Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեթյու Բրայզան դժգոհ է «Գազպրոմից»

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Ռուսաստանը շրջանցելուն ուղղված՝ Արեւմուտքի պրպտումները շարունակվում են

Չնայած Ռուսաստանի հետեւողական հավաստիացումներին, թե «Գազպրոմը» սոսկ տնտեսական կառույց է, որը գործում է բացառապես քաղաքակիրթ բիզնեսի շրջանակներում, Արեւմուտքում ռուսական էներգետիկ այս հսկայի նկատմամբ ձեւավորված անվստահությունը շարունակում է աճել: Ու եթե Հին աշխարհի ներկայացուցիչները, որոնք Ռուսաստանի գազից անմիջական կախվածության մեջ են, հետեւաբար՝ հնարավորինս մեղմում են իրենց դժգոհությունն ու այն արտահայտելու ձեւերը, ապա ԱՄՆ-ն այս առումով բարդույթներ չունի: Ուստի պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի կամ Պետդեպի պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ սուր քննադատության են ենթարկում Մոսկվային՝ «Գազպրոմը» քաղաքական ճնշման գործիքի վերածելու եւ այդ ընկերությունը «տիպիկ մենատիրություն» դարձնելու համար: Վերջին այդօրինակ քննադատությունը հնչեց մի քանի օր առաջ՝ ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական՝ մեզ քաջ հայտնի Մեթյու Բրայզայի կողմից, որը The Independent-ին տված հարցազրույցում նշեց. «Փոխանակ առաքումների անխափանությանն ուղղված ներդրումների վրա կենտրոնանալուն, «Գազպրոմը» ձգտում է ձեռք բերել Եվրոպայի ողջ գազաբաշխիչ ենթակառուցվածքը: Մենատիրություններն ամենեւին չեն նպաստում տնտեսության արդյունավետությանը. կարելի է ասել՝ ճիշտ հակառակը»: Ամերիկացիների այս կոշտ գնահատականները միարժեքորեն արտացոլում են Վաշինգթոնում աճող մտահոգությունը՝ կապված «Գազպրոմի»՝ եվրոպական էներգաշուկայում գերիշխող դիրք զբաղեցնելու եւ աշխարհամասի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման դանդաղ տեմպերի հետ: Հարցը, թե ինչո՞ւ են ԱՄՆ-ում իրար անցել եվրոպական երկրների էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, ունի շատ պարզ պատասխան. Վաշինգթոնին անհանգստացնում է Ռուսաստանի աճող ազդեցությունը, որն այսօր, ճիշտ է՝ դեռեւս տնտեսական «փաթեթավորում» ունի, սակայն ոչ հեռու ապագայում կարող է ձեռք բերել (եւ արդեն ձեռք է բերում) հստակ աշխարհաքաղաքական բովանդակություն:

Նույն հարցազրույցում Բրայզան անհանգստություն է հայտնում նաեւ եվրոպական երկրների «միասնական էներգետիկ քաղաքականության» բացակայության կապակցությամբ, ինչն էլ, փաստորեն, նպաստում է «Գազպրոմի» մենատիրական հաղթարշավին: «Միասնական եվրոպական էներգետիկ հայեցակարգ ունենալու ձգտում, ճիշտ է, կա, սակայն դրա ամբողջացումը ժամանակ է պահանջում»,- ասում է Մեթյու Բրայզան, միաժամանակ՝ փորձելով մի քանի թվային տվյալների ներկայացմամբ եվրոպացիներին հուշել, թե ինչպիսին է վիճակն այժմ ու ինչպիսին կարող է այն դառնալ ներկայիս էներգետիկ մոտեցումների վերանայման դեպքում: Բրայզան նկատել է տալիս, որ գազամատակարարման հարցում մենատեր Ռուսաստանը մենատեր է նաեւ գազատարանցման հարցում: «Գազպրոմը» այսօրվա դրությամբ, փաստորեն, վերահսկում է կենտրոնասիական էներգակիրների տարանցման գրեթե ողջ շուկան: Ըստ փոխպետքարտուղարի օգնականի, այդ տարածաշրջանից Ռուսաստանը գազը գնում է 1000 խմ-ի դիմաց վճարելով 100 դոլար: Այնուհետեւ նա այդ գազը եվրոպական ընկերություններին վերավաճառում է 300 դոլարով: Գների այսչափ մեծ տարբերության համատեքստում էլ Բրայզան եվրոպացիներին կոչ է անում կենտրոնասիական էներգաառաքիչների, մասնավորապես՝ Թուրքմենստանի հետ անմիջական էներգետիկ գործընկերություն հաստատելու ուղիներ որոնել: «Հարկավոր է նոր էջ բացել Թուրքմենստանի հետ հարաբերություններում: Եվրոպական կառավարությունները կարող են սերտ կապեր հաստատել այդ երկրի նոր իշխանությունների հետ: Մենք կարծում ենք, որ այդ առումով համագործակցության հազվադեպ շանս ունենք: Իմ գործընկերները, որոնք նախագահ Նիյազովի մահից հետո այցելել են Թուրքմենստան, հաճելիորեն զարմացել են այդ երկրի նոր նախագահի՝ Արեւմուտքի հետ հնարավորինս սերտ եւ բաց հարաբերություններ կառուցելու պատրաստակամությունից»,- ասել է Մեթյու Բրայզան:

Թե Արեւմուտքում որքանով կհաջողեն Թուրքմենստանի հետ ուղղակիորեն «գազային» համագործակցություն հաստատելու հարցում, առայժմ դժվար է ասել: Թեեւ հայտնի է, որ հենց այս պահին էլ ԵՄ-ն փորձ է անում կյանքի կոչել «Նաբուկո» կոչված նախագիծը: Այն նախատեսված է Կասպիական գազը Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա տեղափոխելու համար: Սակայն դրա կենսակոչման համար դեռեւս առկա են հսկայական, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական եւ աշխարհագրական խոչընդոտներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել