Շրջանավարտներին դրանք կտրվեն «կուսական» տեսքով
Այս տարի միջնակարգ դպրոցների ավելի քան 50000 շրջանավարտ պետական ավարտական եւ բուհերի ընդունելության քննություններ կհանձնի նոր՝ միասնական համակարգով: Ընդ որում՝ 15000-ը կհանձնի միասնական քննություն, 37000-ը՝ ավարտական:
ՀՀ ԿԳ նախարարության Գնահատման եւ Թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանը տեղեկացրեց, որ հայտագրման գործընթացը հիմնականում ավարտված է՝ բացառությամբ առանձին դեպքերի: Օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմորդների հայտագրումը կշարունակվի մինչեւ մայիս: Բուհերի ցանկը, որոնց դիմորդները պետք է քննություն հանձնեն միասնական համակարգով, կառավարությունը հաստատել էր 2006թ. նոյեմբերին: Իսկ Ռազմական ինստիտուտը միայն վերջերս է հայտնվել այդ ցանկում՝ պաշտպանության նախարարի կողմից ԿԳ նախարարին ուղղած նամակից հետո: Ոստիկանական ակադեմիան դեռ ցանկություն չի հայտնել, որպեսզի իր դիմորդները եւս հայոց լեզվից քննություն հանձնեն միասնական համակարգով:
ԳԹԿ տնօրենը տեղեկացրեց, որ այժմ հայտերի ճշգրտման փուլն է, որը կտեւի մինչեւ ապրիլի վերջ: Տպագրվել են դիմում-հայտերի ճշգրտման եւ վերահաստատման ցուցակները, առաքվել է դպրոցներ: «Եթե երեխան իր անուն-ազգանվան մեջ որեւէ տառասխալ կամ անձնագրային տվյալների անհամապատասխանություն նկատի, ցուցակի վրա կարմիր գրիչով ուղղում է կատարում եւ ստորագրում: Դպրոցի տնօրենն էլ կնքում է բոլոր էջերը, իսկ մեր օպերատորները դրանք խնամքով ներմուծում են բազա: Բոլոր տվյալները պետք է ճշգրիտ լինեն, որովհետեւ դրանց հիման վրա է քննություն հանձնողին տրվելու այն պլաստիկ քարտը, որով նա մուտք կունենա քննասենյակ: Ի դեպ, յուրաքանչյուր քննասենյակում, իսկ դրանք ողջ հանրապետությունում 55-ն են, շուրջ 60 շրջանավարտ է լինելու»,- հայտնեց պրն Բարսեղյանը:
Նա անդրադարձավ նաեւ քննական թեստերին՝ ասելով, որ դրանք դեռ տպագրության ընթացքում են ու գաղտնիության սկզբունքն էլ ապահովված է: ԳԹԿ տնօրենը հավաստիացրեց, որ քննության օրը փակ պոլիէթիլենային ծրարներով փաթեթներ կհանձնվեն շրջանավարտներին, դրանք կբացվեն իրենց ներկայությամբ, եւ ամեն ինչ կարձանագրվի: Ովքեր ֆիզիկապես ի վիճակի չեն լինի մասնակցել քննությանը, այն կհանձեն 1 ամիս հետո՝ դարձյալ կենտրոնացված: Քննությունների արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթից: «Շատ երկրներում, նաեւ հարեւան Վրաստանում, որտեղ արդեն 2-րդ տարին է գործում քննությունների հանձնման միասնական համակարգը, արդյունքների հրապարակման ժամկետը մեկ ամիս է տեւում»,- նկատեց պրն Բարսեղյանը: Նա նորից հիշեցրեց, որ կոդավորվելու են ոչ միայն դիմում-հայտերը, այլեւ շրջանավարտների աշխատանքները: Ե՛վ քննությունների ընթացքին հետեւողները, ե՛ւ դրանք ԳԹԿ համակարգիչներ մուտք անող օպերատորները տեղյակ չեն լինելու, թե ում աշխատանքի հետ գործ ունեն. «Քննությունից հետո բոլոր աշխատանքները, ձեւաթղթերը կտեղափոխվեն Գնահատման եւ թեստավորման կենտրոն, սկաներային տարբերակով մուտք կարվեն համակարգիչ: Ծածկագրված վիճակում ստուգվելուց հետո միայն կաշխատեցվի կոդերի վերծանման ծրագիրը եւ դրանք կվերածվեն անուն-ազգանուններով ցուցակների ու կառաքվեն դպրոցներ»: