Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը գովեց իր բարեփոխումները

Ապրիլ 23,2007 00:00

\"\"Իսկ նախընտրական փուլում քաղաքական ուժերի պահվածքը կոռեկտ որակեց

Երեկ «Ուրբաթ» ակումբում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը հանդիպեց լրագրողների հետ: Ասուլիսի թեման կրթական համակարգ ներմուծված նորություններն էին: Դաշնակցական նախարարն ընդամենը մեկ նախադասությամբ անդրադարձավ ընտրություններին, ասելով, որ քաղաքական ուժերն իրենց բավական կոռեկտ են պահում նախընտրական փուլում, այնուհետեւ խոսեց կրթական ոլորտից:

Պրն Մկրտչյանի ձեւակերպմամբ, «վերջին երեք տարիների ընթացքում կրթական համակարգը լուրջ փուլ է անցնում»: Նա տեղեկացրեց, որ մի վարկային ծրագրի շնորհիվ շուտով կնորացվեն դպրոցական դասագրքերն ու գույքը, կձեւավորվի դպրոցական կառավարական համակարգը: ԿԳ նախարարը կարեւորեց հատկապես դպրոցների կոմպյուտերացումը: Երկրորդ վարկային ծրագրով իրականացվելու է 12-ամյա կրթական համակարգի ներդրումը: Լ. Մկրտչյանը նաեւ հայտնեց, որ արդեն հաստատված է ավագ դպրոցի հայեցակարգը, որը առաջիկայում կներկայացվի կառավարությանը. «Հայեցակարգը լուծում է երեխայի մասնագիտական պրոբլեմը. դպրոցական հիմնական կրթությունը լինելու է 9-ամյա, որից հետո աշակերտը կընտրի ինչպես վարվել: Եթե նա չի ընդունվելու բուհ, ուսումը կշարունակի արհեստագործական դասարանում, իսկ եթե դիմելու է բուհ, ապա պետք է ընտրի բնագիտական կամ հումանիտար մասնագիտացումը, որտեղ կսովորի 3 տարի»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Մատենադարանի արժեքների թվայնացման կապակցությամբ գիտնականների անհամաձայնությանը, եւ այն փաստին, որ ԳԱԱ նախագահությունը որոշել է դիմել ՀՀ նախագահին՝ գործընթացը սառեցնելու ակնկալիքով, ԿԳ նախարարը պատասխանեց. «Եթե որեւէ եվրոպացի կարողանա ծանոթանալ մեր ձեռագրերի պատճեններին, ապա դրա մեջ ոչ մի բացասական բան չկա: Մեր ունեցածը եգիպտական բուրգեր չեն, որ ասենք՝ թող աշխարհը գա-տեսնի: Իմ խորին համոզմամբ, կաստայացած մտավորական մի շերտի, որը Մատենադարանից օգտվելով տպագրում ու պահում է ամեն ինչ՝ որպես իր սեփականություն, իրավունքն է վերցվում թվայնացման պայմանագրով: Այդպիսով, ցանկացած մարդ կարողանալու է ծանոթանալ մեր ձեռագրերին: Մատենադարանի արժեքների թվայնացման դեպքում հեղինակային իրավունքը պահպանվելու է: Թվայնացված բազան ապահովում է մշակութային արժեքների անվտանգությունը: Այն 80-90 մլն դոլարը, որն առաջարկվում է մեզ, ինքներս չունենք, որպեսզի մենք իրականացնենք այդ գործընթացը»:

Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մասին՝ գիտության երկու դոկտորների ներկայացրած կոնկրետ փաստերի ու այդ առիթով անցկացվելիք ստուգումների կապակցությամբ էլ նախարարն ասաց. «Ստուգումներ անպայման անցկացվելու են մայիսի երկրորդ կեսին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Փորձը ցույց է տալիս, որ բուհերում հիմնականում անձնավորված խնդիրներ են լինում: Մանկավարժականի խնդրին ծանոթ եմ՝ բուհն էլ իր փաստերն ունի»: «Առավոտի» հաջորդ հարցին՝ արդյո՞ք ռեկտոր Արտուշ Ղուկասյանի ու ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի քավոր-սանիկային հարաբերությունները չեն անդրադառնա ստուգումների արդյունքների վրա, պրն Մկրտչյանը պատասխանեց ժպիտով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել