գրում են ընտրությունների վերաբերյալ նորություններ եւ մեկնաբանում դրանք: Մեկնաբանությունների միջոցով ընթերցողները կարող են անանուն քննության առնել այնպիսի քաղաքական թեմաներ, որպիսիք չէին ցանկանա քննարկել ոչ էլեկտրոնային եղանակով:
www.neweurasia.net ինտերնետ կայքի միջոցով կարող եք ծանոթանալ բլոգինգի մանրամասներին: Բերենք նաեւ այն կայքէջերի հասցեները, ուր կարելի է անվճար բլոգ ստեղծել.
https://www.blogger.com, https://wordpress.org, https://blogsome.com: