Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ՝ «ԳՈՒՆԱՎՈՐ» ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹՈՒՄ

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Ֆրանսիացի վավերագրողները փորձում են ապացուցել, որ դրանք նախագծվում են ԱՄՆ-ում

Միայն երկու «գունավոր» հեղափոխությունների համար՝ իրականացված Ուկրաինայում եւ Ղրղըզստանում, ԱՄՆ-ն ծախսել է ավելի քան 110 մլն դոլար: Այսպիսի տվյալ են վկայաբերում մեծ աղմուկ հանած «Ռեւոլյուցիա. քոմ, ԱՄՆ, Արեւելքի նվաճումը» ֆրանսիական վավերագրական ֆիլմի հեղինակները: Իրենց ստեղծագործական պրպտումների արդյունքում վերջիններս եկել են այն եզրակացության, որ «գունավոր» հեղափոխությունների հայտնի շարքի (հարավսլավական, վրացական, ուկրաինական, ղրղզական) ետեւում կանգնած է Միացյալ Նահանգները, որը վստահ է, որ իր համար ցանկալի ուժերին իշխանության բերելու համար պատերազմն ամենեւին էլ պարտադիր չէ: Ֆրանսիացի վավերագրողները չեն բացառում, որ թավշյա հեղաշրջումների պրակտիկան Վաշինգթոնն առաջիկայում եւս կօգտագործի՝ իբրեւ նպատակակետ ունենալով նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները:

«Չորս տոտալիտար ռեժիմներ, որոնք խորհրդային երբեմնի հզորության հետքերն էին. մի քանի շաբաթվա ընթացքում, ի հետեւանք ոչ բռնի հեղափոխությունների, դրանք բոլորն էլ ոչնչացան: Ընդ որում, հեղափոխություններից յուրաքանչյուրը զարգանում էր միեւնույն սցենարով: Այն է՝ կեղծված ընտրություններ, տենդագին դիմադրություն ցույց տվող իշխանություններ ու, ի վերջո՝ բողոքավորների հաղթանակ», այսպիսի ընդհանրացում են անում ֆիլմի հեղինակները, նկատել տալով, որ այսօրինակ հեղափոխությունների բոլոր տեխնոլոգիական նրբությունները վաղուց արդեն ներկայացված են ամերիկացի քաղաքագետ Ջինա Շարփի «Դիկտատուրայից դեպի Ժողովրդավարություն» հայտնի գրքում: Դրանում, մասնավորապես, «օգտակար խորհուրդներ» կան այն մասին, թե ինչպես վարվել, որ հոգեվարք ապրող ավտորիտար ռեժիմների հակազդեցությունն առանձնապես ցավոտ չլինի ու չուղեկցվի հեղափոխականների նկատմամբ կիրառվող արյունալի բռնություններով:

Ապա, ֆրանսիացի վավերագրողներն ընդհանուր օրինաչափություններով զարգացող իրադարձությունների շարքեր են ներկայացնում, որոնցում, շատ քաղաքագետների դիտարկմամբ, հստակ առանձնանում են մի քանի սկզբունքային պահեր: Ըստ այդմ, ժողովրդավարների հաղթանակի ապահովման կարեւորագույն գործիքներից է քվեների զուգահեռ հաշվարկման պրոցեդուրան՝ ի հակադրություն «կասկածելի հեղինակություն ունեցող ռեժիմների կողմից գործադրվող ամեն տեսակ հնարքների ու չարաշահումների»: Ընդ որում, հարկ է, որ ԵԱՀԿ-ի եւ միջազգային այլ հեղինակավոր կառույցների արհեստավարժ դիտորդներից բացի, ընտրությունները հսկեն նաեւ տեղական դիտորդները: Սա «հեղափոխության իրացման» այն դրվագներից է, երբ գումարների ծախսման անհրաժեշտություն է առաջանում. այդ դիտորդներին պետք է սովորեցնել աշխատել, իսկ ավելի ուշ՝ վարձատրել նրանց աշխատանքը: Ըստ ֆիլմի հեղինակների, այդ բոլոր ծախսերը հոգում է ամերիկյան կողմը: Արդյունքում՝ կոնկրետ Ուկրաինայի պարագայում, որտեղ աշխատել են համապատասխան պատրաստություն ստացած հազարավոր տեղական դիտորդներ, զուգահեռ հաշվարկումը ավելի քան 11 տոկոսի առավելություն է արձանագրել՝ հօգուտ ընդդիմության թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի: Հետագայում քվեների պաշտոնական ու զուգահեռ հաշվարկների միջեւ եղած հենց այդ ահռելի տարբերությունն էլ, ֆրանսիացի վավերագրողների կարծիքով, քարոզչական հզոր զենք դարձավ ընդդիմության ձեռքին, ինչն էլ զգալի չափով կանխորոշեց իրադարձությունների հետագա ընթացքը: «Գունավոր» հեղափոխությունների մշակման եւ իրականացման ամերիկյան «դեղատոմսը», սակայն, միշտ չէ, որ լիարժեք հաղթանակներ է երաշխավորում: Հաջողության պարտադիր նախապայման է հանդիսանում դժգոհ, բայց, միեւնույն ժամանակ՝ սոցիալապես ակտիվ հանրության առկայությունը:

Մի ուշագրավ դիտարկման մասին եւս. ըստ ֆրանսիացիների, եթե անցած դարի 60-70-ական թվականներին ԱՄՆ քաղաքական ազդեցությունն արտասահմանյան երկրներում տարածելու տեխնոլոգիաների մշակման եւ իրականացման պատասխանատու օղակները գործում էին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կազմում, հետեւաբար՝ գաղտնիորեն, ապա այժմ նրանց գործունեությունն անհամեմատ թափանցիկ եւ հրապարակային է: Ներկայումս ԱՄՆ-ում «Ժողովրդավարության տարածմամբ» են զբաղվում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ: Որպես օրինակ՝ նշվում է Ջորջ Սորոսի «Բաց հասարակության ինստիտուտը», որը, ինչպես հայտնի է, հատկապես ակտիվ էր Վրաստանի «Վարդերի» հեղափոխության օրերին: Բերվում է նաեւ Freedom House-ի օրինակը, որը Ղրղըզստանում տեղի ունեցած «Կակաչների» հեղափոխությունից առաջ այս երկրում ֆինանսավորել է վեց անուն ընդդիմադիր թերթերի հրատարակում:

Ֆիլմի հեղինակները վստահ են, որ խնդրո առարկա տարածաշրջաններում ԱՄՆ-ի կողմից ոգեշնչվող թավշյա հեղաշրջումների շքերթը, ավել կամ պակաս ինտենսիվությամբ, շարունակվելու է նաեւ առաջիկայում, թեեւ նրանք չեն փորձում կանխատեսել, թե հատկապես որ հանրապետությունն է լինելու ժողովրդավարության հաջորդ «թիրախը»: «Ըստ էության, հերթի են կանգնած բոլոր հետխորհրդային հանրապետությունները»,- նշում են նրանք:

Այս ամենի համատեքստում Ռուսաստանի կողմից վերջին շրջանում ցուցաբերվող եռանդուն հակազդեցությունը միանգամայն հասկանալի է դառնում: Բավական է հիշել միայն ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի այն հայտարարությունը, թե հարկ է զգուշությամբ վերաբերվել ԱՊՀ երկրներում անցկացվող ընտրությունները դիտարկելու նպատակով այդ հանրապետություններ ժամանող միջազգային դիտորդների ցանկերին: Բայց Կրեմլի դժգոհությունը, ըստ ամենայնի, ի վիճակի չի լինելու կասեցնել Վաշինգթոնին, որն արդեն մեկ տարի է, ինչ արտերկրում «ժողովրդավարության առաջխաղացման» գործառույթների «կարգավիճակը» կտրուկ բարձրացրել է, դրանք ներառելով Պետդեպարտամենտի օրակարգում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, օրերս Վաշինգթոնում տեղի է ունեցել «Արտասահմանում ժողովրդավարության առաջխաղացման» կոմիտեի նիստը, որը վարել է անձամբ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Պետքարտուղարի նախաձեռնությամբ անցյալ տարի ստեղծված կոմիտեն խորհրդատվական լիազորություն ունի: Այն Պետդեպարտամենտին փորձագիտական աջակցություն է ցույց տալիս «արտաքին քաղաքականության մշակմանն ու իրականացմանն առնչվող՝ ժողովրդավարության առաջխաղացման հարցերում»: Կոմիտեի անդամներ են հանդիսանում Միջազգային հանրապետական հաստատությունը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամը, Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը, Փրինսթոնի, Ջորջթաունի, Հարվարդի եւ առաջատար այլ համալսարաններ: «Ազատությունը» հիշեցնում է նաեւ, որ Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի գլխադասային հանձնաժողովը մարտի վերջին ընդունել է մի օրինագիծ, որը արտասահմանում ժողովրդավարության առաջխաղացումն անվանում է «Միացյալ Նահանգների պետական քաղաքականություն» եւ այդ նպատակով առաջիկա երկու տարվա համար հատկացնում է ավելի քան 100 մլն դոլար: 0րինագծում նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է քաղաքական, տնտեսական եւ այլ կարգի աջակցություն տրամադրի այն երկրներին եւ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ձգտում են ժողովրդավարության: Ընդ որում, այդ նպատակով Պետդեպարտամենտում ստեղծվելու է հատուկ վարչություն: «Ժողովրդավարության առաջխաղացման 2007 թվականի հռչակագիր» կոչվող օրինագիծը, որն այժմ քննարկվում է Կոնգրեսում, պետքարտուղարին կշնորհի ՄԱԿ-ում, ՆԱՏ0-ում եւ Եվրոպական միությունում գործող ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերում «ժողովրդավարության առաջխաղացման համար պատասխանատու պաշտոնյաներ» նշանակելու իրավունք:

Հ. Գ. Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին «Մեդիամաքսին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել էր. «Մենք չունենք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին exit-polls-երի (ձայների այլընտրանքային հաշվարկում) անցկացման ծրագրեր»: Եթե փորձենք Գոդֆրիի այս հայտարարությունը գնահատել «Ռեւոլյուցիա. քոմ, ԱՄՆ, Արեւելքի նվաճումը» ֆիլմի լույսի տակ, ապա կարելի է ենթադրել, որ վերը կանխատեսվող «գունավոր» հեղափոխությունների հերթում Հայաստանն առնվազն առաջին տեղում չէ: Իսկ թե ինչու է այդպես, ապա կարծում ենք, որ ֆիլմը տալիս է նաեւ այդ հարցի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել