Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց ապրիլի 20-ի դատական դռնբաց նիստի վճիռը
Նախկին դատապարտյալ Հայկ Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության տարածքում գտնվող «Երեւան-կենտրոն» մեկուսարանում կորցրել է տեսողությունը: Ազատազրկման վայրից դուրս գալով նա վնասի՝ 100.000.000 դրամի հատուցման պահանջով դիմել էր դատարան՝ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության դեմ: Ապացույցների մեջ դրվել էր Հայկ Վարդանյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության 1169/հ եզրակացությունը: Ըստ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժի, դատապարտյալը տառապել է զույգ աչքերի կոնյուկտիվով, իսկ ձախ աչքին սպառնացել է գործնական կուրություն: Փորձագետը նշել էր, որ կալանքի ժամանակ եւ դրանից հետո Վարդանյանին աջակցություն չի ցուցաբերվել: Ինչպես ժամանակին ահազանգել էր նաեւ «Առավոտը», Վարդանյանի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել քրեակատարողական հիմնարկների նախկին պետի՝ Սամվել Հովհաննիսյանի պաշտոնական գրությունը, որով նա հաստատել էր, որ իրենք չունեն հնարավորություն եւ Վարդանյանի բուժումը պետք է կազմակերպվի աչքի հատուկ մասնագիտացված կլինիկայում:
Ազատազրկման վայրից Հայկ Վարդանյանը բազմաթիվ խնդրագրեր է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, սակայն փաստն այն է, որ դատապարտյալի նամակներին չեն պատասխանել եւ նա կանգնած է արդեն երկրորդ աչքի տեսողությունը կորցնելու, անհապաղ վիրահատության իրողության առաջ:
Երեկ դատավոր Դանիել Խաչատրյանի նախագահությամբ մերժվեց Վարդանյանի վերաքննիչ բողոքը: Քրեակատարողական հիմնարկների վարչության ներկայացուցիչները, որոնք դատարան էին ներկայացել պատասխանողի կարգավիճակով, առարկել էին հայցի դեմ: Նրանք հայտնել էին, որ «Երեւան-Կենտրոն» մեկուսարանից հետո Վարդանյանը գտնվել է նաեւ «Վարդաշենում», որտեղ մշտապես եղել է հիմնարկի բուժբաժնի ծառայողների խնամքի եւ հսկողության ներքո:
ՔԿՀ աշխատակիցները հայտնեցին, որ 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանին տրվել է 24 կարճատեւ տեսակցություն հարազատների հետ, սակայն թե դա ինչ կապ ուներ տեսողությունը կորցնելու հետ՝ չասացին: Համենայնդեպս, տեսակցությունից Վարդանյանի տեսողությունը չի կարգավորվել:
Դատարանը իր կայացրած վճռի եզրափակիչ մասում հանգեց նրան, որ պատասխանող նախարարության եւ քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից Վարդանյանին վնաս չի պատճառվել, ուստի վնասի հատուցման պատասխանատվությունը քրեակատարողական հիմնարկը չի կարող կրել: